Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան հայտ է ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը 

Դեկտեմբեր 12,2014 15:26 Share

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը շնորհավորել է պարոն դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` ընդգծելով, որ  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը միաժամանակ և’ դժվար է, և’ հեշտ: “Հեշտ է, քանի որ աշխատելու եք Ֆրանսիայի հանդեպ շատ բարեկամաբար և ջերմ սիրով տոգորված երկրում, բայց միաժամանակ դժվար, քանի որ մտերիմների և հարազատների նկատմամբ սովորաբար ավելի պահանջկոտ են լինում”,-նշել է Ա. Աշոտյանը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը, որ հայ-ֆրանսական հարաբերությունների մակարդակը պահպանվի բարձր նշաձողի վրա`  միաժամանակ խորացնելով կառուցողական և արդյունավետ համագործակցությունը:  Դեսպանը նախարարին է փոխանցել Ֆրանսիայի կրթության նախարարի նամակը, որով Ֆրանսիան հայտ է ներկայացրել` հաջորդ տարի Հայաստանից ստանձնելու Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը: Դեսպանը հավաստիացրել է, որ Ֆրանսիայի ընտրության պարագայում իր երկիրը կշարունակի որդեգրած քաղաքականությունը` բուհական և գիտահետազոտական եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ստեղծման և պահպանման տեսանկյունից: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` նշելով, որ շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում բուհը կարողացել է իր արժանի տեղը գրավել ՀՀ կրթական շուկայում:

Նախարարը, ողջունելով  ֆրանսիական կողմի նախաձեռնությունը` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, նշել է, որ Հայաստանը` որպես ներկայումս  նախագահող երկիր, ամեն ինչ կանի, որպեսզի այդ ընտրություններն անցնեն հավուր պատշաճի: Անդրադառնալով ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդրին` Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ֆրանսերենի ուսուցանումը դպրոցներում ընդլայնվի: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև գիտական համագործակցության խնդիրներին, մասնավորապես, երկու երկրների գիտնականների մասնակցությամբ համատեղ ատենախոսությունների պաշտպանության հաջողված փորձին:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031