Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վարկանիշային համակարգի նպատակներից մեկն էլ այն է, որ դուք բոլորդ դժգոհ լինեք». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 25,2014 15:35

Երևանի պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2014 թ. առաջատար բուհերն են՝ ըստ ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի արդյունքների:

Արդյունքներն այսօր ամփոփեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ բուհերի ռեկտորների, պրոռեկտորների և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչների ներկայությամբ:

«Այս վարկանիշային համակարգից պետք է բոլորը դժգոհ լինեն,- կատակեց Ա. Աշոտյանը,- դրա նպատակներից մեկն էլ այն է, որ դուք բոլորդ դժգոհ լինեք: Գուցե, առաջին հերթին, դժգոհեք համակարգից, բայց մի փոքր խորը փորփրելու դեպքում՝ սեփական բուհերից: Եկեք այդտեղից սկսենք: Բայց ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը որևէ մեկին բարձրացնելու կամ իջեցնելու գործիք չէ: Սա գործիք է, որը լրացուցիչ ուշադրություն է սևեռում մեր գործունեությանը»:

Հիշեցնենք, որ 2013 թ. Հայաստանում առաջին անգամ փորձարկվեց ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը, որի արդյունքում առաջարկված վարկանիշավորման մեթոդաբանությունը ճշգրտվել և լրամշակվել է. «Այս տարի բազմաթիվ միջազգային և տեղական փորձագետներ են աշխատել, որ այս համակարգը լինի առավելագույնս օբյեկտիվ և արտահայտի ուսանողակենտրոն որակյալ կրթական ծառայությունների մատուցման քաղաքականությունը մեր բուհերի կողմից: Վերոնշյալ համակարգն այսուհետև թույլ կտա հասարակությանն ամեն տարի ներկայացնել ՀՀ բուհերի գործունեության օբյեկտիվ պատկերը: Համակարգի շնորհիվ՝ բուհերը ևս կարող են ուսումնասիրել իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ հասկանալու՝ որտեղ են պետք հավելյալ ջանքեր և ճշգրտելու՝ ինչպիսի մրցակցային առավելություններ ու թերություններ ունեն»,- ասաց Ա. Աշոտյանը՝ նկատելով, որ որոշ բուհեր չեն զբաղեցրել համապատասխան բարձր տեղեր, քանի որ ոչ լիարժեք են ներկայացրել իրենց տվյալները:

«Կա նաև մեկ այլ ծայրահեղություն. որոշ բուհեր ուռճացված են ներկայացրել իրենց տվյալները: Եվ դրանց արժանահավատության հետ կապված խնդիրներ են ծագել: Օբյեկտիվ պատկեր ստանալու համար դրանք լրամշակվել են,- ասաց Ա. Աշոտյանը:

Հաշվի առնելով բուհական տարաբնույթ առանձնահատկություններ՝ վարկանիշային ցուցակը բաժանվել է 6 խմբի՝ ըստ կրթական աստիճանների և մասնագիտությունների, որոնց հիման վրա աշխատում են բուհերը:

Ի՞նչ է անելու ԿԳՆ-ն այս ցուցանիշները:

«Նախարարությունը նախատեսում է վարկանիշավորման համակարգի արդյունքների հիման վրա վերանայել պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում,- ասաց պարոն Աշոտյանը,- դա առաջին հերթին կվերաբերի պետպատվերի ձևավորման սկզբունքներին, որի հիմքում ընկած կլինի նաև վերոնշյալ համակարգում բուհի զբաղեցրած տեղը: Իհարկե, սա չի լինի միակ գործոնը: Մեզ համար առաջնահերթ կլինի բուհի հավատարմագրված լինելու փաստը, իսկ այս երկու գործընթացները որոշ տվյալներով համադրվում են, որոշ տվյալներով՝ փոխլրացվում: Երկրորդ՝ այն բուհերում, որտեղ կան ակնհայտ խնդիրներ նրանց գործունեության հետ կապված, պետք է իրականացնենք թե´ աջակցության, թե´ լրացուցիչ վերահսկողության ծրագրեր, որպեսզի բուհերը պարտավորվածություն կրեն իրենց գործունեության համար: Եվ երրորդ՝ հաջորդ տարի նախարարությունը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    ԵՊՀ-ն, իրոք, առաջատար է հայաստանյան բուհերի շարքում, քանզի դժվար է պատկերացնել մեկ այլ բուհ, որտեղ մի քանի տարվա ընթացքում թալանված լինի հնատիպ գրականությունը և յուրացված լինի մի քանի տասնյակ միլիոնի հասնող ուսանողական վարձավճարները…և բուհը հայտնված լինի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում…
    Մեկ ,,առավելություն,, ևս`այսքանից հետո ոչ մի բուհի ռեկտոր նախագահի կողմից չէր պարգևատրվի ,,վաստակավորի,, մեդալով, եթե չասենք` կվտարվեր, բայց Արամ Սիմոնյանը պարգևատրվեց….
    ,,Բարձր,, վարկանիշի գաղտնիքը վաղուց բոլորին հայտնի է` նա Լիսկայի երաշխավորած կադրն է…..:)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031