Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք լրատվամիջոցը կամ լրագրողը պե՞տք է պատասխանատվություն կրի հարցազրույց տված անձի հայտնած տեղեկությունների համար

Հունվար 12,2015 14:11

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճիռը «Առավոտը» ստացել է տոներին՝ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի կնիքով:

33 էջանոց վճիռը վերաբերում է «Առավոտի», լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» լրատվական գործակալության, լրագրող Սոնա Մաշուրյանի դեմ ԱՄՆ քաղաքացի, ընտրական գործընթացների ժամանակ դիտորդ Նարինե Իսմաիլի Նատալիի (լուսանկարում) պահանջին: Նա պահանջել էր հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտից» ու լրագրողից համապարտության կարգով 400 000 ՀՀ դրամ բռնագանձել որպես բարոյական վնասի փոխհատուցման գումար, նույն պահանջը վերաբերում էր նաեւ «Փաստինֆոյին», գումարած նաեւ դատական ծախսերի բռնագանձման ծախսերը:

Դատավոր Արայիկ Մելքումյանը մերժել է ԱՄՆ քաղաքացու ներկայացուցիչներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Լուսինե Հակոբյանի եւ Տիգրան Եգորյանի հայցապահանջը:

«Առավոտի», ինչպես նաեւ «Փաստինֆո» լրատվական գործակալության շահերի ներկայացուցիչը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Դանիելյանն էր:

Հիշեցնենք, որ վիճարկվող հոդվածով՝ «ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ», 2013թ. մարտի 29, լրագրող Ռուզան Մինասյանը հարցազրույց էր վերցրել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանից:

Ըստ հայցվորի, հենց այդ հարցազրույցով խախտվել է իրենց վստահորդ Նարինե Իսմաիլի Նատալիի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, տպագրվել են անհատական տվյալներ:

Ի դեպ, «Փաստինֆոն» ներքաշվել է այս պատմության մեջ միայն նրա համար, որ Ռուզան Մինասյանը հարցազրույց է տվել լրատվական գործակալությանը՝ «Ես պատասխան չպիտի տամ զրուցակցի ասածների համար»՝19.04.2013թ.:

«Առավոտի» ներկայացուցիչը դատարանի ուշադրությունն էր հրավիրել մի շարք հարցերի վրա. արդյոք, «Առավոտը», մասնավորապես լրագրողը, հանդիսանո՞ւմ են հայցվորի իրավունքը խախտող անձինք, վիճարկվող հոդվածի հրապարակումը հանդիսանո՞ւմ է տեղեկություններ տարածելու լրատվամիջոցի իրավունքի պատշաճ իրականացում, արդյոք լրատվամիջոցը կամ լրագրողը պետք է պատասխանատվություն կրի հարցազրույց տված անձի հայտնած տեղեկությունների համար:

«Տվյալ պարագայում, հայցվորի ենթադրյալ իրավունքը խախտող սուբյեկտն առավելագույնը կարող է հանդիսանալ տեղեկատվության սկզբնաղբյուրը»,-հայտնել էր լրատվամիջոցների ներկայացուցիչ փաստաբանը:

 

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031