Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ են ուղարկվել անձնական բնույթի տեսագրություններ

Մարտ 29,2013 14:35

Թիվ 17/05 ընտրատեղամասում լցոնումների, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը լայն զարգացում է ստացել։ Խնդրահարույց գործի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը։

– Քրեական գործով որպես վկա անցնող Նարինե Իսմայիլին հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, եւ սահմանափակվել են իր իրավունքները։ Մասնավորապես թույլ չի տրվել ձայնագրել իր հարցաքննությունը։ Դա օրենքով արգելվա՞ծ է։

– Նարինե Իսմայիլի հայտարարությունը, թե իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նրա հարցաքննությունները կատարվել են օրենքով սահմանված կարգով, իսկ խնդիրներն առաջացել են միմիայն Նարինե Իսմայիլին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով նրա հետ հարցաքննության ներկայացած փաստաբան Տիգրան Եգորյանի կողմից օրենքով չնախատեսված գործողություն՝ ձայնագրառում կատարելու հետեւանքով։

2013թ. փետրվարի 18-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 17/5 ընտրական տեղամասում մի խումբ անձանց կողմից «Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ-ի լրագրող Արտակ Համբարձումյանի եւ դիտորդ Նարինե Իսմայիլի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Նարինե Իսմայիլը 2013թ. փետրվարի 26-ին եւ 27-ին կանչվել եւ հարցաքննվել է որպես վկա։ Երկու դեպքում էլ վկան հարցաքննության է ներկայացել փաստաբան Տիգրան Եգորյանի հետ, ով ներկա է գտնվել հարցաքննությունների ողջ ընթացքին։ Նարինե Իսմայիլի խնդրանքով նրա ցուցմունքներն արձանագրել է քննիչը համակարգչի միջոցով, եւ հարցաքննության արձանագրությունները կազմվել են բառացի Նարինե Իսմայիլի խոսքերից, որպիսի փաստն իրենց ստորագրություններով հաստատել են ինչպես վկան, այնպես էլ փաստաբանը։ Ընդ որում՝ վերջիններս քննիչի կողմից վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չեն արել։ Նախաքննության այս փուլում կաշկանդված ենք եւ չենք կարող հրապարակել ցուցմունքներն ամբողջությամբ, քանի որ դրանցում մատնանշված են կոնկրետ հանգամանքներ, որոնց հրապարակումը կարող է վնասել քննության օբյեկտիվությանն ու լրիվությանը, հնարավորություն կտա օրինակ հանձնաժողովի անդամներին տեղեկանալու վկայի ցուցմունքների բովանդակությանը, բայց կարող եմ հրապարակել ցուցմունքների եզրափակիչ մասը, որտեղ վկան եւ նրա փաստաբանը ձեռագիր արձանագրել են, որ ցուցմունքը գրվել է վկայի պատմածով, ինչի համար ստորագրում են։

Վկա Նարինե Իսմայիլի եւ քրեական գործով հարցաքննված մյուս վկա՝ թիվ 17/5 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանի ցուցմունքներում եղած էական հակասությունների կապակցությամբ առերեսում կատարելու նպատակով գործը քննող քննիչը 2013թ. մարտի 1-ին վերջիններիս հրավիրել է Հատուկ քննչական ծառայություն։

Նարինե Իսմայիլն առերեսմանը ներկայացել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Վերջինս փորձել է ձայնագրառել առերեսման ընթացքը, ինչի դեմ առարկել է մյուս առերեսվողը, որի մասին համապատասխան նշում է կատարել նաեւ առերեսման արձանագրությունում։ Քննիչը նույնպես առարկել է քննչական գործողության ընթացքը փաստաբանի կողմից ձայնագրառելու դեմ եւ պահանջել է այն դադարեցնել՝ իրավացիորեն պատճառաբանելով, որ ձայնագրառումը կարող է խախտել առերեսվող մյուս անձի իրավունքներն ու օրինական շահերը, եւ որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը փաստաբանին նման իրավունք չի վերապահում։ Փաստաբանին պարզաբանվել է նաեւ, որ ձայնագրառման դեպքում կարող է խախտվել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի պահանջը։

Փաստաբան Տիգրան Եգորյանը չի կատարել քննիչի օրինական պահանջը ու չի անջատել ձայնագրիչը եւ անհիմն պատճառաբանություններ է բերել, թե իր վստահորդի՝ Նարինե Իսմայիլի նախորդ հարցաքննությունների ընթացքում (որոնց, ինչպես նշվեց, նույն փաստաբանը ներկա է գտնվել) քննիչը ճնշում է գործադրել վկայի նկատմամբ՝ փորձելով թույլ չտալ նրան ցուցմունքում ներկայացնելու ընտրատեղամասում տեղի ունեցածի ճիշտ պատկերը, եւ իբրեւ ձայնագրառումն անհրաժեշտ է ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար։

Իրականությանը չի համապատասխանում նաեւ Նարինե Իսմայիլի պնդումը, թե հարցաքննության ձայնագրառումն արգելելու հետեւանքով սահմանափակվել են իր իրավունքները։

Այժմ հիմնավորեմ ասածս.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով, ընդ որում՝ այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության եւ դատախազության մարմինների, ինչպես նաեւ դատավարության մասնակիցների համար:

ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով հռչակված՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն իր ամրագրումն է ստացել նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որի 10-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն։ Ընդ որում, նույն հոդվածը իմպերատիվ շեշտում է, որ այդ օգնությունը կարող են ստանալ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Քրեական գործերով վարույթի ընթացքում վկայի հարցաքննության կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածով, որի 6-րդ մասը սահմանում է նաեւ վկայի իրավաբանական օգնություն ստանալու կարգը: Մասնավորապես, քրեադատավարական օրենքը սահմանում է, որ եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, որը հրավիրվում է վկայի կողմից՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, ապա փաստաբանն իրավունք ունի գտնվելու հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալու վկային կամ մեկնաբանելու նրա պատասխանները: Վկայի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքները խախտող՝ հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:

Այսինքն՝ քրեադատավարական օրենքը թեեւ ուղղակիորեն չի արգելում փաստաբանին ձայնագրառել իր վստահորդ վկայի հարցաքննությունը, սակայն այն հստակ սահմանում է փաստաբանի կողմից վկային իրավաբանական օգնություն ցույց տալու կարգն ու սահմանները, որը փաստաբանին հարցաքննության ընթացքը ձայնագրառելու իրավունք չի վերապահում:

Ինչպես տեսնում եք, Նարինե Իսմայիլի՝ օրենքով նախատեսված որեւէ իրավունք չի սահմանափակվել։

– Իսմայիլին հայտարարել է, որ իր ձայնագրիչը ՀՔԾ-ում գողացել են:

– Դա անհեթեթություն է։ Ինչպես արդեն նշվեց, փաստաբանը չի ենթարկվել ձայնագրիչն անջատելու՝ քննիչի օրինական պահանջին, որի պատճառով այն պարզապես վերցվել եւ տեղադրվել է նույն աշխատասենյակի գրապահարանի մեջ, իսկ այնուհետեւ վերադարձվել։

– Ն. Իսմայիլին նշել է, որ հարցաքննությունից հետո իրեն հետապնդել են ինչ-որ տղաներ: Ինչո՞ւ։

– Նման բան չի եղել, չէր կարող լինել, եւ ընդհանրապես՝ ի՞նչ իմաստ ուներ նրան հետապնդել։ Դա կամ Նարինե Իսմայիլի երեւակայության արդյունքն է, կամ այդ կերպ նա ցանկանում է ինչ-որ խորհրդավորության շղարշ ստեղծել իր անձի շուրջ, կամ էլ պարզապես փորձում է վարկաբեկել քրեական վարույթն իրականացնող մարմնին։

– Վկային հարցաքննության հրավիրելու կարգը սահմանված է օրենսդրությամբ, բայց դիտորդի հայտարարության համաձայն՝ քննիչը նրան հեռախոսազանգով է հրավիրել ներկայանալ եւ ոչ թե հարցաքննության, այլ ինչ-որ անձնական նկարներ փոխանցելու համար։ Նախ, ինչո՞ւ պատշաճ չի ծանուցվել վկան քննչական մարմնին ներկայանալու համար, եւ հետո՝ ի՞նչ լուսանկարների մասին է խոսքը։

– Նախ, պատասխանեմ երկրորդ ենթահարցին, թեեւ անկեղծ ասած՝ չէի ցանկանա ընդհանրապես այդ սկավառակներին անդրադառնալ, քանի որ դրանք շոշափում են անձնական բնույթի հարցեր։

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են որպես 17/05 ընտրատեղամասում տեղի ունեցած ընտրախախտումների հիմնավորում «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից մի շարք դիտորդների (այդ թվում՝ Նարինե Իսմայիլի) բողոքին կից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված լազերային սկավառակներ։

Նշված լազերային սկավառակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում շուրջ 5 ժամ 30 րոպե տեւողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայիլի բնակարանի լոգարանի մի հատվածը:

Նկատի ունենալով, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված լազերային սկավառակներում առկա են եղել Նարինե Իսմայիլի անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր, վերջինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ տեսագրության այդ հատվածները նրա իսկ համաձայնությամբ եւ ներկայությամբ ջնջելու նպատակով, այդ իսկ պատճառով էլ նրան ծանուցագիր չի ուղարկվել: Չգիտեմ, ինչու էին այդ տեսագրությունները եւս ուղարկել ԿԸՀ, բայց ցանկանում էինք ուղղակի իր համաձայնությամբ արձանագրել, որ կոնկրետ քանակի տեսասկավառակները ընտրախախտումների վերաբերյալ որեւէ տեսանյութ չեն պարունակում, այդ իսկ պատճառով չեն կցվում քրեական գործին եւ վերադարձվում են Նարինե Իսմայիլիին։

– Իսմայիլին հայտարարել է, որ իր բնակարանը գտնվում է Նալբանդյան փողոցում, եւ որի պատուհանները նայում են ոստիկանության վարչական շենքին՝ հատուկ շեշտելով, որ արված լուսանկարները ոստիկանության աշխատակիցների ձեռքի գործն է։ Ձեր մեկնաբանությունը, խնդրում եմ։

– Նարինե Իսմայիլի այդ հայտարարությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:

Լազերային սկավառակներում առկա տեսագրություններում հստակ երեւում է, որ դրանք կատարվել է, ոչ թե պատուհանից, այլ անմիջապես բնակարանի ներսից: Այն հանգամանքը, որ տեսագրություններում երկարատեւ ժամանակ պատկերված է շինության ներսի մի հատված եւ էլեկտրական հոսանքին միացված էլեկտրալար, թույլ է տալիս ենթադրելու, որ Նարինե Իսմայիլը կամ լիցքավորման է դրել իր իսկ տեսախցիկը, կամ էլ փորձարկել է այն, սակայն մոռացել է անջատել տեսախցիկը, որի արդյունքում այն շարունակել է նկարահանել:

Բացի այդ, տեսանկարահանումը սկսվել է 2013 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 00:22-ին, եւ շարունակվել ամբողջ օրվա ընթացքում: Անմիջապես Նարինե Իսմայիլի անձնական կյանքին վերաբերող տեսանյութերին հաջորդում են նրա եւ Արտակ Համբարձումյանի կողմից 17/05 ընտրատեղամասում կատարված տեսագրությունները, որպիսի փաստը հիմնավորվում է նաեւ դրվագների տեսագրման հերթական համարներով: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ տեսագրությունները կատարվել են նույն տեսագրող սարքով, հետեւաբար ինչպես ոստիկանության, այնպես էլ այլ որեւէ ուժային կառույցի աշխատակիցները չէին կարող կատարել լազերային սկավառակներում պատկերված տեսագրությունները: Անհրաժեշտության դեպքում կարող ենք նշանակել նաեւ փորձաքննություն։

Իհարկե, վկաների նման վարքագիծը ավելորդ խոչընդոտներ է հարուցում քննության համար, քանի որ ակնկալում էինք, որ լինելով շահագրգիռ վկաներ՝ կօգնեն նախաքննական մարմնին պարզելու բոլոր մանրամասները, բայց մարտավարության ընտրությունն իրենցն է։ Նախաքննական մարմնի խնդիրն է ապահովել քրեական գործով քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը, եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները։ Առգրավվել է նշված ընտրատեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը, որը կենթարկվի զննության։

Հարցազրույցը վարեց

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031