Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուրժողականության ու կոմֆորմիզմի սահմանները. Ընդունել իշխանական անօրինականությունները, բայց չհանդուրժել մեզնից տարբեր մարդկանց

Հունվար 19,2015 13:20

Հաճախ են հնչում կարծիքներ, թե հայերս երկար հանդուրժում ենք անօրինականություններ իշխանության կողմից, անարդարություն, անպատժելիություն, սակայն անհանդուրժող ենք սովորական, մեր կողքին ապրող մարդկանց նկատմամբ, որոնք մտածելակերպով, ապրելակերպով տարբեր են, այլ կրոնի կամ մշակույթի կրողներ են:

Մակերեսային, նախնական պատճառը գուցե այն զայրույթն է, որը կուտակվում է անարդարությունը տարիներով հանդուրժելուց, և այն, ի վերջո, պարպվում է առավել թույլ խմբերի վրա, սակայն մասնագետները վստահ են, որ հայ հասարակության մեջ առկա խտրական վերաբերմունքը տարբեր էթնո-մշակույթներ կրող խմբերի և այլ փոքրամասնությունների հանդեպ ունի առավել խորը մշակութային, սոցիալական և պատմական հիմքեր:

Hranush-Kharatyan

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ասում է, որ ընդհանրապես հայ հասարակության մեջ առկա է օտարելու մշակույթը, միմյանց հանդեպ գյուղ- քաղաք խտրականություն դնելը, հայաստանցի-ղարաբաղցի, հայաստանցի-սփյուռքահայ տարբերություն դնելը, սոցիալական շերտերի միջև լարվածություն ստեղծելը:

«Օրինակ՝ պարսիկների նկատմամբ մեր օտարումը և անհանդուրժողականությունը կապված է ավելի շատ հայ-պարսկական պատմական անցյալի հիշողության հետ, որը մարդկանց մեջ որոշ տագնապներ է առաջացնում: Այս ամենը ես որակում եմ չգիտակցված, չհավասարակշռված և չմատուցված երևույթների բացասական ընկալումների գերարտահայտվածություն»,-ասում է Խառատյանը:

Adibekyan

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այսօր բնակչության մեծ մասը տառապում է օտարի հանդեպ ատելությամբ և երևույթը ինքնին սոցիալ-մշակութային է:

«Այն ամենը, ինչ կապված է օտարազգիների հետ, հայ հասարակության մեջ չափազանցված է: Օրինակ՝ հանրային կարծիքում շրջանառության մեջ է դրվում պարսիկների մեծ զանգվածային ներգաղթը Հայաստան, որ բնակարանների կեսը պարսիկներն են գնում, կամ հայ աղջիկները պարսիկներից երեխաներ են ունենում: Ու այս ասեկոսեներից, բամբասանքներից ամեն ինչ չափազանցվում է, սրվում, խտրականությունը մեծանում»,-ասում է սոցիոլոգը:

Ըստ մասնագետների՝ խնդիրը նաև նրանում է, որ Հայաստանում տարեցտարի ավելացող արտագաղթի տեմպերին զուգահեռ հասարակության մոտ մտավախություն է առաջանում դեմոգրաֆիական, էթնիկական պատկերի փոփոխման շուրջ և դա արտահայտվում է օտարազգիների նկատմամբ անհանդուրժողականությամբ:

«Այն հայերը, ովքեր արտասահմանում պտտվել են, ման են եկել, նրանք ավելի հանդուրժող են, քանի որ հասկանում են, որ իրենք դրսում գտնվում են այն կարգավիճակում, ինչ պարսիկները, քրդերը, կամ վրացիները Հայաստանում»,-ասում է Ադիբեկյանը:

Սակայն եթե անհանդուրժողական և խտրական վերաբերմունքը օտարազգիների նկատմամբ ունի որոշակիորեն չգիտակցված պատմական հենք, ապա հենց ազգակիցների նկատմամբ հաճախ գործում են զուտ սոցիալական բնազդներն ու արմատացած կարծրատիպերը:

Ինտեգրման խնդիրները մինչ օրս, 27 տարի անց էլ չեն հաղթահարել Հայաստանում ապաստանած ավելի քան 300 հազար ադրբեջանահայ փախստականները, գրեթե նույն խնդիրներին են բախվում Սիրիայի ներքաղաքական պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթած շուրջ 17 հազար սիրիահայերը:

«Մինչև հիմա օտարում և թշնամական վերաբերմունք կա ադրբեջանահայ փաստականների նկատմամբ: Եվ սիրիահայ, և ադրբեջանահայ փախստականությունը ռազմական ճգնաժամի հետևանք են, և արդեն իսկ հոգեբանորեն տարբերվում են հայրենադարձության երևույթից: Ու նրանք երկուսն էլ մինչ օրս չունեն սոցիալ–մշակութային, տնտեսական ներգրավվածություն հասարակության մեջ»,-ընդգծում է Խառատյանը:

Լիարժեք չինտեգրվելով հայ հասարակության մեջ՝ ներգաղթած սիրիահայերից շուրջ 4000-ն արդեն լքել են Հայաստանը՝ պատմական հայրենիքից տեղափոխվելով Եվրոպա:

Karine-Nalchadyan-4-2

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանն ասում է, որ մենք խնդիրներ ունեցող հասարակություն ենք և մեծամասնությունը փախստականներին ընկալում է՝ որպես «հավելյալ բեռ»:

«Մտածում են, որ մենք հազիվ ենք այստեղ ապրում, հիմա էլ այս մարդիկ եկան ու լցվեցին: Ժողովուրդն այնպես է նրանց ընկալում, թե մենք ուրիշ ենք, դուք՝ ուրիշ, և այդ խտրական վերաբերմունքը, օտարման ջրբաժանը փախստականները զգում են հասարակությունից»,-ասում է Նալչաջյանը:

Հրանուշ Խառատյանն էլ հավելում է, որ հայ հասարակության մեջ տագնապ կա կապված սոցիալական ռեսուրսներից օգտվելու մրցակցության հետ:

«Եվ մարդիկ մտածում են, եթե աշխատեղ կա ինչո՞ւ պետք է տեղացունը չլինի, եթե բիզնես հնարավորություններ կան, ինչու՞ պետք է տեղացունը չլինի»,-ընդգծում է Խառատյանը:

Ադիբեկյանը սակայն այս անհանդուրժողականությունը հիմնականում կապում է, ոչ այնքան սոցիալական խնդիրների հետ, որքան նեղ մտածելակերպի, մշտապես մոնոէթնիկ համայնքում ապրելու և աշխարհը չտեսնելու, քիչ տեղեկացված լինելու հետ:

«Հայաստանն այսօր բավականին բարենպաստ տարածք է պարսիկների, քրդերի, վրացիների համար բիզնես դնելու համար: Նույն պարսիկները գալիս են այստեղ, աշխատում են, մեզ օգնում են, և այդ ապրանքաշրջանառությունը ևս մի պատուհան է մեզ համար, բայց միևնույն է, մարդիկ մտածում են, թե ինչո՞ւ այստեղ պետք է լինի պարսկական, չինական, կամ լիբանանյան ռեստորան: Դա աշխարհը չտեսնելու, շատ ինֆորմացիա չունենալու պատճառով է: Մեր հասարակությունը ուղղակի չի մտածում, որ հայերն էլ գնում են դուրս և այնտեղ բացում հայկական ռեստորան: Ի՞նչ է, ռուսները պետք է դնեն հայերի ռեստորանները տրաքացնե՞ն»,-հավելում է Ադիբեկյանը:

Խտրական վերաբերմունքի ու ագրեսիվ անհանդուրժողականության առավել լուրջ թիրախ են  կրոնական և սեռական փոքրամասնությունները,  որոնց նկատմամբ հաճախ այս վերաբերմունքն արտահայտվում է ծեծի, բռնությունների միջոցով, վերագրվում է նրանց մահացու մեղքեր, հաճախ շահարկվում հասարակությանն այլ խնդիրներից շեղելու համար:

Ըստ փորձագետների հիմնական խնդիրն այստեղ կարծրատիպերն են, որոնք այնքան խորն են ու բազմաշերտ, որ պայքարի համար պետք է աշխատել հասարակական ընկալումների բոլոր ուղղություններով:

«Եթե անձն ուղղակի քնում-արթնանում է այլ մարդու կյանքի մասին բամբասելով, եթե մարդիկ մտածում են, որ բոլորը պետք է միշտ միմյանց նման լինեն, քանի որ միշտ եղել ենք մոնոէթնիկ, նույն կրոն դավանող, նույն լեզվով խոսող ու հանկարծ այդ հասարակության մեջ հայտվում է մի քիչ տարբեր մարդ, այլ ենթամշակույթի կրող, բնական է, որ անձը օտարվում է, իսկ եթե ամեն օր էլ մեդիայով ասում են, որ աղանդավորները վտանգավոր են, դրդում են ինքնասպանությունների, ապա, շատ բնական է, որ պետք է ձևավորվի այս մթնոլորտը, իսկ դա վերացնելու համար ամեն ուղղությամբ պետք է աշխատել»,- ասում է Ադիբեկյանը:

Avetiq-Ishkhanyan

Մինչդեռ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խիստ վտանգավոր է համարում այդ անհանդուրժողական մթնոլորտը:

«Ես սա համարում եմ խայտառակություն: Մարդկանց անձնականի մեջ մտնել, նրանց վարկաբեկել: Մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ չպետք է մարդու նկատմամբ լինի խտրական վերաբերմունք նրա կրոնական, սեռական, կամ ռասսայական պատկանելիությունից ելնելով: Բայց հարցը ավելի շատ կարծրատիպերի մեջ է, մարդկանց ոչ իրազեկ լինելու, ինչ որ տեղ նաև տգիտության խնդիր է: Հայ մարդը անընդհատ նույնացվում է հայ առաքելական եկեղեցու հետ, և եթե անձը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն մտածում են՝ հայ չէ և պետք է պայքարել նրա դեմ»,-ասում է Իշխանյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031