Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական լրացուցիչ զորքեր մտցրեցին Գյումրի՝ ռուսների անվտանգությունը պաշտպանելո՞ւ (Տեսանյութ)

Հունվար 20,2015 00:06

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ժամը 15.30-ի սահմաններում աշխատանքային այցով Գյումրի ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա այցից մեկ  ժամ անց Գյումրի բերվեցին ոստիկանական լրացուցիչ զորքեր, այս պահին ուժեղացվել է հսկողությունը Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց, 8-րդ զինվորական թաղամասում, որտեղ բնակվում են ռուսները, այն սրճարանների ու ռեստորանների դիմաց,  որտեղից հաճախակի են օգտվում ռուսները և  Գյումրիի Անի թաղամասում:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 5 ժամ լրագրողներին Գյումրու ահավոր սառնամանիքին  դրսում սպասեցնել տալուց հետո այդ պահին այդպես էլ չեկավ ու հարցազրույց չտվեց:

Չնայած, որ լրագրողները  Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի միջոցով նրան փոխանցեցին, որ  գյումրեցիները տագնապի մեջ են, թե ինչու են այսքան զորքեր բերել իրենց քաղաք: Ոստիկանները, բնականաբար, անհանգստացած են հետագա բախումներից. փոքրիկ Սերյոժայի մահը ցնցել է Գյումրին, մի նոր բողոքի ալիք բարձրացրել:

Նկատի ունենալով այն, որ փոքրիկի դին կտեղադրվի Սուրբ Նշան եկեղեցում ու հոգեհանգստի կարգ կանցկացվի, որին կմասնակցի ողջ Գյումրին, ու բնակիչները  իր զայրույթը կարտահայտեն, ոստիկանությունը նախապես անվտանգության միջոցառումներ է իրականացնում:

Նկատենք, որ ոստիկանական զորքեր բերելուց վայրկյաններ անց նոր միայն պաշտոնապես հայտնեցին փոքրիկ Սերյոժայի մահը: Լուրեր են շրջանառվում, որ Սերյոժան շուտ էր մահացել, չէին հայտնում, որպեսզի գյումրեցիների կրքերը չբորբոքեին: Անվտանգության հարցերը լուծեցին, Գյումրի զորք մտցրեցին, նոր միայն հրապարակեցին այս տխուր լուրը:

Հիշեցնենք, որ բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը հերքել էր նման լուրերը, թե փոքրիկն շատ ավելի շուտ է մահացել, քան պաշտոնապես այդ մասին  տեղեկացրել են. «Մի հավատացեք այդ հեքիաթներին, այն ինչ խոսում են, իրականությանը չի համապատասխանում: Փոքրիկի սիրտը կանգ է առել ժամը 17.02-ին: Մինչեւ վերջին վայրկյանը պայքարել ենք»:

Ինչևէ, Շիրակի մարզային  ոստիկանություն եկան Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորները՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ, իսկ ավելի ուշ քաղաքապետ Սամվել Բալասանյանը փոխքաղաքապետերի հետ:

Վլադիմիր Գասպարյանը պատճառաբանելով, որ հիվանդ է, ձայնը կտրված է, այդպես էլ չշփվեց լրագրողների հետ, իր ասելիքը չհղեց գյումրեցիներին, նրա փոխարեն հարցազրույց տվեց փոխոստիկանապետ  Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս հավաստիացրեց, որ ոստիկանական ուժերի կենտրոնացում Գյումրիում չկա, ինքը մի շաբաթ է՝ Գյումրիում է,  և խնդիրը կապված է զոհերի հուղարկավորության, դրանից հետո կազմակերպված ծառայությունների հետ: Ու քանի որ այսօր երկուշաբթի էր, անձնակազմը պիտի փոխարինվեր մյուսներով:

Ըստ  փոխոստիկանապետի, օպերատիվ իրավիճակը Գյումրիում տիրապետելի է, հանգիստ է, անհանգստանալու որևէ առիթ չկա: Ըստ նրա, փոքրիկ Սերյոժայի՝ եկեղեցում կատարվող հուղարկավորությանը ևս ոստիկանության ծառայողները մասնակցելու են:

Այն հարցին, թե ռուսական տարածքներո՞ւմ եք հսկողություն իրականացնում, փոխոստիկանապետն ասաց, որ մի շաբաթ է՝ այդ տարածքներում հսկողություն կա, ուշադրությունը հյուպատոսարանի ու զինվորական թաղամասի նկատմամբ ավելի մեծ է:

Փոխոստիկանապետը գյումրեցիներին շնորհակալություն հայտնելիս, ակնարկեց, որ օրեր առաջ Գյումրիում ռուսական  հյուպատոսարանի դիմաց ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը գյումրեցիների մեղքով չէր:

Նա ասաց, որ իրենք տիրապետում են, գիտեն, թե ամսի 15-ին Գյումրիում ինչ ուժեր էին բախումներ հրահրողները, և իրենք այն կարծիքին են, որ գյումրեցիները բարձրամակարդակ մարդիկ են:

Իսկ ի՞նչ երաշխիք կտա ոստիկանությունը,  որ Գյումրիում սպանդը չի կրկնվի,  ինչո՞վ կապահովի ոստիկանությունը  նրանց անվտանգությունը, երբ  ոստիկանությունը չկարողացավ Պերմյակովին բռնել, այլ ռուս սահմանապահները բռնեցին, ինչպե՞ս վստահեն  գյումրեցիները ոստիկանությանը, այս հարցերին մի պատասխան հնչեց. «Հիմա քննությունը ձեր ձեր բոլոր հարցերի պատասխանները կտա»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Նկատենք, որ ավելի ուշ ՀՀ ոստիկանապետը հարցազրույց տվել է մի քանի ԶԼՄ-ների: Ձայնագրությունը լսեք Newsline. am-ի տեսանյութերում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031