Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է, որ ՌԴ նախագահը ներողություն է խնդրում, նոր մեր իշխանավորները սկսում են ցավակցել». Իսագուլյան

Հունվար 20,2015 14:53

Այսօր Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում Գյումրիի սպանդից տուժած Ավետիսյանների ընտանիքի վերջին փոքրիկի՝ Սերյոժայի հիշատակին ԲՀԿ-ականների հետ մոմավառության էր մասնակցում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմա բավականին բարդ է որեւէ գնահատական տալ Գյումրիի դեպքերին. «Նախ պետք է հետաքննությունն ավարտվի, իրենք տան իրենց եզրակացությունը, որից հետո նոր միայն կարելի է խոսել այդ մասին: Բայց այն, ինչ նկարագրում են, ինչ մենք տեսնում ենք, շատ տարօրինակ է: Բոլոր դեպքերում այդքան սառնասիրտ մտնել ընտանիք եւ 7 հոգու սպանել, դա մարդ արարածի տրամաբանությանը հակասում է»:

Հարցին՝ մեր իշխանությունների քայլերն ինչքանո՞վ էին համարժեք ստեղծված իրավիճակին՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Մեր իշխանություններն իրենց դրսեւորեցին ոչ որպես հայաստանյան իշխանություններ: Նրանց գործողությունները կարծես մի նպատակ էր հետապնդում՝ հանկարծ չանել քայլ, որը որեւէ մեկին դուր չգար դրսում: Ներսում նրանց համար ժողովրդի տրամադրությունները, նրանց ողբերգությունը չէր հետաքրքրում: Ցավոք, իշխանություններին միայն մի խնդիր է հետաքրքրում՝ ամեն պարագայում լուծել ինքնավերարտադրման խնդիրը, իշխանության պահպանման խնդիրը:

Տարօրինակ է, որ մեր փոքրիկի մահից հետո, երբ ամբողջ ընտանիքի համար Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրում, ցավակցություն է հայտնում, նոր մեր իշխանավորները մեկը մյուսի հետեւից սկսում են ցավակցություն հայտնել: Սպասում էին Պուտինի արձագանքին: Սա ողբերգություն է: Սա նշանակում է, որ մեր երկրում իշխանություն գոյություն չունի որպես այդպիսին: Գոյություն ունեն մի խումբ մարդիկ, որոնք յուրացրել են այդ իշխանությունը, եւ այն օգտագործում են պետությանն ու ժողովրդին կեղեքելու համար»:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, շատ ճիշտ էր, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած այսօրվա խորհրդաժողովը հետաձգվեց. «Կարծում եմ, հետագայում երբ լինի այն, բոլոր հարցերի պատասխանները պետք է տա եւ պետք է նշի այն ուղին, որով մենք պետք է դուրս գանք այս վիճակից, այլապես սոցիալական, տնտեսական եւ քաղաքական այս ծայրաստիճան ծանր վիճակը կարող է հանգեցնել նրան, որ մենք կորցնենք մեր պետականությունը: Այսինքն, օր առաջ պետք է ազատվենք այս իշխանություններից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031