Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ նամակը նախագահականից չեն մակագրում, գյուղապետն ու մարզպետարանը չեն օգնում»

Հունվար 23,2015 15:00

Ասիրյանների ընտանիքը մոտ 6 տարի է՝ հոսանք չունի

Կենցաղային ցանկացած խնդիր ունեցող քաղաքացի վեր է կենում եւ ուղիղ նախագահական գնում, անկախ նրանից՝ քաղաքացուն հուզող հարցը աղբին է առնչվում, գազին, թե տեղական կառավարման օղակի որեւէ ծառայությանը: Անգամ ամենահեռավոր մարզից եթե ոչ՝ փոստով, ապա անձամբ գալիս, նախագահական նամակ են հանձնում՝ հույս ունենալով, որ վերեւներից բռնացնելով՝ իրենց հարցին լուծում կտրվի: Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Կարեն Ասիրյանը սեփական փորձով է համոզվել՝ մինչեւ հանրապետության նախագահին դիմում չի գրում, մարզպետարանն ու գյուղապետարանն իր բողոքին չեն արձագանքում:

«Եթե նամակը նախագահականից է մակագրվում, քաղաքացու հարցին ընթացք են տալիս, եթե ես եմ գնում, նույնիսկ մարզպետի մոտ ընդունելության չեն թողնում: Ասում են՝ նամակ գրեք, կպատասխանենք, բայց նամակ էլ գրում ենք, օրերով պատասխան չկա, նախագահականից ավելի շուտ են պատասխանում, քան մարզպետարանից, որ ես իրենց բնակիչն եմ, իրենք էլ այնտեղ նստած են՝ մեր խնդիրներով զբաղվելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կարեն Ասիրյանը, որի 5 հոգանոց ընտանիքն արդեն 6 տարի է՝ առանց հոսանքի է ապրում: Էլեկտրաէներգիայի 6 հազար դրամ պարտքը չվճարելու համար Ասիրյաններին 2008 թվականից զրկել են լույսի բաժանորդ լինելուց: Հոսանքի մեկ գիծ այս ընտանիքին հարեւանն է մատակարարում՝ գոնե երեկոները ճրագ ունենալու համար:
«Մենք էլ չենք ուզում մեր հարեւանին ծախսի տակ գցել, հոսանքը խնայողաբար ենք օգտագործում, քանի որ վարձը նա է մուծում: Օրերով ուտելու բան չենք ունենում, երեխաներին չենք կարողանում դպրոց ուղարկել, սոված-ծարավ ո՞նց դասի գնան»,- ասում է Կարեն Ասիրյանը:

Ասիրյանները մեկ որդի ունեն եւ երկու անչափահաս դուստր: Կարեն Ասիրյանի կինը Շահումյանից է գաղթել Հայաստան: Ամբողջ ամիսն այս ընտանիքն ապրում է 42 հազար դրամ թոշակով ու նպաստով, որն ընտանիքը ստանում է անապահով լինելու եւ Կարեն Ասիրյանի հաշմանդամության համար: Ընտանիքը բնակվում է մեկ սենյականոց «քոթեջում», որը ոչ մի կոմունալ հարմարություններ չունի՝ «Հավաբուն է, ի՞նչ տուն»,- կողքից հորը լրացնում է Կարեն Ասիրյանի որդին: Այս գյուղում խմելու եւ օգտագործելու ջրի բացակայությունը էլ ավելի է մեծացնում Ասիրյանների եւ նրանց նման անապահով ընտանիքների հոգսը: Ջուրը գնում են, որպեսզի խմեն եւ հոգան իրենց կենցաղային խնդիրները. «Մարդիկ կան, որ հնարավորություն չունեն ջուր գնելու, ամիսներով չեն լողանում»,- պատմում են նրանք:

Այս «ապահով Հայաստանում» Ասիրյանների ընտանիքը, չգիտես ինչու, ոչ մի կերպ անգամ ապրուստի միջոց չի կարողանում հայթայթել: Կարեն Ասիրյանի խոսքերով՝ ինքը չի կարող աշխատել՝ հիվանդության պատճառով հակացուցված է եւ պարբերաբար դիմում է գյուղապետարան, մարզպետարան՝ գոնե կնոջը հավաքարարի աշխատանք ստանալու ակնկալիքով, սակայն, նրա խոսքերով, այդ «պաշտոններն» անգամ ապահով ապրուստ ունեցողներին են բաժին ընկնում. «Գյուղապետին ասել եմ՝ ես չեմ ուզում քո տեղը նստեմ, կնոջս հավաքարարի աշխատանք տուր, թող աշխատի, որ ամեն անգամ չգամ ասեմ՝ ինձ գումարով օգնի: Իրենց ծանոթներին են ընդունում գործի»:

Ասիրյանները 2400 քմ հողամաս ունեն: Տանտիրոջ խոսքերով՝ «հողատարածքը կարիճանոց է», անջրդի, եւ մեծ ցանկության դեպքում էլ դրա մշակելը մեծ ծախսեր կպահանջի. «Անասուն էլ չունենք, ոչինչ չունենք, Սերժ Սարգսյանին մի նամակ էլ եմ գրել, նկարագրել մեր վիճակը: Մարզպետարան գնալով՝ միեւնույն է, հարց չի լուծվում: Անպայման նամակը պետք է նախագահականից գնա, որ մի բանով օգնեն: Երբ դիմում ենք որ օգնեն, ամեն անգամ ասում են՝ մեկը լինի մեզ օգնի, բայց նրանք աշխատանք էլ ունեն, ապրուստի միջոց էլ, ոնց որ մարդու ձեռ առնեն: Երբ ընտրությունների հարց է լինում, հիշում են, որ իրենց բնակիչն ենք, բայց երբ իրենց գործ անելու ժամանակն է եւ պետք է մեզ օգնեն՝ անտեսում են»:

«Գյուղապետարանում ազատ աշխատատեղ չկա, օգնելու հնարավորություն՝ առավել եւս»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Բաղրամյանի գյուղապետ Կայծակ Մկրտչյանը. «Դեկտեմբերի 26-ին, թե 27-ին նրան 40 հազար դրամով օգնել ենք, բայց ամեն անգամ չենք կարող գումար տալ, գյուղում ուրիշ մարդիկ էլ կան, մեկը վիրահատվում է, մեկը ուրիշ հոգս ունի: Թող այդ գումարից տանեին լույսի պարտքը մարեին: Ես նրանց օգնելու հնարավորություն այլեւս չունեմ, հո ամսական աշխատավարձ չե՞մ տալու: Գյուղապետարանն այդքան հնարավորություն չունի, որ Ասիրյանների ընտանիքին պահի, գյուղում կան հողատարածքների սեփականատերեր, որոնց մոտ աշխատանք կա, բայց նրանք չեն ուզում անել այդ աշխատանքը: Գյուղի մյուս բնակիչները ո՞նց են գնում՝ սեփականատերերի մոտ աշխատում, թող նրանք էլ գնան. քարեր են հավաքում, հողատարածքներն են ջրում, խաղողի սեզոնին են աշխատում»,- Ասիրյանների դժգոհություններին արձագանքում է Կայծակ Մկրտչյանը: Նրա խոսքերով. «Մի անգամ գյուղում գործ կար անելու. նրանց ասացի՝ եկեք գյուղի փողոցների սալիկների կողքերը ավազից մաքրեք, հրաժարվեցին՝ թե չեն կարող այդ գործն անել»: Ինչ վերաբերում է գյուղապետարանի հաստիքները մեջ-մեջ անելուն եւ յուրայիններին տալուն, ապա Կայծակ Մկրտչյանն ասաց, որ ինքը 2,5 տարվա գյուղապետ է, եւ աշխատակազմի հաստիքացուցակը ինչպես որ եղել է նախկին գյուղապետի օրոք՝ այդպես էլ պահպանվել է. «Ես որեւէ մեկի հացին վայիս չեմ եղել»:

Կայծակ Մկրտչյանը նաեւ ասաց, որ Ասիրյանների ընտանիքին իր անձնական միջոցներից էլ է օգնություն տրամադրել՝ ցախ, ցորեն, վառարանի համար խողովակներ եւ այլն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031