Լրահոս
Օրվա լրահոսը

Կշնորհավորե՞ն ադրբեջանցիները հաղթական հայկական բանակի տոնը`փոխվստահություն կլինի

Հունվար 26,2015 13:43

«Չնայած, որ Ադրբեջանի ռազմական ոլորտում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել, բայց էականը ոչ թե ներդրումներն են, այլ դրանց արդյունավետությունը: Այս առումով, Հայաստանի պաշտպանողական դիրքն ավելի ուժեղ է, քան Ադրբեջանի հնարավոր հարձակողական նկրտումը»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն՝ անդրադառնալով հարցերին`ինչի՞ կհանգեցնի հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանային լարվածությունը եւ ի՞նչ անել իրավիճակը շտկելու համար:

Ըստ բանախոսի, Մինսկի խումբը, բացի ՌԴ-ից, որն անկանխատեսելի է եւ քաղաքական փոփոխություններ է անում, բոլորը հետեւողական են մեկ կուրսի: «Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը ՌԴ-ն է, այն էլ հայերի դեմ է օգտագործվում: Նկատի ունենալով ուկրաինական զարգացումները, ՌԴ-ի ավանդական դիրքորոշումը Ղարաբաղի նկատմամբ ևս կարող է փոխվել: Գյումրու դժբախտությունը ռուս-հայկական հարաբերությունների նոր ճգնաժամի, ասիմետրիայի խնդիր առաջացրեց»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը`հավելելով, որ միջնորդների լծակներն այսօր Ադրբեջանի վրա ավելի քիչ են:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ ՝հրադադարի քսան տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն են իրավիճակը վերահսկել ու դա հենց հետաքրքրությունների ընդհանուր կետն է: «Մենք պետք է հասկանանք, որ ցանկալի չէ, որ երրորդ խաղացող հայտնվի այստեղ: Դա ՌԴ-ն է, քանի մյուս խաղացողներն այսօր այդքան լծակ չունեն տարածաշրջանում: Սա պետք է երկուստեք հասկանան, դա ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին»,- ասաց նա:

Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Շահին Ռզաեւը ևս գտնում է, որ պատերազմական լայնածավալ գործողությունների հավանականությունը փոքր է, բայց սահմանային լարվածությունը դեռ կպահպանվի:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Բաքուն պետք Ստեփանակերտի հետ բանակցի. «Սա է հարցի լուծման բանալին: Քանի այդ գիտակցությունը չկա, իրավիճակը կշարունակվի մնալ այսպիսին: Քանի դեռ ՌԴ-ն, եւ ԱՄՆ-ը եւ մնացյալ գերտերությունները տարածաշրջանում հետաքրքրություններ ունեն՝ իրավիճակը կպահպանվի այսպիսին: Այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, ավելի է բարդացնում բանակցությունների միջոցով հարցի լուծման հնարավորությունը: Մոտեցումներ պետք է փոխվեն, հատկապես Ադրբեջանում, այլապես պաշտոնական Բաքուն հաճախ իր գործողություններով աջակցում է ՌԴ-ի մեծապետական շահերին»:

Ի տարբերություն հայաստանցի բանախոսների, ովքեր գտնում էին, որ «ժողովրդական դիվանագիտությունն» էլ մեծ անելիք ունի այս հարցում, ադրբեջանցի բանախոսը համարում է, որ այդ տերմինը խորհրդային դիվանագիտության արգասիք է`ընդդեմ ԱՄՆ-ի:

Ադրբեջանցի լրագրողն, իհարկե, կողմ է հասարակական շփումների: Նա ցավ հայտնեց, որ Հայաստանը Բաքվում անցկացված սպորտային եւ երաժշտական միջոցառումներին չմասնակցեց: Ճիշտ է համարում առաջիկայում կայանալիք շախմատային խաղերին Հայաստանի մասնակցությունը:

Թեւան Պողոսյանին վրդովվեցրեց այն, որ Ադրբեջանի ներկայացուցիչը սկսեց խոսել իր երկրի նկատմամբ կիրառվող կրկնակի ստանդարտների մասին, անդրադառնալով Գյումրիում կատարված ողբերգությանը՝ քննադատեց հայ-ռուսական հարաբերությունները: Նա հիշեցրեց, որ Ռամիլ Սաֆարովն էլ քնած մարդուն կացնահարեց, բայց Ադրբեջանում ոչ ոք, անգամ որեւէ հասարակական գործիչ, չասաց, որ նրան պետք է հանձնել Հայաստանին: «Ո՞ւր է վստահությունը. լավ եք ասում, ճիշտ եք ասում, խոսում եք վստահության մասին, երեք օր հետո ինքնաթիռ եք խփում ու այդպես շարունակ: Եթե երեք օր հետո դուք շնորհավորեք հաղթական հայկական բանակին, ես կհամարեմ, որ փոխվստահության առաջին քայլն արված է»:

ԱԺ պատգամավորը գտնում է, որ ճիշտ արեցին Հայաստանից, որ Եվրատեսիլ չգնացին, սպորտսմեններն էլ ճիշտ արեցին. «Ի վերջո, ի՞նչ փոխվստահության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանում մարդկանց բանտ են նստեցնում արտահայտած կարծիքի համար: Ցավոք, բանակցային գործընթացի լեզուն այսօր դեռ առաջին գծում կրակոցներն են»:

Մի հարցում բանախոսները համակարծիք էին`պետք է ջանալ վերականգնել բանակցային գործընթացը: Ի տարբերություն Շահին Ռզաեւի, որը կարծում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որոշող չեն այդ հարցում, հայաստանցի բանախոսները կարծում են, որ մեր հասարակությունները պիտի կարողանան այնպիսի պետություններ ստեղծել, որ հասարակության կամքը իշխանության համար որոշիչ լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031