Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրո առարկա ելույթը իր բովանդակությամբ առավելապես վերաբերում է Զարուհի Փոստանջյանի քաղաքական, հասարակական գործունեությանը». ՀՀ փաստաբանների պալատ

Մայիս 22,2026 22:33 Share

Հայտարարություն փաստաբան Զարուհի Փոստանջյանի դիմումի կապակցությամբ

2026 թվականի մայիսի 19-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, տեղեկացնելով, որ նախորդ օրը ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեցած հանրային ելույթի շրջանակներում անդրադարձել է իր փաստաբանական գործունեությանը և հնչեցրել հայտարարություններ, որոնք արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը և որպես փաստաբանի բարի համբավը:

Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ փաստաբանը պնդել է, որ վարչապետն իր խոսքում բացահայտ հեգնանքով, նվաստացուցիչ տոնով և հանրային ամոթանքի ենթարկելու դիտավորությամբ շեշտադրել է այն փոստը, որ ինքը՝ որպես փաստաբան, իրականացնում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունը (դատական գործ՝ ՀԿԴ/0332/01/25): Ըստ փաստաբանի՝ նշված արտահայտություններով պաշտոնատար անձը փորձել է բացասական լույսի ներքո ներկայացնել իր կողմից մատուցվող մասնագիտական իրավական օգնությունը, հանրության աչքերում իրեն նույնացնել վստահորդի անձի հետ, նրա քաղաքական հայացքների կամ նրան մեղսագրվող արարքների հետ և ուղղակիորեն պիտակավորել ու քամահրական վերաբերմունք ձևավորել իր մասնագիտական օրինական գործունեության նկատմամբ:

Փաստաբանի ներկայացրած հանգամանքները քննարկվել են Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:

Հարցի քննարկման շրջանակներում Հանձնաժողովն ուսումնասիրել է փաստաբանի կողմից նկարագրված հանգամանքները պարունակող՝ տեղեկատվության բաց աղբյուրներում առկա տեսագրությունները:
Տեսագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախընտրական հավաքի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է.

«Զարուհի ի՞նչ ես խոսում, ի՞նչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստահա՛կ, չես էլ ամաչում, գետի՛նը մտնես, դու ո՞վ ես ընդհանրապես, էժա՛ն, էժա՛ն, գնա՛ Վարդանիկին պաշտպանի, էժանի՛ մեկը, գնա՛ Վարդանիկիդ պաշտպանի, կաշառակեր ստահա՛կ, ստահա՛կ … »:

Նշված հրապարակային ելույթը տեսագրվել և սփռվել է սոցիալական ցանցերում և լրատվական միջոցներով:

Նախ, Հանձնաժողովը հարկ է համարում նկատել, որ խնդրո առարկա ելույթը իր բովանդակությամբ առավելապես վերաբերում է Զարուհի Փոստանջյանի քաղաքական, հասարակական գործունեությանը, որում սակայն առանց տարանջատման հիշատակվում և անդրադարձ է կատարվում նաև վերջինիս փաստաբանական մասնագիտական գործունեությանը:

Այս առումով Հանձնաժողովը նշում է, որ մարդու արժանապատվությունը վիրավորելը անկախ դրա նպատակադրումից և համատեքստից անընդունելի է, հատկապես՝ պաշտոնատար անձի կողմից:

Այդուհանդերձ Հանձնաժողովը, ելնելով իր գործառույթներից և խնդիրներից, խնդրո առարկա իրավիճակը դիտարկել է փաստաբանի մասնագիտական գործունեության առնչությամբ:

Մասնավորապես, Հանձնաժողովը հարցը քննարկել է փաստաբանի մասնագիտական գործունեության նկատմամբ ազդեցության և դրա նկատմամբ միջամտության տեսանկյունից, ինչպես նաև փաստաբանի մասնագիտական հեղինակության, վստահորդի հետ չնույնացման սկզբունքի տեսանկյունից:

Այս կապակցությամբ Հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորվում է փաստաբանական գործունեության անկախությունը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ առանց արտաքին միջամտությունների փաստաբանի անկախ և անկաշկանդ գործունեությունն անձանց իրավունքների պաշտպանության հիմնարար արժեքներից է, որը սահմանված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային հեղինակավոր փաստաթղթերով: Այն արդար դատաքննության իրավունքի և որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխիքներից է, որը ժողովրդավարական հասարակության մեջ ապահովում է հռչակված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գործնականում:

ՄԱԿ-ի 1990թ. Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով սահմանվում է՝ «Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում» (կետ 16(ա)):

Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կողմերն ապահովում են, որ փաստաբանները քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն չկրեն իրենց վստահորդների անունից բոլոր վարույթների իրականացման ընթացքում բարեխղճորեն և ջանասիրաբար արված բանավոր եւ գրավոր հայտարարությունների համար։

Փաստաբանի առանցքային դերակատարմանն արդարադատության համակարգում բազմիցս անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Վերը նշված չափանիշներից բխում է, որ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, վատ վերաբերմունքի անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և սառեցնող ազդեցություն ունեն:

Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

Այս չափանիշների հաշվառմամբ՝ Հանձնաժողովն ընդգծում է, որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է հատուկ պաշտպանության ներքո, իսկ նրա մասնագիտական հեղինակության նկատմամբ պետք է ցուցաբերել առանձնակի հոգատարություն, ինչն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:

Միաժամանակ, «Փաստաբանության մասին» օրենքի՝ փաստաբանի գործունեության երաշխիքներն ամրագրող 21-րդ հոդվածով սահմանվում է վստահորդի հետ չնույնացնելու սկզբունքը: Մասնավորապես, ըստ նշված հոդվածի 5-րդ կետի՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Նշված կանոնը սահմանված է նաև «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ կետով, համաձայն որի՝ «Կողմերն ապահովում են, որ փաստաբանները չկրեն իրենց վստահորդների կամ իրենց վստահորդների խնդիրների հետ նույնականացվելու արդյունքում առաջացող բացասական հետևանքները»։

Այս առումով Հանձնաժողովն անընդունելի է համարում փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու, նրա պաշտպանությունն իրականացնելու հետ կապակցված ցանկացած բացասական վերաբերմունք կամ հնարավոր ազդեցություն և կոչ է անում հանրային իշխանության ներկայացուցիչներին զերծ մնալ փաստաբանի իրավունքները խախտող որևէ վարքագծից:

 

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031