Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանականներին. «Որեւէ մեկդ չգնաց սահմանամերձ համայնքների ժողովրդին հարցնեիք՝ լա՞վ եք, վա՞տ եք»

Փետրվար 02,2015 14:40

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր 4 քաղաքական ուժեր պատրաստել են առաջարկություններ՝ Շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված:

Նա առաջարկեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ իշխանականների հետ քննարկի, հանդիպում կազմակերպի վարչապետի, նախարարների հետ եւ վերջապես լուծում տան այդ խնդրին, ոչ թե անընդհատ հետաձգեն:

Գալուստ Սահակյանն ասաց, որ կան բազմաթիվ առաջարկներ շահագրգիռ կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: Դրանք կքննարկեն, նոր, եթե անհրաժեշտություն կլինի, կքննարկեն ոչ իշխանականների հետ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դժգոհեց. «Ձեզ չեն հարցնում՝ ի՞նչ կարծիքի եք, պարոն Սահակյան, արժի՞  հանդիպել ոլորտային նախարարների, վարչապետի  հետ, թե՞ ոչ: Խնդիրը նրանում է, որ 4 խմբակցություն դիմում է ձեզ, ասում է՝ կազմակերպեք հանդիպում, ասելիք ունենք: Ես չեմ հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ասում եք՝ չեմ ուզում, եղբայր, դա պառլամենտարիզմի հետ կապ ունի՞, թե՞ ոչ»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ քննարկմանը դեմ չի, բայց ուզում է բոլորի հետ միասին քննարկեն այդ հարցը. «Դուք ասում եք՝ բերեք մի հատ հանդիպենք Գալուստ Սահակյանի առանձնասենյակում, կառավարությունն էլ լինի, որ ասենք՝ ժողովո՜ւրդ, տեսեք հլը ինչ ենք անում: Մենք այդ  ճանապարհով գնացողը չենք, մենք խնդիր պիտի լուծենք: Մենք ուզում ենք այնպիսի վիճակ ստեղծենք, որ եւ ցանկալի լինի այն մարդկանց, որոնք բողոքում են, եւ ցանկալի լինի քաղաքական ուժերին: Վա՞տ բան ենք ասում: Չէ, դուք ասում եք, մենք, միեւնույն է, արտահերթը կհավաքվենք կանենք, որ մի անգամ էլ ասեք՝ տեսեք, ժողովուրդ, մենք անում ենք՝ ձեր կողքին կանգնած ենք»:

Հետո Գալուստ Սահակյանը ընդդիմությանը հեգնեց, որ այդ ամենը ընդամենը 10-րդ օրը կմոռանան. «Ոնց որ սահմանամերձ համայնքների օրենքն էիք քննարկում: Այդքան պայքարեցինք, այդ պայքարելուց հետո որեւէ մեկդ չգնաց այդ ժողովրդին հարցնեիք՝ լա՞վ եք, վա՞տ եք: Ստիպված նորից մենք հանձնախումբ կազմեցինք ուղարկեցինք, որպեսզի տեսնենք էլ ինչ առաջարկություններ ունեն: Հատվածային վարքագծով քաղաքականությունը որոշակի չի դառնում: Մենք հատվածային քաղաքականությանը դեմ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728