Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսի ծառայությունից վարորդները դուրս կգան, սերվիսները կլուծարվեն» (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 14:50

«Ոստիկանության աշխատակցից սկսած՝ վերջացրած հարկային տեսուչով, աշխատանքից հետո, տուն գնալիս, տաքսու նշանը դնում էին մեքենայի վրա, ասում`մի քիչ էլ փող աշխատենք` նոր գնանք տուն»,-խոսելով տաքսի ծառայությունների նոր եւ նախկին օրենքից, այսօր «Հենարան» ակումբում, ասաց «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը:

Պարոն Սահակյանը, նշելով տաքսի ծառայությունների գործունեության նոր օրենքը, թվարկեց օրենքի բացերը. «Միայն փաստաթղթերին նայելով հատկացնելու են լիցենզիա, որը ես անընդունելի եմ համարում: Ամենապարզ օրինակը` եթե այդ մեքենայի մոտ ղեկի դասավորությունն աջակողմյան է, այն նախատեսված չէ մեզ մոտ երթեւեկության համար, այդ մեքենաներին, ընդհանարապես, չի կարելի լիցենզիա հատկացնել: Իսկ այսօր փաստաթղթերից չի երեւում ղեկը որ կողմն է դրված»:


Տաքսիների լիցենզավորման նոր պայմաններով վարորդները հանրապետության ամենահեռավոր մարզերից, նույնիսկ, պետք է գան Երեւան հաշվիչները ստուգաչափելու: Վահագն Սահակյանի խոսքերով, Ստանդարտների պետական ինստիտուտը եւ չափագիտության ազգային ինստիտուտը չունեն շրջաններում ստորաբաժանումներ. «Հաշվիչը ստուգաչափելու համար, երբ որ ստուգաչափման պայմանները այդքան հեշտացրել են, գյուղական վայրերում լիցենզիա հանելու համար դարձնելով 5 հազար դրամ, այդ մեքենաներին մենք ստիպենք Մեղրիից գան հասնեն Երեւան, որպեսզի 2 հազար դրամանոց ստուգաչափում անցնի, իհարկե, սա աբսուրդ է, սա չի նշանակում հեշտացնել պայմանները»:

Վահագն Սահակյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

«Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը կարծում է, որ նոր օրենքը ավելի շատ անհատ տաքսիստների շահերից է բխում, քանի որ այն պայմանները, որոնք ստեղծել են անհատ տաքսիստների` լիցենզիա ստանալու համար, անհամեմատ ավելի լավ պայմաններ է առաջարկում, քան` տաքսի ծառայությունների համար, ինչը կհանգեցնի տաքսի ծառայությունների լուծարմանը:

Ըստ Լյովա Ավետիսյանի, ծառայությունը յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ամսեկան պետք է վճարի 30 հազար դրամ, անհատ վարորդը` 12 հազար դրամ. «Սա նշանակում է, որ տաքսի ծառայությունները վարորդի խնդիր կունենան, քանի որ վարորդները կնախընտրեն անհատ աշխատել: Իսկ ծառայությունը կկանգնի խնդրի առաջ. կամ աշխատողներ կկորցնի, կամ` կլուծարվի:

Վահագն Սահակյանն ասաց, որ բազմիցս դիմել են տաքսիների աշխատանքը համակարգող մարմիններին`ընդհանուր գին, գոնե, մայրաքաղաքում սահմանելու համար. «Պետք է բոլոր մեքենաները ծառայություն մատուցեն նույն գնով: Եվրոպայում տաքսու տարիֆները նույնն են, միասնական գին կա եւ բոլոր վարորդները առաջնորդվում են այդ գնով: Պետք է, ի սկզբանե, հաշվիչները ծրագրավորված լինեն նույն տարիֆով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728