Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկի մասին օրենքը կքննարկվի հաջորդ քառօրյայում

Փետրվար 02,2015 16:53

Այսօր, խորհրդարանի նիստի ժամանակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եռյակի կողմից առաջարկեց ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն անցկացնել` կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ կարգավորել «Շրջանառության հարկի մասին» նախագծի շուրջ առաջացած աղմուկը: ԱԺ նախագահը մերժեց եռյակի առաջարկը: Սակայն, ավելի ուշ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անակնկալ խորհրդարան եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ruben_Hakobyan

ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց` ողջամտությունը հաղթեց, և հրավիրվեց խորհրդակցություն ԱԺ նախագահի մոտ, որտեղ և հաջողվեց ընդհանուր եզրեր գտնել: «Որոշվեց, որ հաջորդ քառօրյայում քննարկման է դրվելու այս հարցը, իսկ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա: Մոտեցումների միջև բավական ընդհանրություններ կան, և մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Մենք նաև ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային ընդհանուր մոտեցումներ չձևավորվեն, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք գլխավոր-վիճելի հարցն այն է, որ փաստաթղթավորումը լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորսկզբունքով:

Լրագրողների հարցին, չկա՞ մտավախություն, որ կառավարությունը կրկին կփորձի փափուկ բարձ դնել օրենսդիրների գլխի տակ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կա դրական մոտեցում ու պայմանավորվածություն, թե նախնական գնահատականով ինչպես են պատկերացնում հարց լուծելը: Շատ ճիշտ եք, տառապանքի փորձով,միշտ երբ փորձել ենք համաձայնության գալ, ստացվել է, որ փափուկ բարձ են դրել, բայց ժամկետը ֆիքսված է»:

Naira-Zohrabyan

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իր գնահատմամբ, մինչև հուլիսի մեկը կասեցնել օրենքի գործողությունը, ընդամենը ժամանակ է ձգում և որևէ կերպ չի կարգավորում խնդիրը։ «Ուստի այսօր քննարկման ժամանակ մենք առաջարկեցինք շատ կարճ ժամկետում, այն է՝ մինչև հաջորդ քառօրյա: Իսկ չորս քաղաքական ուժերն ունեն արդեն պատրաստի նախագիծ, ինչ կերպ ենք տեսնում հարցի կարգավորումը, որը քննարկել էլ ենք փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ: Մենք մեր սկզբունքները չենք զիջելու: Կգա՞նք կոմպրոմիսի, շատ լավ, չենք գա կոմպրոմիսի, հաջորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը մեր հիմնավորումներով մնում է ուժի մեջ»։

«Անում ենք ամեն ինչ, որ ժողովրդի համար լավ լինի»,- լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նստել մեքենան`չպատասխանելով այլ հարցերի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728