Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարովի ծննդօգնությո՞ւն. ՄԻԱՎ-ով ապրող կինը վճարել է բժշկական ծառայությունների և հոգեկան նվաստացումների համար

Փետրվար 03,2015 12:58

ՄԻԱՎ-ով ապրող հղիները ոչ միայն չունեն ընտրության հնարավորություն և ստիպված են ծննդաբերել միայն մեկ, առանձնացված հիվանդանոցում, ոչ միայն ավելի թանկ են վճարում բժշկական ծառայությունների դիմաց, այլ նաև ծննդօգնությունը նրանց համար անվճար չէ:

23-ամյա Լիլիթ Հովսեփյանը (անուն, ազգանունը փոխված է) ծննդաբերության համար (կեսարյան հատումով) վճարել է 110 հազար դրամ, որից 60 հազարը՝ վիրահատության, 50 հազարը՝ առանձին պալատի, մինչդեռ վիրահատությունը պետք է լիներ անվճար, քանի որ Ծննդօգնության պետական հավաստագրով հիվանդանոցը բարդ ծննդաբերությունների համար պետությունից ստանում է առնվազն 160 հազար դրամ:

«Վիրահատությունից երկու շաբաթ առաջ արդեն գնացել էի իրենց մոտ իմ թղթերով, գիտեին որ ես ՄԻԱՎ ունեմ: Վիրահատությունից մեկ օր առաջ էլ հիվանդանոցի տնօրենը ասաց.«Դե, դու գիտես նման հիվանդություն ունես, քո ամեն ինչը պետք է լինի առանձին, պետք է վճարես բժիշկների խալաթների, ձեռնոցների ու գործիքների համար, քանի որ քեզնից հետո դրանք դեն ենք նետելու»:

«Երկու հատ թղթից խալաթի համար ես փաստորեն 60 հազար դրամ վճարեցի»,-պատմում է Լիլիթը:

ՄԻԱՎ ունեցող հղիից պահանջում են նաև վճարել առանձին պալատի համար, պատճառաբանելով որ նրան չեն կարող տեղավորել ընդհանուր պալատում, քանի որ մյուս կանայք եթե իմանան, որ իրենց հետ ՄԻԱՎ-ով կին է պառկած՝ հոգեբանական խնդիր կունենան:

«Իսկ իմ հոգեբանական վիճակի մասին, ոչ ոք չմտածեց: Մեկ օրը 10 հազար դրամ էր, ես պառկեցի 5 օր: Ու չեմ հասկանում, թե մնացած կանայք ինչպես պետք է իմանային իմ ՄԻԱՎ կարգավիճակի մասին, եթե միայն բժիշկները գիտեին, նշանակում է, իրենք են հենց պատմում բոլորին»,- ասում է երեք ամիս առաջ իր փոքրիկին լույս աշխարհ բերած Լիլիթը:

Hovhannes-Madoyan---HIV

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը կարծում է, որ սա այն դեպքն է, երբ հիվանդները գործ են ունենում ՝ագահության, անգրագիտության և մարդուն ծայրահեղ չհարգելու երևույթների հետ:

«Մարդը պետք է ստանա իր բժշկական ծառայությունները առանց խտրականության, պատշաճ որակի, արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում, մինչդեռ խախտվում է այդ ամենը: Վիրավորում են արժանապատվությունը, ենթարկում են խտրականության, որովհետև նման վերաբերմունքը արդարացված չէ առողջապահական որևէ պահանջներով: Եթե դա լիներ սուր վարակիչ հիվանդություն, որը փոխանցվում է օդակաթիլայինով, եթե դա լիներ խոլերա, որոնք կարանտինային ռեժիմ են պահանջում, այդ դեպքում միանշանակ որևէ մեկը չէր կարող առարկել: Սակայն, եթե խոսքը գնում է ՄԻԱՎ վարակի մասին, ապա այս ամենը զուտ խտրականություն է և մարդու արժանապատվության նվաստացում տվյալ բուժհիմնարկի կողմից»,- վստահ է Մադոյանը:

«Բժշկական ծառայությունների մասին» ՀՀ օրենքը (1996) նշում է, որ բոլոր մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն: Սա նշանակում է, որ անկախ անձի ՄԻԱՎ կարգավիճակից, բուժաշխատողները պարտավոր են ապահովել բժշկական սպասարկում և բուժում:

Մադոյանը նշում է, որ բժիշկները Լիլիթի միջոցով ընդամենը «փող են աշխատել»՝գումարներ պահանջելով խալաթների ու ձեռնոցների համար, ինչն էլ համարում է աբսուրդ.

«Եթե ձեռնոցի համար պահանջում են առանձին գումար՝ պատճառաբանելով, որ գցելու են, ի՞նչ է, ստացվում է, որ մյուս դեպքերում դրանք մի քանի անգա՞մ են օգտագործում»:

«ՄԻԱՎ-ի վիրուսն այնքան անկայուն է, որ սովորական օճառաջուրը ախտահանում է, երկրորդ` ես գիտեմ, որ վիրահատարանում բժիշկները հագնում են ոչ միայն սովորական խալաթ, այլ վիրահատական համազգեստ, որը ստերիլ է, և ամեն վիրահատությունից հետո՝ախտահարվում է: Կամ որոշ դեպերում ասում են երկու ձեռնոց հագնեն միանգամից : Դա էլ է՝ անգրագիտություն: Երկու ձեռնոցի դեպքում՝բժշկի մատների զգայունությունը պակասում է, և սկսում է ավելի կոպիտ աշխատել, որի դեպքում էլ մեծանում է ձեռնոցի պատռվելու հավանականությունը: Էլ չեմ խոսում հակառետրովիրուսային բուժման մասին, որը նվազեցնում է վարակման հավանականությունը և հենց դրա շնորհիվ էլ ՄԻԱՎ ունեցող կինը առողջ երեխա է ունենում»,- ասում է Մադոյանը:

hxi

Լիլիթը պատմում է, որ իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանում է հղիության ընթացքում՝ հերթական բժշկական հետազոտությունից: Ասում է, որ վարակվել է ամուսնուց, ով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Լիլիթը նշում է, որ հատկապես ազդվել է վիրահատության ընթացում՝ բժիշկների խոսակցությունից:

«Մենակ էն, որ անընդհատ լսում ես, որ դու ՄԻԱՎ-ով հիվանդ ես: Մեկի համար էլ ասում էին, որ երիտասարդ բուժքույր է, գոնե նրան թույլ չտային մասնակցել վիրահատությանը,-պատմում է Լիլիթը,- ու իրենք էլ հենց տարածում են հիվանդանոցում, որ տվյալ մարդը ՄԻԱՎ ունի, թե չէ ինչպես պետք է իմանային, որ ես ՄԻԱՎ ունեմ»:

«Բժշկական ծառայությունների մասին» ՀՀ օրենքը նաև շեշտում է, բժշկական գաղտնիքի մասին, ինչը շատ հաճախ են մոռանում բուժհաստատություններում:

Հովհաննես Մադոյանը նշում է, որ կեսարյան հատում անող բժիշկը միանշանակ պետք է իմանա հիվանդի ՄԻԱՎ կարգավիճակի մասին, մանկաբույժը նույնպես, որովհետև նորածինը առաջին ժամերից սկսած պետք է կանխարգելում ստանա, բուժքույրը, որն արյան հետ գործ ունի՝ նույնպես, բայց կան հիվանդանոցի անձնակազմի այլ անդամներ, որոնց այդ մասին տեղյակ լինելը բացարձակ պարտադիր չէ:

Մադոյանը համոզված է, որ ամբողջ սխալը նրանում է, որ գլխավոր բժիշկը շատ լավ գիտակցում է, որ բուժանձնակազմը չի պահպանելու տվյալ հիվանդի գաղտնիությունը, ինչը սակայն քրեորեն պատժելի արարք է:

«Իսկ այն, որ պալատի մյուս կանայք, եթե իմանան հոգեբանորեն դժվար վիճակի մեջ կհայտնվեն, միգուցե ճիշտ է, որովհետև մեր հասարակությունում սխալ վերաբերմունք է ձևավորված, եթե բժիշկների վերաբերմունքն է այսպիսին, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին է վերաբերմունքը այն մարդկանց, ովքեր չունեն բժշկական կրթություն: Բայց այս դեպքում էլ եթե բուժհիմնարկը չի կարողանում ապահովվել գաղտնիությունը, ապա այդ բեռը պետք է քաշի ոչ թե հիվանդը, այլ տվյալ բուժհաստատությունը»,-ասում է Մադոյանը:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իսկ գոնե մտածել է, որ առողջ կանայք ինչքան են վախենում, երբ իրենց կողքին ծննդաբերում է…Կապանի դեպքը քի*չ էր:Մարդիկ ուզում են առողջ երեխա ունենալ, բժիշկն էլ է վախենում, չի* կարելի*:Առողջ ծննդաբերողից վերցնում են, ուզում ես վախով վճարել հաստատությանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728