Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստինի անկախությունը»

Փետրվար 04,2015 18:00

«Հայաստանը պետք է առավել հստակ դիրքորոշում ցուցաբերի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում: Ես կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի Հայաստանի խորհրդարանի կողմից Պաղեստինի ճանաչումը»,- «Առավոտի» հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա այդ քայլը բնավ էլ հայաստանյան խնդիրների համատեքստից դուրս կամ ժամանակավրեպ չի համարում: Ավելին՝ կարծում է, որ դա պետք է լինի մինչեւ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը: «ԼՂՀ հակամարտության հարցում Իսրայելը բավական միակողմանի դիրքորոշում ունի: Իսրայելը նաեւ ժամանակակից հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, այդ երկրում մի քանի ռազմական գործարաններ կառուցեց եւ այլն: Այսինքն՝ Իսրայելը տարածաշրջանում ակնհայտ հակահայկական քաղաքականություն է վարում»,- ասաց նա` հավելելով, որ այլ հարցերում էլ Իսրայելը ակնհայտ սուբյեկտիվ, անգամ թշնամական քաղաքականություն է վարում: «Օրինակ՝ հունվարի 28-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած իր ելույթում Իսրայելի ղեկավարն ասաց, որ պետք է դատապարտել այլ ցեղասպանությունները, այդ թվում նաեւ «Խոջալուի ցեղասպանությունը»: Նման հայտարարությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին ակնհայտ թշնամական վերաբերմունք է»,- կարծում է քաղաքագետը` համոզված, որ այդ հայտարարությունը հայկական կողմը չպետք է անպատասխան թողնի:

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման քայլը, ըստ նրա, բավական լավ կնայվի թե Եվրոպայի, թե ՌԴ-ի կողմից, որը այդ հարցում նույնպես Պաղեստինի շահերի կողմնակիցն է. «Մի քանի եվրոպական երկրների պառլամենտների, իսկ Շվեդիան նույնիսկ կառավարության մակարդակով ճանաչեց Պաղեստինի անկախությունը: Բայց ամենակարեւորը` արաբական աշխարհը դրական կարձագանքի Հայաստանի այդ քայլին, ինչն էլ խթան կհանդիսանա Ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացում»:

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728