«Մենք իրենց համոզելու բան չունենք, մեր հիմնական աշխատանքը մեր ժողովրդի հետ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են համոզելու ՔՊ-ին, որ իրեն և «Ուժեղ Հայաստանից» ևս երկու պատգամավորների՝ Դավիթ Ղազինյանին ու Էդգար Ղազարյանին, չզրկեն պատգամավորական մանդատից։
Կարապետյանին հարց ուղղվեց նաև, թե հնարավո՞ր է համարում, որ դատախազն իր հետևից էլ ԱԺ գա։ Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց՝ իրենց խնդիրն է։
Անդրադառնալով Սասուն Միքայելյանի հետ իր լուսանկարին, որը համացանցում քննադատությունների տեղիք էր տվել, Կարապետյանը պարզաբանեց. «Գործընթացներ են տեղի ունենում ԱԺ դահլիճում, այդ գործընթացները պարզաբանման կարիք ունեն, երբեմն այդ պարզաբանումները տեղի են ունենում միկրոֆոններից այն կողմ»։
Ի դեպ, այսօր Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին դատական նիստն էր նշանակված, որը տեղի չունեցավ։ Դատախազը նիստից րոպեներ առաջ է դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազմին տեղեկացրել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայանալու։
Կարդացեք նաև
Այսօր նաև նախատեսված էր Ալեքսանյանի կալանքի հարցի քննարկումը։
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































