Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «…սպասենք, ստեղծենք, կանչենք, մի քիչ էլ ինքներս լինենք՝ և կգա կամ արդեն եկել է, մեր մեջ է…»

Փետրվար 12,2015 18:20

Ինքը  «…լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների…» երկրին  էր հավատում: Մենք ՝ չհավատացինք: Մենք մեր մենատներն ու այգիները իրենով պիտի լցնեինք, Կոմիտասով պիտի լցնեինք, Թումանյանով, Չարենցով պիտի լցնեինք, որ իր երկիրն ունենայինք, որ երկիրը մերը լիներ, որ երկիրը պետություն լիներ, մարդով լիներ, սիրված հայրենիք լիներ: Մենք մեր երեխաներին իրենով, Կոմիտասով, Թումանյանով, Չարենցով պիտի կերտեինք, որ իր երազած առողջ երեխաներն ունենայինք, որ առողջ երեխաները երեխա ունենային: Չարեցինք: Չենք անում:

Ինքն ասում էր. «…մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…շատ անպատասխանատու ենք…»:

Մենք իրեն չհասկացանք: Մենք իրեն չենք հասկանում: Մենք ամեն տեղ որոնում ենք փրկությունը: Այսօր, անամոթորեն, նույնիսկ տգիտության մեջ ենք որոնում, տգիտությունն ենք փառաբանում, տգիտության հետ ենք դաշնակցում երեսպաշտորեն, բայց չենք գնում դեպի ինքը, որովհետև տգետների հետ մեր ճանապարհին ենք, որովհետև տերերին սպանեցինք, բզկտեցինք, բծախնդրորեն զբաղվեցինք միայն ինքնաոչնչացմամբ, ու էսպես անտեր-անտիրական գնում ենք դեպի…ոչինչ:

Ինքն ասում էր. «…Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել… Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

Իսկ գուցե գիտակցված ենք գնում բաբելացիների, ասորեստանցիների, մյուսների ճանապարհով:

Ինքն ասում էր. «…Քո ազատության սահմանները մինչև իմ ազատության սահմաններն են…»: Իսկ մենք: Մենք ասում ենք իմ ազատությունը սահման չունի ու էսպես անսահմանորեն տրորում ենք մեր ճանապարհին հանդիպող ամեն ինչ, մարդուն ենք անգամ տրորում, որովհետև ազատ ենք, ազատորեն տրորում ենք պետություն, եկեղեցի, բանակ, տրորում ենք ամեն կողմից:

Ինքն ասաց.  «…Հոկտեմբերի 27-ի ազգային աղետը 29-ին պետք է բացահայտած, փակած, կնքած, պատմությանը հանձնած և մենք արդեն երեք տարի հոգով աղքատների մեր ճանապարհին լինեինք՝ ջհանդամը թե մեր նույն երթի մեջ ունենալով մեղավոր ու անմեղ բոլորիս՝ դավադիրների և անտեղյակների, աղետի ահռելիության առջև շփոթահարների և մարդկային մեր որակը թաքուն զննողների…»:

Բայց մենք չգտանք հոգով աղքատների մեր ճանապարհը: Ավելին: Մենք միշտ նոր հոկտեմբերքսանյոթերի ենք պատրաստ, միայն թե իր ասած հոգով աղքատների ճանապարհին չլինենք:

«…Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու…»:

Ու այսպես հարյուր տարվա մեջ մեկ ու կես պետություն կորցնելով, մեկը գտնելով, հազարավոր քառակուսի կիլոմետրեր կորցնելով, Ծովից ծով կորցնելով՝ մի քանի քառակուսի կիլոմետր գտել ենք, բայց շարունակում ենք Հայն ու Հայաստանն իրարից հեռացնել ու հեռացնում ենք անընդհատ: Հեռացնողների պակաս չկա: Ազգային հեռացնողներ կան, դեմոկրատ հեռացնողներ կան, ամեն տեսակ հեռացնողներ կան: Պակաս չկա:

Իսկ ինքն ասում էր. «…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

Ու հիմա, անմոռուկներ շաղ տալով անժողովուրդ մեր ճանապարհներին, դարձ ենք անում ի շրջանս յուր: Իսկ ինքն ասում էր. «…փարախը միայն մեզ համար է փարախ. նրանց համար՝ ովքեր փարախից անդին են, դեպի ուր կամ ում մենք ձգտում ենք՝ դա ամենևին էլ փարախ չէ – արյունոտ ու անարյուն հաղթանակներով սահմանված պետական սահման է: … Համոզված լինենք միայն մի բանի մեջ՝ որ պաշարողներից անդին մեր արյան ու հավատի եղբայրները չեն կամ եթե նույնիսկ են՝ խնդրի դժվարության առջև երես են դարձնելու մեզնից, անհասկացող են ձևանալու կամ անհասկանալի ենք լինելու իսկապես…»:

Ինքը դասի նման ասում էր.  «…Թուրքը, ոչ, չի ճանաչելու ցեղասպանությունը, չի ընդունելու՝ թե ինքը ցեղասպան է, նրա կոմունիստը չի ընդունել – նրա ազգայնականը չի ընդունելու. ես ամեն առավոտ ծանր չկամությամբ եմ կանգնում պահանջատիրոջ իմ օրվա դեմ – նա՝ նրա քաղաքագետը, պոետը, ուսանողը, դիվանագետը՝ ինչու էր իր համար հոգս դարձնելու իր մեծ ցեղի յուրաքանչյուր անդամին հիշեցնել՝ թե սա մեղքի ու պարտքերի մեջ խրված է. թուրքը իր հողը չի բաժանելու, իր ամբողջը չի կոտորակելու: Ուրեմն արժե՞ ջանք ու քրտինք թափել մի քարի վրա՝ որ չի ճաքելու և հակառակը՝ մեզ է ճաքեցնելու, բռնած գնալ ու գնալ մի բավիղով՝ որ ելքի նշան չի նշում: Չարժե, բայց չենք կարող չգնալ, ջանք ու քրտինք չենք կարող չթափել: Մի բան ստույգ կարող ենք – մտածել մեր երեխաների մասին և չխելագարվել, ասել է՝ մեզ չափի բերել, մեզ մեր չափին բերել, տեղավորել մեզ բանականության սահմաններում, Աստծո օրվա առջև ետ քաշել սև վարագույրը մեր երեխաների դեմից, ողբի ու տառապանքի պատ չկապել ողջ հանրության ու յուրաքանչյուր անհատի շուրջը, միևնույն է, նրանք գլուխներն այդ պատին ծեծելով չէ որ ապրում են, նրանք երգի ու օրհներգի իրենց օրվա մեջ ոխն ու ողբը մի համեստ անկյունում ծվարած են տեսնում..»:

Մեր հազարամյակներով չհասկացածն ինքը հասկացել էր: Ու ինքը մեզ համար եզրահանգում էր անում.

«…Պիտի սպասեինք այս օրին, պիտի սպասեինք այս չարությանը, այս դաժանությանը, այս աղքատությանը: Պիտի սպասեինք, այսպես էլ պիտի լիներ: Մեր վիճակի դրամատիզմն այն է, որ հեռուստատեսությունը, մամուլը, մի խոսքով՝ խոսքի աշխարհը, որ իր հմայիչ դրսևորումներն է ունեցել ոչ մեզանում, հեռուստատեսության, լրագրի, կոմունիկացիաների արագացման այս պայմաններում եկել պարտադրվում են մեզ, իսկ մենք աղքատ ազգականի վիճակում ենք: Հոգիներս, որ ահա պիտի թևածելիս լիներ, կամ թևածում է Արևմուտքի ստեղծած սիմվոլների աշխարհում, աշխատանքի ու ազատության մաքուր երկինքներում, մտքներս դարձյալ ասիական այս աղբի մեջ է: Իսկապես վիճակներս շատ ողբերգական է:

Էլի պիտի աննյութ հույսը առագաստ դարձնենք, թե մեր ժողովրդի բարոյական կառույցը ավելի պինդ կլինի, քան այսօր մեզ խփող այս փոթորիկները, և կկանգնենք: Կորուստները կան: Մի կողմից դրախտի տեսքով Ամերիկան է դռները բացել, մյուս կողմից ասիացի վայրենին է խփում, կորուստները կան, բայց դրանց հետ պիտի հաշտվենք և էլի հույսներս շրջենք դեպի այն ժողովուրդը, որ վաղվա օրով մնացորդ է լինելու և որի վրա պիտի ծաղկի վաղվա Հայաստանը…:

Մենք հազարամյակներով չէինք հասկացել: Ինքը հասկացել էր նաև մեր փոխարեն: Ինքն ամբարել, ամփոփել, մեկտեղել, բերել էր մեզ, բայց մենք էդ հասկացածը նույնիսկ ալարեցինք հասկանալ: Կամ՝ չուզեցինք հասկանալ: Կամ՝ անկեղծ լինենք՝ ուղղակի միտքներս կաղեց:

Ինքն ասում էր. «…Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…»:

Շատ լավատես չեմ, բայց մի հույս կա: Ինքն ասում էր հայը «… չի ընկնում մինչև հատակը…»  ու ասում էր «…ոչ մի գեղ ու ցեղ իրեն անՌոստոմ չի թողել, սպասենք, ստեղծենք, կանչենք, մի քիչ էլ ինքներս լինենք՝ և կգա կամ արդեն եկել է, մեր մեջ է…»:

Հ.Գ.

Հրանտ Մաթևոսյանի հատորներն այսօր աշխարհի առնվազն հինգ լեզվով թարգմանված պիտի լինեին Հայաստան պետության առաջնորդությամբ ու հազարներով աշխարհի գրախանութների պատվավոր դարակներում պիտի լինեին, բայց՝ չեն: Մաթևոսյանի հատորներն այսօր աշխարհի համացանցային հսկա գրախանութների առաջնային ցանկերում պիտի լինեին, բայց՝ չկան: Հայաստան պետության դեսպաններն այսօր գրականության տոն պիտի անեին իրենց հյուրընկալ երկրներում, բայց՝ տոնի չեն: Հայկական եթերն այսօր մաթևոսյանական պիտի լիներ առավոտ կանուխից, բայց չէր, ինչպես երեկ տերյանական չէր, ինչպես երեկ չէ առաջին օրը սահյանական չէր, ինչպես դրա նախորդ օրը կոմիտասյան չէր: Ահնիձորի լավ ասֆալտ ճանապարհին այսօր ուխտագնացներ պիտի լինեին ու ուխտագնացների առաջնորդները հայոց հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները պիտի լինեին, բայց՝ ուխտի չեն: Հայկական լոբբիները Մաթևոսյանական գրականությամբ պիտի աշխարհի կինոարտադրողների դռներին լինեին՝ թեկուզ անմոռուկները պիջակներին, բայց, վստահաբար՝ չեն: Մաթևոսյանական աշխարհ պիտի լիներ այսօր, մաթևոսյանական տոն, բայց՝ չկա:

Մաթևոսյանի գերեզմանին գնացինք, անշուշտ: Հայկական եթերն ազդարարեց՝ վարչապետի առաջնորդությամբ:  Կարմիր վարդերը սիրուն էին, վարչապետը, նույնիսկ, արտիստիկ էր բավականին: Գերեզման գնալ սիրում ենք: Մեր տերերին միայն գերեզմանում ենք սիրում: Գուցե Մաթևոսյանի կենացն էլ խմենք՝ լոռվա քաշած արաղով: Իսկ Մաթևոսյանն ասում էր «Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք»:

Արայիկ ՄԱՆՈւԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728