Լրահոս
Օրվա լրահոսը

Ասորական համայնքի ներկայացուցիչներ. Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը կարելի է որակել որպես ասորիների ցեղասպանություն

Փետրվար 27,2015 15:05

«Այսօր Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ասորի ժողովրդի վիճակը սարսափելի է, եւ վերջին տարիներին, եթե աշխարհի գերտերությունները փորձում են կանխել ցեղասպանությունները, ապա ասորի ժողովուրդը 1980-ական թվականներից առ այսօր ենթարկվում է ցեղասպանության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը: Նա եւ ասորի համայնքի ներկայացուցիչները, անհանգստանալով իսլամիստ ահաբեկիչների կողմից օրեր առաջ սկսված ասորի ժողովրդի կոտորածներից, այստեղ՝ Հայաստանում, փորձում են՝ խնդիրը բարձրաձայնել եւ պատկան մարմիններին դիմելով՝ իրավիճակը փրկել:

Պարոն Միխայիլովը  կոչ է անում աշխարհի գերտերություններին զերծ մնալ երկակի ստանդարտներից եւ անմիջապես ուշադրություն դարձնել այս ողբերգական իրավիճակին, փրկել քրիստոնյա ասորի ժողովրդին ցեղասպանությունից:

Հայաստանում ասորական համայնքի անդամ, ցեղասպանագետ Սնահիտ Խոսրոեւնան  հիշեցրեց, որ քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումները սկսվել են Մերձավոր Արեւելքում Իսլամական Հանրապետության հաստատումից ի վեր: Նախորդ տարվա ամռանից  կոտորածների ենթարկվեցին եզդիները եւ քրիստոնյա ասորիները:

Հիմա արդեն բռնությունների երկրորդ ալիքն է բարձրացել. իսլամիստ ահաբեկիչները քրիստոնյա ասորիներից երկուշաբթի օրվանից պահանջում են կամ հարկեր վճարել, կամ եկեղեցիների վրայից հանել խաչերը, կամ էլ հավաքել իրերը եւ հեռանալ: Տարածքը, որտեղ այժմ  կոտորվում են ասորիները, ստրատեգիական նշանակություն ունի, այն կապ է ապահովում Թուրքիայի եւ Իրաքի միջեւ, եւ այդ տարածքը նրանց պետք է առանց ասորիների: Ասորի ցեղասպանագետը նշում է, որ տղամարդիկ ոտքի են կանգնել, կռվել են, սակայն հենց նրանք էլ դարձել են առաջին զոհերը: «Նրանց նպատակն է. նախ ասել են, որ մոտ օրերս, այսօր կարծես թե, պետք է մի տեսահոլովակ նկարահանեն, ցույց տան, որով դիմելու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ կամ  այդ կոալիցիան, որը ռազմական ուժի օգնությամբ կրակում է իրենց վրա, պետք է վերացնեք կամ մենք բոլոր այս մարդկանց վերացնում ենք»,- ասում է Անահիտ Խոսրեւնան, նշում է, որ օրեցօր զոհերի եւ պատանդների թիվն ավելանում է: Ըստ նրա, տեղի ունեցածը միանշանակ կարելի է որակել որպես ցեղասպանություն:  Հիմա բացի այն, որ հետեւում են միջազգային լրատվամիջոցների արձագանքին, ունեն ներքին աղբյուրներ, որոնց միջոցով պարզ է դառնում իրավիճակը:

Անահիտ Խոսրոեւնան իսլամիստ ահաբեկիչների հետեւում տեսնում է Թուրքիայի մեծ աջակցությունը. «Այսօր եթե Իսլամական պետությունը գոյատեւում է, դա անում է միայն նավթի շնորհիվ, այդ նավթը, որ արտահանվում է, դուրս է գալիս երկրից, սեւ շուկա կոչեցյալը, դա միայն ու միայն Թուրքիայի Հանրապետության միջոցով է լինում, ուրիշ ձեւ չկա վաճառելու, բնականաբար այդ ամենի հետեւում Թուրքիան կանգնած է»,- ասում է նա, մատնանշում, որ օրերս ասորի 200 ընտանիք կանգնած էր Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին, որպեսզի փրկվեր կոտորածից, սակայն Թուրքիան սահմանը չբացեց, եւ նրանք մնացին այդտեղ:

Ասորական միության անդամ, դերասան Ռազմիկ Խոսրոեւը եւս անչափ անհանգստացած էր Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից, երբեմն հուզմունքը չէր կարողանում զսպել, երբ բանախոսները ներկայացնում էին իրավիճակը:  «Ես, որպես արվեստագետ, սովոր եմ նման բաները միշտ կողքից նայելու, բայց այն, ինչ- որ կատարվում է Արեւելքում, կարծում եմ՝ նախ քրիստոնյա աշխարհի, ամբողջ աշխարհի գերխնդիրն է,- ասաց նա՝ ավելացնելով,- Ուզում եմ, որ քրիստոնյա աշխարհը ամենաառաջինը իր ձայնը բարձրացնի եւ դատապարտի Իրաքում եւ Սիրիայում քրիստոնյաների դեմ կատարվող այս ցեղասպանությունը, հանցագործությունը, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ մարդուց ավելի բարձր գաղափար չկա»:

Պարոն Խոսրոեւը կոչ արեց Հայաստանի Հանրապետությանը, դիվանագիտական կորպուսներին, դատապարտել ասորիների նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանությունը, հետո նաեւ դիմեց ՀՀ իշխանություններին Մերձավոր Արեւելքում կատարվողից փրկված ասորիներին աշխարհի հնագույն ազգերից մեկի՝ հայերի կողքին գոյատեւելու եւ  առօրյան գտնելու հնարավորություն տալ:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728