Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի  նկարների ցուցահանդեսը

Մարտ 03,2015 16:58

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալ հարկի ներքո հերթական անգամ Սփյուռքի տաղանդավոր արվեստագետներից մեկին ընդունելու և նրա աշխատանքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու  համար:

Այնուհետև նախարարն անդրադարձավ լիբանանահայ լուսանկարչի աշխատանքներին՝ նախ փաստելով, որ Գ.Փանոսյանը Հայաստան է եկել ու հաստատվել Հայրենիքում «Արի տուն» ծրագրի կանչով: Ապա հավելեց. «Գաբրիելը, որպես իսկական այնճարցի, կարողացել է Մերձավոր Արևելքից բերել և մեզ հասու դարձնել այնտեղի հայ համայնքի ազգային հզոր շնչին և հաղորդակցել հայկական ԶԼՄ-ներից մեկի՝ «Ազդակ»-ի հետ: Նրա լուսանկարներով Լիբանանում ապրող մեր հայրենակիցները ծանոթանում են հայրենի իրականությունը և հայաստանյան կյանքին»:

ՀՀ սփյուռքի նախարարն արվեստագետի աշխատանքները գնահատեց որպես շնորհաշատ հայի զգացողությունների ու մտքի արտահայտման ինքնատիպ դրսևորում, որը դարձել է ժամանակակից արվեստ:

Տիկին Հակոբյանը արվեստագետին մաղթեց նորանոր հաջողություններ և ցանկացավ, որ ցուցահանդեսի բացման այս օրը նոր ազդակ դառնա նրա ստեղծագործական հետագա հաջողությունների համար:

Իբրև լիբանանահայ՝ Գաբրիել Փանոսյան լուսանկարչի կյանքի և գործունեության մասին արժևորող խոսքով հանդես եկավ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:

Դեսպանն ուրախություն հայտնեց միջոցառմանն իր մասնակցության համար և հավելեց, որ Գաբրիելն իր ծնունդով ու գործունեությամբ կենդանի կամուրջ է դարձել երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Լիբանանի միջև: «Գաբրիելի նկարներում ես տեսնում եմ Աստծուն, Հայաստանն ու Լիբանանը», – նշեց նա:

Այնուհետև Գ.Փանոսյանի աշխատանքները գնահատեցին արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հալեպահայ Շահեն Խաչատրյանը, նկարիչ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Սարո Կալենցը և արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

Արժևորելով աշխատանքները մի դեպքում՝ որպես աբստրակտ արվեստ, իսկ մի այլ դիտանկյունով՝ որպես ֆուտուրիստական ստեղծագործություններ, բոլոր բանախոսներն էլ կարևորեցին հեղինակի մտածողության կերպն ու դրա գունային հետաքրքիր դրսևորումները: Նրանք հավաստիացրին, որ Գ.Փանոսյանի լուսանկարներում միաժամանակ առկա են գեղարվեստական տարրեր, պատկերային շարժ և լսելի երաժշտություն:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարարին իր աշխատանքների ցուցահանդրությունը նախաձեռնելու և կազմակերպելու համար՝ Գաբրիել Փանոսյանը նշեց. «Այստեղ ցուցադրված են իմ վերջին երեք տարիների մոտ 50 լուսանկարները, որոնք հանդիսատեսին ներկայացվում են առաջին անգամ: Նրանց մեծ մասը ստեղծվել են «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններ այցերի ժամանակ: Նկարներս չունեն անվանումներ, որովհետև ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը դիտի և իր ընկալմանը համապատասխան անվանում տա դրանց»:

Լուսանկարիչը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանին և թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին:

Գ.Փանոսյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեց տարբեր այցերի ընթացքում «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ նախարարի հանդիպումների՝ իր պատրաստած լուսանկարների ալբոմը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031