Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կարող արդյունավետ լինել

Մարտ 03,2015 16:59

«Արդյունավետ պայքար մղելու համար պետք է գոյություն ունենար անկախ մարմին: Բայց զգուշավորությամբ ենք միշտ մոտեցել այդ անկախ մարմնի գաղափարին, քանի որ ՀՀ-ի պայմաններում դժվար է իրականացնել այն»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված  «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ձևավորվել, որում հնարավորություն ունեն ներգրավվել նաև հասարակական կազմակերպություններ և ՀՀ ԱԺ խմբակցություններ:

Պարոն Հոկտանյանը նկատեց, թե փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար. կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ միայն այդ խորհրդից է կազմված լինելու, այլև փորձագիտական հանձնախումբ  և մոնիտորինգային խումբ է ունենալու: Նաև տեղեկացրեց, թե դեռ ձեռնպահ կմնան մասնակցել այդ աշխատանքներին, մանավանդ, որ մարմինն ունի միայն խորհրդատվական գործառույթ:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ դեռ խմբակցությունը հրավեր չի ստացել ու մանրամասնեց. «Հրավերը կստանանք, կքննարկենք, կարձագանքենք: Մտահոգիչն այն է, որ ՀՀ-ում ցանկացած տեսակի խորհուրդներ, երբ ձևավորվում են, միաժամանակ չի ձևավորվում վարչական ռեսուրս, որ այդ խորհրդի որոշումները կյանքի կոչվեն, ունենանք ինստիտուցիոնալ մոտեցում»: Պարոն Պողոսյանը հիշեց, թե նմանատիպ խորհուրդներ մենք ունեցել ենք, փորձ եղել է 2003-ից, երբ ՀՀ-ում սկսվեց հակակոռուպցիոն բառն օգտագործվել: Սակայն պարոն Պողոսյանը շեշտեց, թե  միասնական կոորդինացումը, ինստիտուցիոնալ մոտեցումը բացակայում  է ու նկատեց, թե դեռ պարզ էլ չէ` ինչ է անելու այդ խորհուրդը:

Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը նշեց, թե իրենք կողմ չեն խորհրդի այս ձևաչափին ու ասաց. «Մենք կողմնակից ենք, որ ՀՀ-ում ստեղծվի անկախ հակակոռուպցիոն մարմին, կառավարությանն առաջարկել ենք մեր մոդելը քննարկել, բայց ստացել ենք բացասական պատասխան: Ընդհանրապես իմաստ չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք ինչպես կյանքը ցույց է տվել, չեն գործում»: Պարոն Ատովմյանը նշեց, թե իրենք առաջարկում են ստեղծել օմբուդսմենի ինստիտուտի նման մի կառույց:

Վարուժան Հոկտանյանն ամփոփեց, թե եթե կա քաղաքական  կամք, ապա կարելի է նաև առանց անկախ մարմնի կոռուպցիայի խնդիր լուծել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031