Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դաշնակահար Հայկ Մելիքյանի մեջ կոմպոզիտորը չի լռել

Մարտ 07,2015 12:30

Օրեր առաջ հանդիպեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հերթական ազդագրին՝ օպերային թատրոնում դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ համերգի վերաբերյալ: Այնտեղ ասվում էր, որ այլ ստեղծագործությունների թվում, մարտի 6-ին կհնչի նաեւ Ստրավինսկու դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ: Դասական երաժշտության սիրահարների շրջանում սկիզբ էին առել խոսակցություններ, թե ինչու տաղանդավոր դաշնակահարը վերջին շրջանում չի ներկայանում նաեւ իբրեւ կոմպոզիտոր: Նրանցից ոմանք նշում էին 2008թ. անցկացված Ղ. Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթը, որտեղ Հայկ Մելիքյանի ներկայացրած «Տարիների միջից» վոկալ շարքը (խոսք՝ Սոկրատ Խանյանի)՝ Աննա Մայիլյանի մատուցմամբ, արժանացել էր առաջին մրցանակի:

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը մինչ պատասխանելը մեր հարցին՝ չի՞ գտնում, որ տաղանդավոր դաշնակահարի կոմպոզիտորական գործունեությունն էլ կլիներ նույնքան բարձրարվեստ, ասաց, որ Երեւանի կոնսերվատորիայում փայլուն կրթություն ստացած Հայկ Մելիքյան դաշնակահարի անունը տարածվել է արտերկրում՝ 2000թ. Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» մրցույթում հաղթելուց հետո, որին հաջորդել են հաղթանակներն այլ միջազգային մրցույթներում: Տիկին Ավետիսյանը հայտնեց նաեւ, որ հայ դաշնակահարի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ինչպես տեղացի, այնպես էլ օտար կոմպոզիտորներ, նրա ձայնագրությունները մշտապես հեռարձակում են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի ռադիոկայանները: Մելիքյանը ժամանակ առ ժամանակ վարում է ժամանակակից երաժշտության վարպետության դասեր: Համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածման համար 2012թ. Մոսկվայի կոմպոզիտորների տունը նրան շնորհել է ոսկե մեդալ: Ինչ վերաբերում է դաշնակահարի՝ իբրեւ կոմպոզիտոր «լռելուն», երաժշտագետը հավաստիացրեց, որ Մելիքյանի դաշնամուրային փոխադրումները, կոնցերտային պարաֆրազներն ու մշակումները մի շարք դաշնակահարների նվագացանկի մաս են կազմում: «Չեմ կարծում, որ Հայկը մի կողմ է դրել ստեղծագործելու ցանկությունը, դա պարզապես նրա՝ իբրեւ դաշնակահար գերհագեցած համերգային գրաֆիկն է, մանավանդ՝ վերջին տարիներին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մեզ հետ զրույցում Հայկ Մելիքյանը իր «լռելը» պատճառաբանեց ժամանակի սղությամբ. «Այնպես չէ, որ իբրեւ կոմպոզիտոր իսպառ լռել եմ: Կոմպոզիցիայով, իհարկե, զբաղվում եմ, բայց ստիպված եմ լինում զբաղվել նաեւ PR-ով, որը ժամանակատար է: Երկու տարի առաջ կվինտետս հնչել է Ստոկհոլմում՝ ժամանակակից երաժշտության OMADERNT փառատոնի ժամանակ: Ապրիլի 9-ին «Գաֆեսճյան» կենտրոնում կկայանա մենահամերգս եւ «Բագինին արձագանքներ» CD-իս շնորհանդեսը՝ նվիրված Եղեռնի զոհերի 100-րդ տարելիցին: CD-ում տեղ են գտել կոմիտասյան ստեղծագործությունների ձայնագրություններս, նաեւ ամերիկաբնակ կոմպոզիտոր Տաթեւ Ամիրյանի՝ Եղեռնի զոհերին նվիրված գործը: Իմիջիայլոց, «Բագինին արձագանքները» նոր երկիս անունն է, որը գրված է 4 ձեռքի համար, ձայնագրությունն էլ կատարվել է Բեռլինում՝ Կարինե Գիլանյանի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031