Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնակչության պաշտոնական թիվը՝ 2,6 մլն. «Ժողովուրդ»

Մարտ 13,2015 11:32

Հայաստանից արտագաղթի պատճառների մասին շատ է խոսվել, սակայն մասնագիտական կարծիք, որը հիմքում կունենա այդ նպատակով անցկացված հետազոտության տվյալներ, որպես կանոն, չի ներկայացվում։ Մասնավորապես, ամենավերջին նման հետազոտությունն անցկացվել է 2013 թվականին, իսկ դրա արդյունքներն ամփոփվել են 2014-ին։ Սակայն այդ փաստաթուղթը մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի հրապարակվել։

Բայց հետազոտությանը մասնակցել են նաեւ միջազգային կազմակերպություններ, որոնք իրենց կայքերում, պարզվում է, հրապարակել են այդ փաստաթուղթը, որի ուսումնասիրությունից բավական ուշագրավ տվյալներ են հայտի դառնում։ Մասնավորապես, «ՀՀ բնակչության միգրացիոն պոտենցիալը» բաժնից տեղեկանում ենք, որ հարցված մոտ ութ հազար տնային տնտեսությունից այդ պահին արտագաղթելու որոշում կայացրածները կազմել են 7,4 տոկոս, իսկ 84,5 տոկոսը կա՛մ մտադիր չեն արտագաղթելու, կա՛մ էլ առնվազն նման որոշում դեռ չունեն։ Հարցվածների 8,1 տոկոսը պատասխանել է, որ արտերկրում արդեն իսկ ունի ընտանիքի անդամ։ Մեկ այլ աղյուսակում ներկայացված է ՀՀ բնակչության միգրացիոն պոտենցիալը՝ արդեն բնակչության կոնկրետ թվերով, այսինքն՝ տոկոսներով պայմանավորված ներկայացրել են ողջ հանրապետության կշռված պատկերը։ Արդյունքում ստացվել է, որ հարցման պահին 213 հազար 468 մարդ արդեն իսկ որոշած է եղել արտագաղթել եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարել, իսկ 296 հազար 632-ը արտերկրում ունեն ընտանիքի անդամներ։ Այս աղյուսակում, սակայն, ուշագրավը վերջին տողն է, որը արտացոլում է Հայաստանի ողջ բնակչության թիվը, ըստ այդմ, այն կազմել է 2 միլիոն 690 հազար 917 մարդ։ Ի դեպ, որեւէ տեղ նշված չէ, թե այդ թիվը որտեղից է ստացվել, բայց այն պաշտոնական է, եւ կարող ենք ասել, որ բավական արժանահավատ է 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսների համար։

Մյուս կողմից՝պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013 եւ 2014 թվականներին Հայաստանից արտագաղթել է (Հայաստանից մեկնել, չի վերադարձել) ընդհանուր 89 հազար 75 ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ ստացվում է՝ Հայաստանի բնակչության թիվը ներկայումս կազմում է 2 միլիոն 600 հազար մարդ:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031