Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վանաձորցին մահացել է դանակի հարվածի՞ց, թե՞ բժշկական սխալից

Մարտ 16,2015 13:04

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ 2013 թվականի մայիսի 15-ին Վանաձորում  տեղի ունեցած վիճաբանության դեպքով դատավոր Աղասի Մկոյանը դատական գործի օբյեկտիվ քննություն կատարելու տրամադրվածություն չունի:

Փաստաբանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պատմեց, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել Թովմա Մաթեւոսյանի եւ իր պաշտպանյալ Տիգրան Մելիքյանի միջեւ: Թովմա Մաթեւոսյանը վիճաբանությունից հետո որովայնի հատվածում դանակի վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետեւ մահացել:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը, սակայն, չի հիշում, որ դանակով հարվածել է:

Փաստաբանը պատմեց, որ այս գործով դատավոր Աղասի Մկոյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ որոշում կայացնելու ձեւը չիմանալու համար. «Որոշումը խորհրդակցության սենյակում պետք է կայացներ, կայացրեց դատական նիստերի դահլիճում»:

Նրա խոսքով՝ ինքը պահանջում է կրկնակի փորձաքննություն նշանակել՝ պարզելու՝ ինչի՞ց  է մահացել Թովմա Մաթեւոսյանը, որովհետեւ ինքը լուրջ կասկածներ ունի, որ տուժողը մահացել է հիվանդանոցում բժշկական սխալ միջամտությունից. «Իմ ուզածը սեւը սպիտակ անվանելը չէ, այս գործից իմ միակ պահանջը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելն է, որ Հայաստանը ապահովի դատարան, որը չի շտապելու, այլ հանգիստ գործի օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝  քննի: Դատարանը պետք է նշանակի այդ փորձաքննությունը եւ պարզի՝ ինչի՞ց է Մաթեւոսյանը մահացել ու ո՞վ է մեղավոր»:

Փաստաբանի խոսքով՝ Մաթեւոսյանի դիակի հերձման ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ կուտակված արյուն, իսկ հայտնի է, որ նման քանակի արյուն կարող է կուտակվել երեքից չորս ժամի ընթացքում՝ ներքին արյունահոսության դեպքում,բայց հիվանդանոցիցի հայտնել են, որ Մաթեւոսյանը մահացել է դեպքից քսան րոպե հետո, ինչը, ըստ փաստաբանի, հնարավոր չէ. «Այսինքն, ներքին արյունահոսությունն այնքան է ուժեղացել, որ ոչինչ չեն կարողացել անել ու ընտրել են իմ պաշտպանյալին քավության նոխազ: Ակնհայտ է, որ այդ մարդը չէր կարող մահանալ այդ հարվածից քսան րոպեի ընթացքում , պետք է փորձաքննություն, ինչը բոլոր հարցերը իրենց տեղը կգցի, բայց չունենք դատարան: Ստացվում է , որ մահը վրա է հասել ոչ թե իմ պաշտպանյալի կատարածի ժամանակ, այլ բժիշկների սխալ օգնության պատճառով»:

Փաստաբանը նաեւ հավելեց, որ եթե փորձաքննություն նշանակվի ու եզրակացությամբ հաստատվի, որ մահվան պատճառը եղել է  բժիշկների գործողությունը, ինքնըստինքյան  քրեական գործ կհարուցվի բժիշկների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031