Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական խաղեր

Ապրիլ 03,2015 15:00

Նախ պարզենք` ի՞նչ բան է կուսակցություն կոչվածը: Հին հռոմեացիների համար «կուսակցություն» եւ «խաղ» բառերը նույն Partito եւ partita արմատն ունեն, այսինքն` կուսակցությունը կարող է խաղի վերածվել, խաղը` կուսակցության: Ռուսները կուսակցությունների մեջ նույնպես խաղ են տեսնում, մի պարտիա շախմատ խաղալը նույնն է, ինչ կուսակցության (պարտիայի) մեջ խաղեր տալը: Անգլիացիները Party բառի տակ եւ կուսակցություն են հասկանում, եւ քեֆ-ուրախություն, երեւի այստեղ կուսակցությունները քեֆ-ուրախության համար են ստեղծվում: Նույն կերպ են մտածում նաեւ ամերիկացիները. Բարաք Օբաման ընտրությունից առաջ մրցակից կուսակցության լիդերին գոլֆի դաշտ է հրավիրում: Հայերենում «կուսակցություն» բառը առաջացել է «կույս» բառից: Շտապեմ հավելել, որ կուսակցությունը կուսության հետ կապ չունի, ոչ թե այն պատճառով, որ կուսակցությունը կույս մնալ չի կարող, այն հասարակական օգտագործման համար է, այլ պարզապես «կույս» բառը գրաբարում նշանակել է «կողմ»:

Այսինքն` կուսակցությունը ինչ-որ բանի կողմ պետք է լինի: Այդ ինչ-որ բանն էլ բանն է, այսինքն` խոսքն է, գաղափարն է կամ ավելի ստույգ Ավետարանում է գրված` «Ի սկզբանե բանն էր»: Դրանից հետո կարելի էր հասկանալ, որ աշխարհում առաջին կուսակցության հիմնադիրը եղել է Եվան, որը Ադամից թաքուն, օձի սադրանքներին ենթարկվելով, Եդեմական այգում ճաշակել է խնձորը եւ գայթակղվել երեխա ծնելու բանով, այսինքն` գաղափարով: Հետեւանքը եղել է այն, որ Եվայի հիմնած կուսակցության պատճառով դրախտային այն աշխարհը վերածվել է մեզ հասած «դժոխային» այս աշխարհին:
Տեսնենք, փող ունեն, իշխանություն ունեն: Առերես կուսակցությունների ղեկավարները տվայտում են երկրում ստեղծված այս անարդար իրավիճակի համար: Բայց իրենց չեն կորցնում, հենց տեսնում են պարտվում են, սկսում են երկրի նախագահի տիկնոջ քեֆ-հալը հարցնել կամ բարեւագիր-նամակ հղել մեծարգո նախագահին:

Մինչ ընտրությունների մակընթացություն ու տեղատվություն է ընթանում, երկիրն արդեն դառնում է միահանրապետական հանրապետություն: Թեեւ շաբաթվա մեռելոց եւ նախամեռելոց հանգստյան օրերին զուգընթաց՝ երբեմն-երբեմն կյանքի են կոչվում հանրահավաքային ցասման օրերը, սակայն դրանք էլ չքանալու միտում ունեն: Թեժ գարուններին հաջորդում են նույնքան թեժ ամառները, աշունները, ձմեռները: Դրանց զուգընթաց այս երկիրը մեկ շնչին ընկնող կուսակցությունների թվով տվել-անցել է աշխարհի շատ երկրներից, թեկուզեւ ՀՆԱ-ով վերջին տեղերում է վաղուց: Ի դեպ, վիճակագիրներն ասում են, որ մեկ շնչին ընկնող խաղատների քանակով նույնպես այս երկրն առաջին տեղերում է հայտնվել:

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը: Հիմա մարդիկ կուսակցություններից երես են թեքում, երկրից թողնում-փախչում են հուսաբեկված: Ստեղծվել է գաղջ մթնոլորտ: Կուսակցությունները շառը գցում են իշխանությունների վրա, իշխանությունները` կուսակցությունների վրա: Ո՞րն է ելքի ճանապարհը: Իշխանությունները գտնում են, որ հարկավոր է սահմանադրական բարեփոխումներ: Կուսակցությունները համաձայն չեն, երեւում է՝ նրանք գիտեն ճիշտը: Կամ՝ գուցե երկուսն էլ գիտեն, բայց չեն ասում, երկուսին էլ ձեռնտու է այս վիճակը: Այս երկրում 25 տարիների ընթացքում երեք սահմանադրական փոփոխություն է եղել, բայց ամեն ինչ նույնն է մնացել: Շան գլուխը գուցե ընտրությունների մեջ է: Ճիշտ է, կուսակցությունները այդ մասին մի երկու բերան երգել են, բայց հետո աննկատ շեղվել, ուրիշ երգերի են անցել: Նորից շրջանառության մեջ է մտել այն միտքը, ըստ որի՝ ամեն մի խոհարար էլ կարող է երկիր կառավարել:

Նկատի ունեն, երեւի, որ խոհարարը գիտի ինչն ինչի հետ խառնի, որ համով ուտեստ ստանա: Օրինակ` անձնական շահը, եթե հանրային գերակա շահի հետ խառնի, հրաշալի ֆինանսական միավորներ կստանա: Ողջերն ու մեռածներն իրար խառնելով՝ կայուն ընտրազանգված կստանա: Դրսից բերված վարունգներին, ներողություն, վարկերին, եթե հարկեր ավելացնի, համադամ նախուտեստը պատրաստ կլինի: Իսկ այս երկրում կուսակցությունները ցույց են տալիս, թե իբր զօր ու գիշեր դիվ ու դադար չունեն ժողովրդի մասին մտածելուց, հալումաշ են լինում ժողովրդի նկատմամբ ունեցած անպատասխան սիրուց: Ժողովուրդը, չգիտես ինչու, չի հավատում, որ կուսակցություններն են հեղափոխություններ սարքում: Լիբիայում, Եգիպտոսում ու Եմենում խելքը գլխին կուսակցություններ իսկի չկային էլ, բայց նրանք ունեին Մուբարաքի եւ Քադաֆիի նման բազմահմուտ ու հեղափոխություն սարքելու մեջ հմտացած խոհարարներ: Ժողովուրդը համոզված է` հեղափոխությունները ոչ թե կուսակցություններն են սարքում, այլ իշխանությունները, ավելի ստույգ՝ իշխանության գլխին կանգնած խոհարարները: Կան խոհարարներ, որոնց եփած ճաշերն իրենք էլ չեն կարողանում ուտել: Իսկ այս երկրում կուսակցությունները իրենց խաղը երբեք ավարտին չեն հասցնում, նման այն շախմատիստների, որոնք խաղը հետաձգում, հանրությունից գաղտնի պահում իրենց քայլը եւ տնային վերլուծությամբ վճռում խաղի ելքը` իրենց ձեռնտու ոչ-ոքի տարբերակով: Կուսակցությունները այդպիսով չկորցնելով իրենց կուսությունը, խաղերի մեջ մտնելով իշխանությունների հետ` հեռահար հույսեր են փայփայում, որ օրերից մի օր իրենց նույնպես բախտ կվիճակվի ճաշակել Եդեմական այգու խնձորը:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930