Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութ՝ ճանաչում քննչական գործողությունից առաջ

Ապրիլ 03,2015 15:30

Նման պայմաններում քննիչի կողմից հետագայում կատարվելիք ճանաչման գործողությունը  չի կարող համարվել արժանահավատ, օրինական եւ հանդիսանալ թույլատրելի ապացույց:

Քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Սահակյանին

Հանդիսանում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի ՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Սահակյանի վարույթում գտնվող թիվ 11110315 քրեական գործով մեղադրյալ Փարսադան Էրիկի Փարսադանյանի պաշտպանը:
Քննիչի 01.03.2015թ. որոշմամբ Փարսադան Փարսադանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Տեղեկանալով այն մասին, որ իր նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, 2015թ. մարտի 11-ին Փարսադան Փարսադանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեղրիի բաժին, որից հետո ոստիկանների կողմից տեղափոխվել է Երեւան` ոստիկանության Շենգավիթի բաժին:

Փարսադան Փարսադանյանը 13.03.2015թ.-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ որեւէ առնչություն չունի իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ ձեւակերպված գործողությունների հետ, ինքը ավազակային հարձակում չի կատարել, որպես զենք օգտագործվող առակայի գործադրմամբ գումար չի հափշտակել:

Ի դեպ, նշեմ, որ մինչ օրս քննիչի կողմից չի իրականացվել իմ պաշտպանյալի եւ տուժողի մասնակցությամբ ճանաչման գործողություն:

Եվ նման պայմաններում, ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության կողմից, միգուցե նաեւ վարույթն իրականացնող մարմնի` քննիչի, համաձայնությամբ, տեսանկարահանվել եւ 15.03.2015թ.-ի «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդման ժամանակ, մի շարք այլ հանցագործությունների բացահայտման հետ, տուժող Դանիել Սուքիասյանից ավազակությամբ հափշակություն կատարող անձ է ուղղակի մատնացույց արվում, ներկայացվում Փարսադան Փարսադանյանը: Միաժամանակ այդ տեսանյութում ակնհայտորեն ցուցադրվում է Փարսադան Փարսադանյանը` տարբեր դիրքերով` դեմքի հատվածից, կողքից, հետեւից: Կարծում եմ՝ ոչ պատահական, ինչպես վերը նշեցի, մինչ 15.03.2015թ., ինչպես նաեւ մինչ օրս, Փարսադան Փարսադանյանը տուժողին ճանաչման չի ներկայացվել եւ այդ տեսանյութը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի տուժողը հետագայում իրականացվելիք ճանաչման գործողության ժամանակ «հասկանա, պատկերացնի եւ գիտակցի», թե ում պետք է ճանաչի որպես իր նկատմամբ ավազակային հարձակում իրականացնող անձի: 15.03.2015թ. «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդման տեսանյութը տեղադրված է նաեւ ինտերնետային կայքերում՝ յութուբ, ֆեյսբուք, եւ ցանկացած անձ ցանկացած պահի կարող է այն դիտել եւ տարածել: Շատ հատկանշական է, որ նույն տեսանյութում տուժողի դեմքը ընդհանրապես չէր ցուցադրվում, իսկ ձայնը փոխված էր, կարծես հաղորդման հեղինակները շփոթել են, թե նշված հաղորդման ընթացքում ում անմեղության կանխավարկածի իրավունքը կարող է խախտվել: Ի դեպ, նշեմ, որ տուժողը խուսափել եւ չի ներկայացել 27.03.2015թ.-ին նախատեսված ճանաչման գործողությանը:

Այսպիսով, գտնում եմ, որ Փարսադան Փարսադանյանին հասարակությանը, այդ թվում նաեւ տուժողին, ներկայացնելով որպես ավազակային հարձակում կատարող անձի, ցույց տալով նրա արտաքինը, խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անմեղության կանխավարկածը: Ավելին` նման ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Փարսադան Փարսադանյանը հասարակության կողմից կընկալվի որպես հանցագործություն կատարող անձ, իսկ տուժողին հնարավորություն կարող է տալ նրան ճանաչելու, որպես իր նկատմամբ ավազակային հարձակում կատարող անձի: Նման պայմաններում քննիչի կողմից հետագայում կատարվելիք ճանաչման գործողությունը չի կարող համարվել արժանահավատ, օրինական եւ հանդիսանալ թույլատրելի ապացույց:

Վերոնշյալի հիման վրա միջոցներ ձեռնարկել`
15.03.2015թ. «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդման միջից հեռացնելու Փարսադան Փարսադանյանի վերաբերյալ հատվածը՝ դադարեցնելով դրա տարածումը:
Ձեռնպահ մնալու օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապացույցներ ձեռք բերելու պրակտիկայից:

ԼԻՊԱՐԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ
Փարսադան Փարսադանյանի
պաշտպան

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930