Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անրի Վեռնոյի անունով փողոց՝ Երևանում

Ապրիլ 04,2015 22:30

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցն այսօր հանդիսավորությամբ կոչվեց ֆրանսահայ անվանի կինոգործիչ Անրի Վեռնոյի անունով: Նույն փողոցում բացվեց նաև արվեստագետի հուշաքարը:

MHM94680

«Ելույթին պատրաստվելիս բազմաթիվ բառեր անցան մտքովս՝ հիշողություն, հպարտություն, հարգանք, կամք, հավերժություն… Այս բառերը, որ հատուկ արձագանք են ստանում այս տարի, ցանկացա ամփոփել մեկ բառով՝ շնորհակալություն: Փողոցի անվանակոչումը և հուշաքարի բացումն ապրիլին իրականացնելու որոշումը հատուկ խորհուրդ ունի: Հայերի միասնականությունը մեր այբուբենն է, մեր ուժը մեր միասնությունն է, և այսօրվա իրադարձությունն այդ միության լավագույն դրսևորումներից է»,- փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը:

«Մեր երկրում շատ գործիչներ կան, որոնք իրենց գործունեությամբ մեծ ավանդ են ունեցել սփյուռքի և Հայաստանի ժողովրդի հետեղեռնյա վերածննդի գործում,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը.- Անրի Վեռնոյն այդ գործիչներից մեկն է, որով էլ հիմնավորվում է այս փողոցի անվանակոչումը նրա անունով՝ խորհրդաշնելով իր ժամանակակիցների ունեցած համանման ավանդը»:

Փողոցի անվանակոչման և հուշաքարի բացման արարողությունից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ հարկում հանդիսավորությամբ բացվեց նաև Անրի Վեռնոյի անվան կինոդահլիճ, որին հաջորդեց արվեստագետին նվիրված հուշ-երեկո: Հանդիսատեսին ներկայացվեցին նրա կենսագրության հիշարժան դրվագները:

MHM94679-copy

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆրանսիական և հայկական կինոյի հայտնի գործիչներ, Անրի Վեռնոյի ընտանիքի անդամները, ընկերները և ուրիշներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 2-5-ը Անրի Վեռնոյին նվիրված օրեր են Երևանում, և կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ապրիլի 2-ին Երևանի կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Իսկ ապրիլի 5-ին Համազգային թատրոնում կցուցադրվեն Ա. Վեռնոյի մի քանի ֆիլմեր:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930