Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացումով գործազուրկները կավելանան (Տեսանյութ)

Ապրիլ 08,2015 14:33

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, նկատեց, որ գյուղերում դրա արդյունքում գործազրկության մակարդակի բարձրացման հավանականությունը շատ մեծ է:

Պարոն Խաչատրյանի խոսքերով` 2013 թվականի վիճակագրական տվյալներով` գյուղական համայնքների բնակիչների եկամուտների մեջ  տրանսֆերտները կազմել են 13.3%, իսկ քաղաքային բնակավայրերինը` 10.4%: «Այսինքն` գյուղերում ավելի քիչ աշխատատեղ կա, զբաղվածության խնդիր կա, ինչի հետեւանքով մարդիկ ավելի շատ են մեկնել արտագնա աշխատանքի եւ ուղարկած տրանսֆերտներն ունեն ավելի մեծ տեսակարար կշիռ: Հիմնականում այն համայնքները, որոնց խոշորացման հարցն է բարձրացվում, իրենց եկամուտը կարողանում են ապահովել գյուղմթերքների եւ անասունների վաճառքից, որը կազմում է եկամուտների մոտ 18%-ը»,-ասաց տնտեսագետը:

Վիլեն Խաչատրյանը մտահոգություն հայտնեց` արդյոք համայնքների խոշորացումով վարձու աշխատանքից եկամուտ ստացողների թիվը կավելանա՞, թե ոչ. «Կարծում եմ` ոչ. նոր աշխատատեղեր չի ստեղծվելու դրա արդյունքում, ավելին, այն որ գոյություն ունեն գյուղապետարաններ ու դրանց աշխատակազմ, խոշորացման արդյունքում լինելու է մեկ ներկայացուցիչ եւ կրճատվելու են գյուղապետարանների անձնակազմերը»:

Տնտեսագետը նկատեց, որ գյուղերի միավորման, խոշորացման արդյունքում, այն համայնքը, որն  ամենաշատ բնակչություն ունենա, այստեղից էլ լինելու է միավորված, խոշորացված համայնքի ներկայացուցիչը. «Տեղի է ունենալու մի պրոցես, ինչպիսին առկա է մարզերում. Մարզպետը, որ համայնքի ներկայացուցիչ է լինում, հենց իր համայնքին էլ ամենալավն է նայում»:

Մանրամասն` տեսանյութում

Տնտեսագետն ասաց, որ համայնքների խոշորացման ծրագիրը սկսելուց առաջ լավ կլիներ համայնքների ենթակառուցվածքների խնդիրները լուծեր կառավարությունը: Բացի այս, ըստ Խաչատրյանի, համայնքների խոշորացման խնդիրը կարելի է լուծել այն դեպքում, եթե այդ խոշորացված համայնքներն ունենան այն եկամուտների բաղադրիչը, որ կարողանան իրենց խնդիրները լուծել` միավորվելով նրանց եկամուտներն էլ պետք է ավելին լինեն. «Եթե սա մեխանիկական միավորում է, ուրեմն ջրագծերն էլ կմնան հին ու մաշված, ճանապարհներն էլ: Խոշորացումից որեւէ լավ արդյունք չի լինի»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ կառավարությունը վստահեցնում է, թե  ֆինանսական խոշոր խնայումներ կլինեն, Խաչատրյանն ասաց`«Ո՞ր տեսանկյունից. որ մի հատ  գյուղապետարանի շենքային պայմաններ են կրճատում, հաստիքներ են կրճատում: Չեմ կարծում սրանով կարելի է խնդիր լուծել: Այդ մարդիկ եկամուտներից են զրկվելու: Տնտեսում կլինի, բայց դրա արդյունքում ո՞ր խնդիրները կլուծվեն, սա է խնդիրը»:

Վիլեն Խաչատրյանի խոսքերով` շատ դժվար կլինի համայնքների միավորումը, հիմա էլ բնակիչներն ասում են, որ դրանից իրենց անկախացումն է կորելու, գտնում են, որ լինելու են անտեսված: Տնտեսագետի կարծիքով` համայնքների խոշորացումով ու միավորումով համայնքների միջեւ շահերի բախում կլինի:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930