Լրահոս
Օրվա լրահոսը

Դարից անց էլ՝ նույնն է թուրքը

Ապրիլ 10,2015 16:19

Շուրջ 15 տարի առաջ, մի կիսաընկերական փոքրիկ հավաքույթի ժամանակ, երբ թվում էր, թե հարկավոր կենացները խմվել են, սեղանակիցներից մեկը` մի սովորական, համեստ մարդ, քիչ հուզված տեղից բարձրացավ և ասաց, թե ինքն ուզում է մի անսովոր կենաց ասել: Երբ հետաքրքրությամբ բոլորս լռեցինք, նա փոքր-ինչ կերկերուն ձայնով, սակայն հաստատակամ ասաց. «Այս բաժակով խմում եմ թուրքերի երեխաների կենացը…»: Ցնցվեցի և մինչև հոգուս ամենանվիրական լարերը վիրավորված` արդեն ուզում էի պատասխանել, երբ նա բացատրության պես ավարտեց` «…որ իրենց պապերի նման արնախում ու բարբարոս չմեծանան, և մենք էլ նորմալ հարևաններ կունենանք»…

Սակայն` ահավասիկ իրականությունը – նույնն է թուրքը, չի փոխվել` 1894-ից արդեն պետական մակարդակով կազմակերպված և շուրջ երեք տասնամյակ իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման գագաթնակետ 1915-ից ուղիղ 100 տարի անց` իրենց ցեղասպան նախնիների այսօրվա ժառանգներն ապրիլի 24-ը ցինիկաբար հռչակում են ինչ-որ կռվի հաղթավարտի օր:

Նույնն է թուրքը, չի փոխվել` հայերի ցեղասպանությունը ժխտող, Քեսաբ ու Սիրիա հայաթափող, Հրանտ Դինք սպանող, հայ-թուրքական արձանագրություն կորզող, պատմաբանների հանձնաժողովին 1915 վերապահող, «Արցախը` Ադրբեջանին» տալու դիմաց սահմանի բացումը պայմանավորող, կովկասյան թաթարների հայասպանությունն օժանդակող, հայկական քաղաքակրթության մասունքները վերացնող, Իսլամական դահիճապետությունը սնուցող:

Նույնն է թուրքը, չի փոխվել…

«Ամեն ինչ պղծված է և ավերված` այստեղով թուրքն է անցել»:

Վիկտոր Հյուգո

 

Թուրքերն իրենց հրեշավոր` հայկական տարածքների բռնազավթման և հայաջինջ քաղաքականության կենսագործման համար միշտ էլ գտան դաշնակիցներ: Մեզ համար ամենակորստաբերը լենինյան ինտերնացիոնալ բոլշևիզմի հետ գործարքն էր, ինչի շնորհիվ թուրքերը 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով փաստացի յուրացրեցին մեր հայրենիքի զգալի մասը (Նախիջևանն էլ նվիրաբերելով կրտսեր ցեղասպան եղբորը` թաթար-ազերուն): Հայ ժողովրդին պատկանող տարածքների հաշվին կնքված այդ աղաղակող ապօրինի դաշնագրերի վիճարկումը և դադարեցումը պետք է ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում` համահավասար Լեռնային Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հետ:

Թերևս, դժվար է պատկերացնելը, թե ինչպես պետք է` Արցախի տարածքները «մադրիդաբար» բանակցած, Ռուսաստանի ստրուկը դարձած, մեղադրվող ռուսին հայ իրավապահներին հանձնելու ԱԺ հայտարարության նախագիծը տապալած, ֆուտբոլային թուրքադիվանագիտություն խաղացած իշխանագողերը համարձակվեն գործել Կրեմլի և մերօրյա Բարձր դռան դեմ: Սակայն ակնհայտ է նաև, որ քաղաքական ու քաղաքացիական լայն քննարկումների և հանրայնացված հրամայականի շնորհիվ միայն հնարավոր կլինի խնդրի հասունացումն ու ներառումը հայկական քաղաքական օրակարգում: Որքան լռենք` այնքան Պուտինն ավելի շատ կկարոտի Աթաթուրքին, և ռուս-թուրք-ազերի եղբայրության նորանոր փայլատակումները Հայաստանի և Արցախի գլխին այլ փորձանքներ կբերեն:

Հայ ժողովրդի իրավատիրության բարձրաձայնման և կենսակոչման ուղիներից մեկն էլ, անշուշտ, օրենքով հռչակելն է Հայաստանի իրավունքների տարածումը Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքների նկատմամբ:

Հայոց պատասխանը թուրքին, ռուսին, թաթարին…

Ապրիլի 2-ին ներկա էի իմ կողմից չափազանց հարգված Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենքի նախագծի հանրային քննարկմանը (կազմակերպիչը «Ժառանգությունն» էր): Զարուհու հեղինակած օրինագծի անվանումն է` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Ըստ իս` ահա այս օրինագծի քննարկումը և ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից լիիրավ կհանդիսանա որպես հայրենատիրության իրավական հռչակում (նաև պատասխան` հավերժ ցեղասպաններին):

Օրինագծում ներառված իրավաքաղաքական և պատմական հիմնավորումները, հայրենի բնօրրանի նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքի ճանաչումը, տարածքային, նյութական և բարոյական պահանջատիրության իրացմանը հետամուտ լինելը և Թուրքիայի կողմից բռնազավթված Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իրավունքի մասին դրույթները հիմնավոր պատկերացում են տալիս օրենքի նախագծի բացառիկ կարևորության մասին: Եվ սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի բռնազավթած հայկական տարածքների վերաբերյալ Հայաստանում նման իրավական փաստաթուղթ է ստեղծվում: Այդ տեսանկյունից` օրինագիծը, ըստ իս, իր կարևորությամբ համեմատելի է միայն Անկախության հռչակագրի հետ:

Այս օրինագիծը, իմ խորին համոզմամբ, արտահայտում է բովանդակ հայ ժողովրդի նվիրական իղձերը: Օրենքի նախագծի քննարկմանը ելույթ ունեցողներից (բոլոր բանախոսներն էլ ողջունեցին օրինագիծը) բավականին դիպուկ արտահայտվեց «Մոդուս-վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը` նշելով, թե այս օրինագծի ընդունումը շատ կարևոր է, և հայրենատիրության, վնասների հատուցման և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից որպես առաջին և նվազագույն պարտադիր քայլ` խորհրդարանը պետք է ընդունի այս օրենքի նախագիծը (ըստ իս, զուգահեռ` հանրային օրակարգ պետք է բերվեն նաև Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դադարեցման մասին քաղաքական և իրավական քննարկումները):

Իշխանությունները պարտավոր են ընդունել վերոնշյալ` գերված Հայրենիքի ազատագրման իրավունքի իրացումն ամրագրող օրենքի նախագիծը: Դա նաև հայերիս արժանապատվության հարցն է: Բոլորս ենք հիշում, թե ինչպես ՀՀԿ քաջքերը հինգ տարի խորհրդարանում պահեցին հայ-թուրքական արձանագրությունները (ի դեպ, նույն Զարուհին էր, որ, ի տարբերություն կոալիցիացվելու մուրազով լռող «ազգայնական» դաշնակցականների, յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում կոչ էր անում ԱԺ օրակարգից հանել այդ խայտառակ արձանագրությունները); Խորհրդարանից այժմ հանված այդ ԱՄՈԹԻՆ պետք է փոխարինի և 131 կողմ ձայներով ընդունվի ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ` Զարուհու հեղինակած օրենքի նախագիծը, որն իրավատեր և արժանապատիվ հայ ժողովրդի օրինագիծն է:

Հ.Գ. ...Մեզ զինաթափեց «կենաց-մաղթանքն» ասող մարդու սրտաբուխ անկեղծությունը, և այն, որ մի պահ անրջեցինք, թե` հիրավի, իսկ որ ժողովուրդը (հատկապես` հայերս) չի ցանկանա ունենալ խաղաղ և անչար դրկից հարևան: Սակայն` ահավասիկ իրականությունը – դարից անց էլ` նույնն է թուրքը...

 

Արամ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930