Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը նախագահից անցնելու է ՀՀԿ-ի վերխուշկային, Սամվել Ալեքսանյանից է կախված լինելու»

Ապրիլ 15,2015 17:58

Այսօր Սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության դերի մասին քննարկում էր կազմակերպվել: Մասնակիցներից մի քանիսը, այդ թվում նաեւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրին, որ իշխանություններն ուզում են պարզապես վերարտադրվել եւ բարեփոխումների իմիտացիային քաղհասարակությունը ինչո՞ւ պիտի մասնակցի:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ վերարտադրություն լինելու է նաեւ գործող Սահմանադրությամբ. «Ուղղակի կարող է Սերժ Սարգսյանի փոխարեն լինի մի ուրիշ անձ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը: Իմ կարծիքով, Սահմանադրական փոփոխությունների նպատակն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելով՝ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը: Բայց նախորդն էլ է վերարտադրություն: Ի՞նչ եք առաջարկում, ես դեռեւս չգիտեմ»:

IMAG0141

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ քաղաքական ինդիկատորների անբավարարության պատճառով Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների զարգացման ծրագրից: Բայց ըստ նրա, մյուս կողմից էլ հասարակությանը սա չի հետաքրքրում, չկա գիտակցումը, որ Սահմանադրությունը փոխելով՝ երկրի վիճակը կլավանա եւ իր վիճակն էլ կլավանա. «Դա գալիս է նախ նրանից, որ կառավարման համակարգի կարգավորումը այլ օրենքներով է գալիս, քան գրված է Սահմանադրությունում: Մենք տեսնում ենք, որ այս 20 տարիների ընթացքում իշխանափոխություն ընտրությունների միջոցով տեղի չի ունենում»:

Պարոն Հոկտանյանն ասաց, որ մարդկանց մեջ վստահության պակասն է այստեղ լուրջ խնդիր: Չկա վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ եւ անգամ միմյանց նկատմամբ:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն էլ բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. «Մեզ մոտ ասում են, որ հաճախենք փոխում, ամեն նախագահ որ գալիս է, Սահմանադրություն է փոխում: Մեր Սահմանադրությունը փոխվել է 10 տարի առաջ: Փոփոխությունները 2005-ին կառավարման համակարգի վրա արմատական ազդեցություն չունեցան: Հարցը հենց կառավարման համակարգն է, այն գերկենտրոնացումը, որը հաճախ ի չիք է դարձնում այն դրականը, որը կա այսօր մեր Սահմանադրության տեքստում: Երբ փորձեցինք նախագահի լիազորությունները կրճատել՝ որեւէ օգուտ չտվեց, եթե ունենում է մեծամասնություն, կառավարությունն է ձեւավորում, դատավորների նշանակման հարցը կա եւ այլն: Նպատակը կառավարման հիմնախնդիրներին անդրադառնալն է: Ես չեմ ասում, որ դատավորների նշանակումը այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից դատական իշխանության անկախության համար նշանակություն չունի»:

Ըստ Վարդան Պողոսյանի, վարչապետի կամ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում կոլեկտիվ կառավարում է լինում: Վարչապետը պետք է թիմի կարծիքը հաշվի առնի, հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ նրա պաշտոնավարումը երկար չի տեւի. «Ընտրելով նախագահ, կարող է լավ բաներ անի երկրի համար, բայց կարող ենք նաեւ սխալվել: Երկրի ճակատագիրը երբ կախված է վատ կամ լավ անձի ընտրությունից, ապա այդ համակարգը խոցելի է: Ցավոք, ընտրողն իր ձայնը չի գնահատում: Եթե մենք չունենանք քաղաքացիական ակտիվություն, մենք չենք ձեւավորի քաղաքացիական մշակույթը: Եթե չկան քաղաքացիական հակակշիռներ, վտանգը մեծանում է»:

Նա հայտնեց նաեւ անձնական տեսակետ՝ որպես ՀՀ քաղաքացի. «Չպետք է միայն մտածենք այն մասին՝ իշխանությունը լավ բան է առաջարկում, թե վատ: Եթե կանգնենք ու սպասենք, որ իշխանությունը լավ բան առաջարկի, շատ-շատ երկար կարող ենք սպասել: Ես հենվում եմ 2003-2005-ի փորձի վրա, կարելի է մասնակցել քննարկումներին, առաջարկություններ ներկայացնել: Միայն այդ պայմաններում կարող է ազատությունը ծիլեր տալ եւ դրական զարգացում լինի երկրի սոցիալ-քաղաքական կյանքում: Եթե ասենք, որ նպատակը միայն վերարտադրությունն է եւ բոյկոտենք հանրաքվեն,ապա լավագույն դեպքում մնալու է այն, ինչ կա: Իսկ այն, ինչ կա, խոցելի է եւ երկրի զարգացման արգելակներից մեկն է»:

Վարդան Պողոսյանը նաեւ ասաց, որ չի ընդունում, երբ ասում են՝ Սահմանադրությունը լավն է, բայց վատ են կառավարում. «Լավ Սահմանադրությունն այն է, որ ժողովրդին հնարավորինս լայն հնարավորություն տա մասնակցելու իր երկրի կառավարմանը»:

Հովսեփ Խուրշուդյան ասաց, որ այնպես չի, որ ինքը կողմնակից է բոյկոտի. «Իշխանությունն է օրակարգը թելադրում, ինչքան էլ բանիմաց սահմանադրագետներ մասնակցեն նոր Սահմանադրության ստեղծմանը: Իշխանությունը գործող նախագահից անցնելու է ՀՀԿ-ի վերխուշկային: Սամվել Ալեքսանյանից է կախված լինելու, իրենք են ստեղծում իշխանությունը: Սա է իմ մտահոգությունը: Զիջենք, զիջենք, բայց հոտն իրենք շատ լավ են առնում եւ ատամներով պահում են, գիտեն ինչի չեն համաձայնվում մեզ հետ, ինչի չեն համաձայնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930