Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 17,2015 18:20

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Հայոց ցեղասպանության հետ կապված հայտարարություն է արել: Ստորեւ ներկայացնում ենք այն որոշակի կրճատումներով.

«Պատմությունը շարունակում է բաժանել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին, սակայն կան շատ քաղաքացիական, մշակութային եւ ակադեմիական նախաձեռնություններ, որոնց նպատակն է վերամիավորել երկու հասարակությունները: Ապրիլի 24-ին նշվելու է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, տեղահանությունների եւ սեփականության իրավունքների զրկելու 100-րդ տարելիցը, որի արդյունքում հայերը գրեթե ամբողջովին վերացան Անատոլիայից:

Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումները եւ նրանց ցավալի ժառանգությունը երկու հասարակություններում լուրջ հակասություններ թողեցին: Այնուամենայնիվ ուրախալի է տեսնել, որ այսօր շատ մարդիկ փորձում են հաղթահարել այս դժվարին ժառանգությունը եւ նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանը եւ համատեղ պատմության վերակառուցմանը, ցուցադրելով իրական մարդու իրավունքների ոգի:

Ձնհալը սկսվել է

Քննարկումները Թուրքիայում այն բանի շուրջ, ինչը ձեւականորեն կոչում են «1915-ի իրադարձություններ», երկար տաբու էր կամ նույնիսկ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մասին քրեական հետապնդման ենթակա հարց էր: Վերջին տարիներին այս հոդվածով հետապնդումները ավելի հաճախակի են դարձել եւ քննարկման տեղ է առաջացել: Այս տարածքը ստեղծվել էր մի շարք համանման զարգացումների պատճառով, մասնավորապես՝ թուրքերի եւ հայերի  ավելացած շփումների եւ ներքին թուրքական քաղաքական եւ մշակութային էվոլյուցիայի արդյունքում:

Թեեւ սահմանը փակ է, սակայն երկու երկրների ազգությունները վայելում են հարեւան երկրների ազատ ճանապարհորդությունը: Որպես արդյունք` Թուրքիա գնացող հայերի թիվը 2000 թվականի 5.500-ից 2013-ին դարձել է 73.000:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի հետ անցյալի մասին բանավեճը զգալի փոփոխությունների է ենթարկվել: 2005 թվականի Ստամբուլի համաժողովը շրջադարձային նշանակություն ունեցավ: Դրանից հետո Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գիտական աշխատանքներ են կատարվում Թուրքիայում: Մեկ այլ շրջադարձային իրադարձություն էր 2007 թվականին լրագրող Հրանտ Դինքի սպանությունը:

Քաղաքացիական հասարակության վերջին նախաձեռնությունները

Վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունների կողմից մի շարք նախաձեռնություններ եղան, որոնք ցույց տվեցին, որ ժողովուրդ-ժողովուրդ դիվանագիտությունը առաջ է անցել պաշտոնական հարաբերություններից, որոնք փակուղային վիճակում են: 2009 թվականից սկսած` Թուրքիայի «Հրանտ Դինք» հիմնադրամը կազմակերպում է լրագրողական փոխայցելություններ:

2014 թվականին Թուրքիայի եւ Հայաստանի 8 հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը Եվրամիության աջակցությամբ մեկնարկեց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»-ին ծրագիրը: Այս ծրագիրը ներառում է լրագրողների, արվեստագետների եւ բնապահպանական ակտիվիստների փոխայցելություններ, ամառային դպրոցներ ուսուցիչների համար, բանավոր պատմության ծրագրեր, ցուցահանդեսներ, թուրք-հայկական երիտասարդական նվագախմբին աջակցություն եւ ակադեմիական զրույցներ:

Սրանք քաջալերող քայլեր են, որոնք եթե շարունակվեն կարող են հիմք ստեղծել ցավոտ անցյալով արդյունավետորեն զբաղվելու համար: Նրանք արդեն նպաստել են թուրք հասարակության էվոլյուցիային: Անցյալի հետ հաշվի նստելը պահանջում է կարեկցանք եւ փոխըմբռնում եւ այս նախաձեռնությունները կհանգեցնեն այդ նպատակին: Սա նաեւ կարող է որպես հիմք ծառայել երկու երկրների իշխանությունների դիրքորոշումների էվոլյուցիայի համար:

Մարդու իրավունքների շրջանակը

Օսմանյան կայսրության կողմից հայերի տեղահանումը եւ ջարդը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է: Մարդու իրավունքների առաջին օրենքը կարող է ամփոփ ասվել որպես «ոչ մի անպատժելիություն»: Այնուամենայնիվ ողբերգությունից 100 տարի է անցել, կազմակերպիչները կենդանի չեն եւ չեն կարող պատասխանատվության ենթարկվել: Թուրքիայում անցյալի հետ հաշվի նստելու մեկ ցուցիչ կարող է լինել անցյալի այս մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման էմուլյացիան:

Պաշտոնական դիրքորոշում ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Թուրքիայի ղեկավարների քաղաքական հայտարարությունները, այլեւ ինստիտուցիոնալ դիրքորոշումը, որը կարտացոլվի պաշտոնապես հաստատված դպրոցների պատմության դասագրքերում, պետական ֆինանսավորմամբ իրականացվող թանգարանային ցուցահանդեսներում եւ այլ մշակութային արտադրանքներում: Արդյոք հանցագործները դատապարտվա՞ծ եւ հանցագործությունը խոստովանա՞ծ է: Թե՞ նրանք անտեսված, ստորադասված, արդարացված կամ նույնիսկ փառավորված են:

Մարդու իրավունքների գծով երկրորդ մոտեցումը կարելի է ամփոփել որպես «անդրադառնալ զոհվածների եւ նրանց ընտանիքների կարիքներին»: Չնայած քիչ փրկվածներ կան, որ մեզ հետ են 100 տարի անց, սակայն նրանց ժառանգներից շատերը նույնպես տուժել են տեղի ունեցածից: Մարդու իրավունքների մոտեցումը նախատեսում է տարբեր ուղիներ մարդու իրավունքներից ոտնահարումից տուժածներին փոխհատուցելու համար:

Այդ ուղիներից մեկը` ողբերգության ճանաչում ոգեկոչման ամսաթվերով, ծեսերով եւ հուշարձաններով: Եղել են դեպքեր, երբ գույքը Թուրքիայում վերադարձվել է հայերին եւ հայկական մշակութային ժառանգության որոշ մասերը Թուրքիայում վերականգնվել են: Այս նախաձեռնությունների նշանակությունը, այդ թվում Թուրքիայի հասարակության համար, չպետք է թերագնահատել: Վերջերս Վանի քաղաքային խորհուրդը նույնպես վերականգնել է հայկական տեղանունները: Սակայն շատ ավելի շատ բան կարող է կատարվել այս ոլորտում:

Ոգեկոչում եւ համերաշխություն

Հայաստանում 100-րդ տարելիցը հանդիսավոր արարողություններով եւ ցեղասպանության վերաբերյալ խոշոր միջազգային գիտաժողովով կնշվի ապրիլի 24-ին: Իմ վերջին երկու այցերի ընթացքում երկու անգամ ես այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Քանի որ տարելիցը մոտենում է, իմ մտքերն ու համերաշխությունը կրկին զոհերի եւ նրանց ժառանգների, ինչպես նաեւ եւ Հայաստանի, եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ակտիվիստների, գիտնականների, լրագրողների եւ արվեստագետների հետ է, որոնք ձգտում են նպաստել փոխադարձ ըմբռնմանը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930