Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններ. «Սատանան մանրամասների մեջ է»

Մայիս 03,2015 22:02

 

Անգլերենով այսպիսի ասացվածք կա. «սատանան մանրամասնություններում է գտնվում» (“the devil is in the details”): Այսինքն՝ խոսքերը սիրուն են, բայց երբ բանը կա բուն գործին, ամեն ինչ կախված է այդ բուն գործը անելու ոճից: Ահավասիկ եւ այսպիսի հակազդեցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Նախ, ի՞նչ է սահմանադրություն կոչեցյալը: Շատ չխորանալով քաղաքական տեսությունների (սատանայական մանրամասնությունների՞) մեջ, երկու գլխավոր դրույթ նշեմ: Առաջինը՝ սահմանադրությունը իրենից «հասարակական պայմանագիր է ներկայացնում. ժողովուրդը ինքը ինչ-որ մի մեխանիզմով իր ընդհանուր կամքն է արտահայտում այդ փաստաթղթին միջոցով: Ոչ թե որեւէ մենապետ կամ այլ օժտյալ անձ է քաղաքական կարգ հաստատում ու քաղաքական որոշումներ կայացնում, այլ՝ ընդհանուր ժողովուրդը: Երկրորդ՝ սահմանադրություններ իշխանությունն են բաշխում. ոչ թե մի անհատ կամ խումբ՝ անգամ քվեարկությամբ ընտրված, ամբողջ իշխանությունն են ձեռք բերում, այլ զանազան գործակալություններ, զանազան պաշտոնական մարմիններ զանազան գործառույթներ են իրականացնում՝ մեկը մյուսին հակազդելով, մեկը մյուսին հակակշիռ հանդիսանալով: Այդպիսով, ոչ մի անհատ կամ խումբ չի կարող լայնածավալ ազդեցություն ունենալ:

Հիմա, սահմանադրական վարչակարգերը կարող են մի քանի ձեւ լինել: Հայաստանում այսօր գործում է կիսանախագահական մոդելը, իսկ առաջարկվող փոփոխություններով անցումը պետք է կատարվի դեպի խորհրդարանականի: Պնդումն այն է, որ երկրորդ տարբերակն ավելի արդյունավետ կգործի, մասնավորապես որով հետեւ նախագահական կամ կիսանախագահական համակարգում հանրապետության նախագահը գերհզոր դիրք է ստանձնում:

Իրականությունն այլ է: Իրականում, խորհրդարանական համակարգի վարչապետը շատ ավելի ազդեցիկ է իր պաշտոնական դերում, քան նախագահը նախագահական կամ կիսանախագահական համակարգում:

Ինչպե՞ս: Հաշվի առնելով իշխանության երեք գլխավոր ճյուղերը (օրենսդիր, գործադիր, դատական), պառլամենտական համակարգում դրանցից երկուսը միաձուլվում են: Օրենսդիրները քվեարկությամբ են հասնում խորհրդարան, եւ դրանց ղեկավարը հենց խորհրդարանում դառնում է գլխավոր որոշում կայացնողը՝ գործադիրը: Վարչապետը խորհրդարանում կարող է օրենսդրություն անցկացնել առանց որեւէ խնդրի, քանզի տեսականորեն արդեն մշտապես վայելում է խորհրդարանի մեծամասնության հավանությունը:

Նախագահական կամ կիսանախագահական երկրում, սակայն, կարող է պատահել, որ գործող նախագահը եւ խորհրդարանի մեծամասնությունը կուսակիցներ չլինեն (սա կոչվում է «cohabitation»): Այսինքն, որոշում կայացնելու համար հավելյալ էտապ է առաջ գալիս: Սա է սահմանադրական հակակշռի իմաստը, ինչը խորհրդարանական համակարգում չափազանց թույլ է դառնում:

Կիսանախագահական մոդելի ակունք Ֆրանսիայում «cohabitation»-ի դեպքեր պատահել են: Ռուսաստանում երբ նման մի փորձ ապրեցին 1993-ին, վերջապես բանակը ներխուժեց խորհրդարանին շենքը: Ֆրանսիայում այդ քայլին չդիմեցին ո՛չ Միտերանը, ո՛չ Շիրակը: Տարբեր մոտեցումների պատճառը ոչ թե տարբեր սահմանադրություններն էին, այլ բռնի ուժի արժեւորումը օրենքի ուժի հաշվին:

Մեր երկրում, իհարկե, դժվար է «cohabitation» իրավիճակ պատկերացնել: Հենց դա է արտահայտում խորը, իսկական խնդիրը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության հոդվածները մի կողմ դնենք. քաղաքական մշակույթն է առանցքային դեր խաղում: Ինչպիսի համակարգ էլ համարվի առավել արդյունավետ կամ արդար, եթե օրենքը չի հարգվում, եթե մարդու իրավունքների հերթական խախտումներ են տեղի ունենում, ուրեմն սահմանադրության դասակարգումը որեւէ կապ չի ունենա:

Կարճ ասած՝ քաղաքակրթության սակավությունը վարչակարգերի միջեւ չի տարբերակում:

Իսկ այնպես չէ, որ խորհրդարանական հանրապետություններ միշտ կայուն են գործում: Իսրայելում կամ Իտալիայում, օրինակ, շատ հաճախ են կառավարություններ տապալվում, շատ հաճախ են ընտրություններ անցկացվում: Սա եւս քաղաքական մշակույթի հետեւանքներից է. սահմանադրությունը կապ չունի: (Իհարկե, եթե սպասելի լինի, որ Հայաստանում գործի ընդամենը մեկ կամ երկու-երեք կուսակցություն, կոնկրետ այս վտանգը հավանաբար չի սպառնա:)

Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ արծարծվում են քվեարկության համակարգի փոփոխություններ: Այսինքն, եթե անցումը կատարվի դեպի խորհրդարանական համակարգ, ուրեմն պնդումն այն է, որ կլինեն միայն համամասնական ընտրություններ՝ ըստ կուսակցական ցուցակների: Մեկը իրականում մյուսին հետ որեւէ կապ չունի: Քվեարկության համակարգը կարող է որեւէ ձեւ լինել որեւէ կառավարական համակարգում:

 

Նաեւ կարելի է խորհրդարանի կանոնակարգի մասին խոսել: Դա կարող է խոշոր ազդեցություն ունենալ որոշումներ կայացնելու մեջ, եւ դա եւս չի արտահայտվում սահմանադրությամբ, այլ՝ որպես առանձին օրենք: Եթե նոր սահմանադրությունը, օրինակ, հազիվ մի հոդված տրամադրի խոսնակի կամ խորհրդարանի նախագահի պաշտոնին, ապա կանոնակարգ-օրենքը կարող է նրան լայն իրավունքներ տալ: Արդյունքում, գուցե փաստի առաջ կկանգնեն ե՛ւ նոր սահմանադրությամբ լիազորված վարչապետը, ե՛ւ նոր հանրապետության նոր նախագահը:

Վերջապես, սահմանադրության «հասարակական պայմանագիր» լինելու փաստը ամրագրվում է հանրաքվեով: Հենց դրանում է իմաստը. բոլորս մեր կամքն ենք արտահայտում, թե ինչպիսի հասարակություն պետք է կազմակերպվի: Հայաստանում, սակայն, գրեթե երբեք չեն անցկացվել ազատ ու արդար՝ լեգիտիմ ընտրություններ, անգամ սահմանադրության համար: Այսինքն, ամենահարմար փաստաթուղթն անգամ խախտմամբ, եթե ընդունվի, դա ի սկզբանե կդնի ամբողջ հասարակարգը ոչ-լեգիտիմ հիմքի վրա:

Սա նուրբ ու միառժամանակ ծանր հոգեբանական ազդեցություն կունենա հասարակության վրա, թե՝ մենք մեզ ենք խաբում: Ժողովրդի արժանապատվությունը, անպայման, կխոցվի նման քայլով, շատ ավելի շատ քան երբ որեւէ նախագահական ընտրություն է խախտվում, քանի որ, գոնե տեսականորեն, այդ նախագահը հինգ կամ տասը տարի է պաշտոնավարելու, մինչդեռ սահմանադրությունը անժամկետ է:

«Սատանան մանրամասնություններում է գտնվում». մենք ունենք բարդ ու անմատչելի լեզվով գրված, սակայն քիչ թե շատ ողջամիտ հայեցակարգային փաստաթուղթ: Բայց եթե այդ հայեցակարգը վերածվի քիչ թե շատ ողջամիտ սահմանադրության, ու նույն ոճի քաղաքական մշակույթով շարունակվի գործել երկիրը՝ առանց հանդուրժողականության, առանց քննարկման ու փոխզիջման, առանց օրենքի գերիշխանության եւ մարդու իրավունքների հարգման, առանց ազատ ու արդար ընտրությունների… ուրեմն միեւնույնը կլինի՝ ինչ սահմանադրություն կհռչակվի Հայաստանի անվամբ:

 

Նարեկ Սէֆէրեան

Նարեկ Սէֆէրեանն իր կրթությունը ստացել է Նյու Դելհիում, Երեւանում, Սանթա Ֆեում, Բոստոնում, ու Վիեննայում: Իր գրությունների հետ կարելի է ծանոթանալ naregseferian.com կայքէջի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031