Լրահոս
Օրվա լրահոսը

Սաբինա Ֆրեյզեր. «ՀՀ-Ադրբեջան իրավիճակն այնքան վտանգավոր է, որքան 1994-ին»

Մայիս 05,2015 11:49

«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակն այնքան վտանգավոր է, որքան 1994-ին»,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց Ատլանտիկ խորհրդի Տրանսատլանտյան ծրագրի ավագ փորձագետ Սաբինա Ֆրեյզերը: Նա կարծում է, որ անվտանգության հետ կապված իրավիճակը հնարավոր է ավելի վտանգավոր դառնա, մանավանդ, որ 2013-2015 թվականներին հրադադարի խախտման դեպքերն ավելի հաճախադեպ են դարձել:

Հարցին` Ռուսաստանի ու Թուրքիայի` սերտացող հարաբերությունների ֆոնին ի՞նչ զարգացումներ կանխատեսել ԼՂ հակամարտության հարցում, տիկին Ֆրեյզերը պատասխանեց. «Ռուսաստանն ու Թուրքիան իրապես ամրապնդում են քաղաքական եւ տնտեսական կապերը, նույնիսկ արտաքին քաղաքականության հարցերի այնպիսի հիմնարար տարբերությունների պարագայում, ինչպիսին, օրինակ՝ Սիրիան է»: Ըստ նրա` Թուրքիան չունի պաշտոնական դերակատարություն ԵԱՀԿ-ում, ուստի Սաբինա Ֆրեյզերը չի կարծում, որ Ռուսաստանը, իրոք, համարում է Թուրքիային լուրջ դերակատար Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում:

Նա զուգահեռներ անցկացրեց Ղրիմի հարցով. «Որպես օրինակ` Ղրիմը, որտեղ Թուրքիան ունի բնական դաշնակիցներ ի դեմս Ղրիմի թաթարների: Արտահայտելով իր մտահոգությունն իրենց իրավունքների պաշտպանության հարցում` Անկարան օգտագործում է լուռ դիվանագիտության մեթոդը Մոսկվայի հետ»:

Սաբինա Ֆրեյզերը կանխատեսում է, թե «միայն լուրջ բախումների վերսկսման դեպքում Անկարան եւ Մոսկվան կմիավորվեն, որպեսզի խուսափեն ներքաշվել մի պատերազմի մեջ, որտեղ նրանք կլինեն հակառակ կողմերում»:

Հարցին` հնարավո՞ր է լայնածավալ պատերազմական գործողություններ` Սաբինա Ֆրեյզերն ասաց, որ կողմերը չեն ցանկանում անցնել լայնածավալ ռազմական գործողությունների, թեև մեծացնում են ռազմական բյուջեն՝ գործի դնելով այն, որի հետևանքով աճում է հակամարտության գոտում գրանցվող զոհերի քանակը:

Տիկին Ֆրեզերը չի բացառում, որ ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման դեպքում Մոսկվան թույլ տա հակամարտության կարգավորման քննարկումների ընդլայնում` ներգրավելով այդ գործում փորձագիտական մեծ խմբի, ինչպես նաև խորացնելով բանակցությունները տեխնիկական հարցերի շուրջ: Իսկ բանակցությունների ընդլայնումը ըստ նրա` ԼՂ հակամարտության կարգավորման բանալին է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031