Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիությունից համատարած հրաժարվելու վտանգ կա. խոպանչիներին հարկելու օրենքը բորբոքեց կրքերը

Մայիս 05,2015 14:41

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի» մասին  եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ: Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

Այս նախագիծն ԱԺ-ում բորբոքեց կրքերը: Ընդդիմացավ Հրանտ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ ամոթալի է այս օրենքի ընդունումը, որովհետեւ փոխանակ արտագաղթը կանխենք, ստացվում է, որ արտագաղթի ճանապարհը բռնած մարդկանցից ուզում ենք օգուտ քաղենք. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ գնում են աշխատելու ՌԴ-ում եւ որեւէ տեղ չեն գրանցվում: Դաշտը ուսումնասիրե՞լ եք, վերլուծություն արե՞լ եք: Օրինակ, եթե մարդը Չելյաբինսկում է աշխատում, ո՞նց եք վերահսկելու նրան: Եվ ինչի՞ եք անպայման ուզում շինարարության ոլորտի աշխատողներից հարկ գանձել, որովհետեւ մեծ մասը շինարարության համա՞ր է գնում: Իսկ եթե մեկը բժիշկ է աշխատում արտերկրում, ինչի՞ միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիներից հարկ չեք գանձում: Վատ արձագանք է ստանալու այս օրենքը, ասեմ: Եթե ընդունվի այս օրենքը, շատերը կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից եւ ընդհանրապես որեւէ տոկոս ՀՀ բյուջե չի մտնի»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ոչ թե լրացուցիչ օգուտներ են ուզում ստանալ, այլ օգուտների տեղաբաշխման խնդիր են կարգավորում. «Այն օգուտը, որը ստանում են օտարերկրյա պետությունները, մենք այդ օգուտը ուզում ենք տեղափոխել ՀՀ, որեւէ վատ բան այստեղ չկա: Ինչ վերաբերում է որեւէ տեղ չգրանցված աշխատողների վերահսկողությանը, բնականաբար, նա չի կարող վերահսկողության տակ լինել»:

Վահան Բաբայանն ասաց. «Մեր խնդիրը ո՞րն է, ՀՀ քաղաքացիներին Հայաստանում պահելը՞, թե՞ արտոնյալ պայմաններով մարդկանց ճանապարհելը: Ո՞րն է մեր օգուտը»:

Վախթանգ Միրումյանը համաձայնեց, որ մեր հայրենակիցների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, աշխատատեղ ստեղծելն է կարեւորը, բայց եթե իրականությունը սա է, որեւէ վատ բան չկա, որ օգուտները վճարվի ՀՀ-ում:

Ըստ Վախթանգ Միրումյանի, այսօր շատ բարդ է ԵՏՄ անդամ երկրներում առանց գրանցման աշխատել եւ ամբողջությամբ ունենալ չհարկված եկամուտներ. «ԵՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս, որ օրինական գրանցված աշխատողը չհարկվի տվյալ երկրում, այլ հարկվի ՀՀ-ում: Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին որեւէ տեղ գրանցում չունի, այս կարգավորումը դրան չի անդրադառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031