«Առաջին անգամ չէ։ Իշխանական թիմը միշտ էլ նյարդային պոռթկումների մեջ է լինում՝ հատկապես ընտրարշավների ժամանակ։ Դա նորություն չէ, և այս մասով առանձնապես անդրադառնալու բան չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ նյարդային դրսևորումների պատճառների մասին հարցին։
Դիտարկմանը՝ ՔՊ-ում վստահ են, որ խնդիր չունեն սահմանադրական մեծամասնություն ձևավորելու հարցում, հետևաբար անհասկանալի չէ՞ Նիկոլ Փաշինյանի հարձակումները ոչ միայն ընտրարշավին մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլ նաև իր տեսակետը չկիսող քաղաքացիների և այն քաղաքական գործիչների վրա, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, մեր զրուցակիցը արձագանքեց․ «Իրականում ոչ ոք չգիտի՝ ի՞նչ արդյունքներ են լինելու։ Սա Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և ամենաանկանխատեսելի ընտրություններն են»։
Հարցին՝ հնարավոր հետընտրական զարգացումներում ի՞նչ դիրքորոշում են ունենալու, Վահան Բաբայանը պատասխանեց․ «Այս ընտրություններում մենք լինելու ենք «սև կարապը»։ Հետընտրական գործընթացներում այս կամ այն կողմի հետ ինչ-որ գործընթացների մեջ մտնելու մասին այս պահին չենք խոսում, քանի որ դեռ ընտրարշավի մեջ ենք։ Երբ կմտնենք խորհրդարան՝ այն ժամանակ էլ կխոսենք»։
Ուղիղ հարցին՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին կմիանա՞ն, պատասխանեց․ «Վիրտուալ հարցերին չենք պատասխանում, վիրտուալ մոտեցումներին չենք անդրադառնում։ Երբ կանցնենք խորհրդարան, այն ժամանակ կքննարկենք մեր անելիքները։ Մենք ընտրություններին մասնակցում ենք առանձին և մեր ցուցակով։ Որևէ մեկին միանալու խնդիր, եթե ունենայինք, կգնայինք որևէ մեկի հետ։ Հետևաբար, նման հարցերի չենք էլ անդրադառնում։ Մեր խնդիրն է՝ խորհրդարանում հայտնվել, ունենալ ազդեցություն Հայաստանի քաղաքական գործընթացների վրա և իրականացնել բարեփոխումներ՝ 7 կետից բաղկացած մեր ծրագիրը։ Թե ինչպե՞ս ընթանան գործընթացները՝ ժամանակը ցույց կտա»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































