Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. Այցելել եմ սահմանամերձ բոլոր համայնքներ, և գրեթե բոլորը խմելու ջրի խնդիր են ունեցել

Մայիս 05,2015 16:11

Մայիսի 5-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վահան և Ճամբարակ սահմանամերձ համայնքներ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վահանի համայնքապետ Գուրգեն Բալյանը և Ճամբարակի համայնքապետ Յուրա Ավալյանը:

ՏԿԱԻ նախարարի առաջին կանգառը Վահան սահմանամերձ համայնքն էր: Ա. Երիցյանը եղավ Վահան համայնքի թանգարանում և ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին ու Վահանի ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան-պանթեոնին:

Այնուհետև նախարարն այցելել է համայնքի մանկապարտեզ, որը վերանորոգվել է 2012 թվականին՝ «Շեն» և SAGF բարեգործական կազմակերպությունների միջոցներով: Շենքն ունի արևային ջեռուցման համակարգ, որը տեղադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ:

Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Մնացականյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց տարածքում, եղավ հանդիսությունների սրահում, ծանոթացավ մանկապարտեզի հնարավորություններին և ընթացիկ աշխատանքին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 40 երեխա:

Նախարար Ա. Երիցյանը զրուցեց նաև գյուղացիների հետ, ծանոթացավ համայնքում առկա խնդիրներին: Համայնքապետ Գուրգեն Բալյանը նշեց, որ Վահանն ունի որոշ գյուղատնտեսական խնդիրներ, հիմնականում կապված գյուղտեխնիկայի հետ, սակայն ի տարբերություն շատ համայնքների՝ գյուղում լուծված է խմելու ջրի հարցը:

Ուրախալի է, որ գյուղը չունի խմելու ջրի խնդիր: Ես այցելել եմ սահմանամերձ բոլոր համայնքներ, և գրեթե բոլոր համայնքները խմելու ջրի խնդիր են ունեցել,-ասաց նախարարը:

Ճանապարհին նախարար Երիցյանն այցելել է նաև Վահան գյուղի մերձակա մարտական դիրքեր, որտեղ հրամանատարության հետ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության խնդիրները:

Մարզային այցի հաջորդ կանգառը Ճամբարակն էր, որը հանրապետության միակ քաղաքային սահմանամերձ համայնքն է: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է Ճամբարակի առողջական կենտրոն, որտեղ ծանոթացել է վերանորոգման աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և զրուցել բուժանձնակազմի հետ: Ա. Երիցյանը հետաքրքրվել է նաև առողջական կենտրոնի «1-03» ծառայության սպասարկմամբ:

Ճամբարակի բնակիչը, բացի ՎիվաՍել-ՄՏՍ-ից, այլ օպերատորի հեռախոսահամարից զանգելով «1-03» ծառայություն, կապ է հաստատում Երևանի «1-03» ծառայության աշխատակցի հետ: Մենք սերտ համագործակցում ենք նաև մյուս օպերատորների հետ, որպեսզի յուրաքանչյուր բջջային օպերատորի հեռախոսահամարից «1-03» զանգահարող Ճամբարակի քաղաքացին կապ հաստատի անմիջապես տեղի առողջական կենտրոնի հետ, – տեղեկացրել է նախարարը` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև սահմանամերձ համայնքների շտապօգնության մեքենաների արդիականացման ուղղությամբ:

Ճամբարակի առողջական կենտրոնի նոր մասնաշենքը վերանորոգման փուլում է և պատրաստ կլինի շահագործման ընթացիկ տարվա նոյեմբերին:

Կենտրոնի տնօրեն Արմեն Մելքումյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց կատարեց շինհրապարակում, ծանոթացավ կենտրոնի բաժանմունքներին, ծննդատանը, բուժսպասարկման այլ հնարավորություններին: Կենտրոնի տնօրենը նախարարին հայտնեց, որ նորակառույց հիվանդանոցը հագեցած կլինի ժամանակակից բուժտեխնիկայով և կունենա բարձրակարգ որակավորում ունեցող բուժանձնակազմ: Առողջական կենտրոնում գործելու է Ճամբարակում առաջին վերելակը:

ՏԿԱԻՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031