Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երաշխիք չկա, որ եզդիները կկանգնեն աշխարհի երեսից վերացման վտանգի առաջ

Մայիս 11,2015 14:40

ԱՄՆ նախագահ Բ. Օբամային

 

Պարոն նախագահ, արդեն 10-րդ ամիսն է, որ Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից շարունակվում է եզդիների և քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու ասորիների կոտորածը։

Արդեն 10-րդ ամիսն է, որ քաղաքակիրթ աշխարհը ԱՄՆ-ի, մասնավորապես, Ձեր գլխավորությամբ, փորձում է վերացնել «Իսլամական պետություն» կոչված չարիքը, սակայն, կարծես, հաջողություն չկա։ Իսկ հետևանքն այն է, որ առ այսօր 5 հազարից ավելի  եզդիներ գտնվում են գերության մեջ, որոնց որպես ստրուկներ վաճառում են մահմեդական երկրներում։

Այս վերջին օրերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից սպանվեցին 300-ից ավելի եզդիներ, ինչը մեկ անգամ էլ մեզ ստիպում է դիմելու Ձեզ՝ ԱՄՆ զորքը մտցնել Իրաքի հյուսիս, այն 10 հազար քառ. կմ տարածքը, որը համարվում է զուտ եզդիական տարածք և կոչվում է Եզդիխանա, որի մեծ մասը, ցավոք սրտի, գտնվում է այդ ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո։

Պարոն նախագահ, մեր հույսն ու հավատը ԱՄՆ-ն է՝ Ձեր գլխավորությամբ։ Մեր խնդրանքն այն է, որ ԱՄՆ զորքը մտնի վերոհիշյալ տարածք, աջակցի եզդիական, հստակեցնում ենք՝ ոչ թե քրդական, այլ եզդիական զորամիավորումներին, վերոնշյալ եզդիական տարածքների ազատագրման գործում և ապահովի եզդիական ինքնավարության ստեղծումն ու գոյատևումը, հակառակ դեպքում երաշխիք չկա, որ եզդիները՝ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, կկանգնեն աշխարհի երեսից վերացման իրական վտանգի առաջ։

Հասկանալի է, որ Եզդիական ինքնավարությանը դեմ են հատկապես քրդերը՝ Մահսուդ Բարզանիի գլխավորությամբ։ Քրդերը շատ վաղուց են ցանկանում տիրանալ եզդիների պատմական տարածքներին, այդ իսկ պատճառով շատ հաճախ օգտագործում են նաև որոշ ծախու եզդիների, օրինակ՝ Շեխ Շամոյի նմաններին։ Մ. Բարզանին Շեխ Շամոյին նշանակել է ինչ-որ հիմնադրամի նախագահ, ինչպես նաև նրան դարձրել քրդական ռեգիոնալ մարզի իշխանության խորհրդարանի պատգամավոր և նրա միջոցով նպատակ ունի ձախողել եզդիների կողմից ինքնավարության ստեղծումը։ Շեխ Շամոն ու նրա նման եզդիները վաղուց են սկսել պայքարը նաև եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին բեկի նկատմամբ, ով ներկայումս գտնվում է Գերմանիայում։ Թահսին բեկը, ով վերջերս Հայաստանում էր, պնդեց, որ քրդերը՝ Բարզանիի գլխավորությամբ և ծախու եզդիների աջակցությամբ (Շեխ Շամոյի նմանների), ստիպում են, որ եզդիներն իրենց կոչեն որպես «քուրդ-եզդիներ», որպեսզի փակվի եզդիների առանձին ազգ լինելու և եզդիական ինքնավարություն ստեղծելու հարցը։ Թահսին բեկը, ով ստիպված, երբեմն, ասել է, որ եզդիները քուրդ են, այժմ, երբ հեռու է Բարզանիից ու քրդական իշխանության ճիրաններից, միանշանակ պնդում է, որ եզդիներն առանձին էթնիկ ազգ են՝ եզդի, իրենց առանձին կրոնով ու լեզվով, և էթնիկապես որևէ կապ չունեն քրդերի հետ։

Պարոն նախագահ, մեկ անգամ էլ խնդրում ու աղաչում ենք, որ տեր կանգնեք մեր բազմաչարչար ժողովրդին, եթե ոչ, ինչպես նշեցի, մենք կվերանանք մեր նախնիների հայրենիքից՝ Եզդիխանայից։

ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆ

Եզդիների ազգային միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031