Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» վերագործարկելը նպատակահարմար չէ. 250-300 միլիոն դոլար է պետք, բայց մրցունակ ապրանք կտա՞ (Տեսանյութ)

Մայիս 13,2015 15:16

Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդրին՝ ասաց, որ Համաշխարհային բանկի փորձագետների՝ գործարանի տեխնիկական եւ ֆինանսական իրավիճակն ուսումնասիրելուց հետո արդեն նախնական տվյալները կան. ըստ այդմ, ՀԲ մասնագետները գտնում են՝ «Նաիրիտի» հետագա վերագործարկումն ու շահագործումը նպատակահարմար չէ: Բայց սա չի նշանակում այդ հարցով չզբաղվել, «Նաիրիտի» վերագործարկելու վերջնական ճակատագիրը որոշելու է կառավարությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ նախարարի, ՀԲ փորձագետների հիմնավորումները, թե ինչու նպատակահարմար չէ գործարանի վերագործարկումն ու շահագործումը, հետեւյալն է՝«Նախնական տվյալներով 250-300 միլիոն դոլար է անհրաժեշտ «Նաիրիտը» վերագործարկելու համար: Այն էլ պարզ չէ, դրանից հետո գործարանի արտադրանքը մրցունակ կլինի՞ միջազգային շուկայում, արդյոք այդ շուկան կլինի՞, թե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը դեռ անցյալ տարի «Ի՞նչ է, «Նաիրիտի» գնորդը Ղարաբաղի հա՞րցը պիտի լուծի» հրապարակման մեջ, առանց Համաշխարհային բանկի փորձագետների էլ վերլուծել էր գործարանի իրավիճակն ու վստահեցրել՝ «Նաիրիտի» վերագործարկումը նպատակահարմար չէ, ապրանքը մրցունակ չի կարող լինել, շուկա չկա, ճանապարհներ չկան»:

Այսօր Երվանդ Զախարյանը գործարանի աշխատավարձերի պարտքերին անդրադառնալով՝ ասաց, որ հույս ունի, որ մինչեւ տարեվերջ կկարողանան ամբողջությամբ մարել պարտքերը, որոնք առանց սոցվճարների եւ եկամտահարկի վերջին 4 տարիներին կազմել է 5.7 միլիարդ դրամ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարի ներկայացմամբ՝ «Նաիրիտում» բավականին լուրջ ֆինանսական ծանր իրավիճակ է, վերջին 4 տարիներին «Նաիրիտը» չի աշխատել, ընկերության խորհրդի որոշմամբ շուրջ 1700 աշխատող կրճատվեցին, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չլինի: Հիմա 480 հոգի է աշխատում հերթափոխով՝ գործարանի ընդհանուր պահպանման եւ անվտանգությունն ապահովելու համար:

«Գործարանի ընդհանուր գույքն ու բաժնետոմսերը գրավադրված են Միջպետական բանկում՝ «Ռայնովիլ» ընկերության կողմից: Համարժեք աշխատանքներն ենք տանում գույքը գրավից ազատելու համար, կարծես թե հարցը լուծվում է արդեն: Իմ կարծիքով մոտակա օրերին հարցի լուծումը կունենանք, գույքը վերջապես կհանվի գրավից, իսկ գույքը կհանձնվի ՀՀ կառավարությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031