Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ հիվանդությունը դրոշակ չեմ ուզում սարքել. ուզում եմ, որ կյանքս փրկվի, էրեխեքիս պահեմ մեծացնեմ»

Մայիս 14,2015 15:30

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Մնացական Ավդալյանը 1992-94թթ. իր պարտադիր զինվորական ծառայությունը Շամշադինում անցկացնելուց հետո որոշում է կամավոր դառնալ եւ հայրենիքը պաշտպանել, իր պարտքն է համարում ծառայել սեփական երկրին, սակայն թշնամու գնդակից նա չի կարողանում խուսափել, վիրավորվում է մարտական դաշտում եւ հիմա ստիպված է թշնամու գնդակից առաջացած ցավերը տանել, սակայն այլեւս չի դիմանում, ցավերն օր օրի անտանելի են դառնում:

«Առավոտի» հետ զրույցում նա խնդրում է իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես կա, առանց ավելորդ բառերի եւ նկարագրությունների, որեւէ մեկի մոտ խղճահարություն չի ցանկանում առաջացնել, ասում է՝ պարզապես հույս ունի, որ իր անօգնական վիճակին մեկն օգնության ձեռք կմեկնի: Ազատամարտիկի խոսքերով՝ վիրավորվելիս «կոնտուզիա» է ստացել, հետո վիրահատվել, բայց կասկածում է, որ վիրահատությունից հետո վարակ է անցել, ինչի պատճառով էլ սկսել է առողջական վիճակն օր օրի վատանալ: Տարիներ շարունակ բուժվել է՝ տարբեր ցավազրկողներ օգտագործելով, հայաստանյան բժիշկները նրա մոտ ախտորոշել են Կարմիր գայլախտ հիվանդությունը: Նա վերջերս է հիվանդանոցից դուրս գրվել, այս անգամ բուժող բժիշկը, ցավը մեղմելու համար նշանակել է մի դեղամիջոց, որը շատ թանկ արժե, սակայն միակ դեղամիջոցն է, որն ազատամարտիկի ցավերը կմեղմի: Սակայն Մնացական Ավդալյանը դեղը գնելու հնարավորություն չունի:

«Ես սովորական պահակ եմ աշխատում մեր գյուղի ջրամբարում: Փորձում եմ այդպես գումար աշխատել: Բայց դա շատ քիչ է,- ասում է նա եւ ավելացնում:- Տարիներ շարունակ այնքան գումար եմ վերցրել ուրիշներից, որ բուժվեմ, հսկայական պարտքեր են գոյացել»:

Ազատամարտիկը պատմում է, որ իր վիճակի մասին փորձել է տեղեկացնել երկրի բարձրաստիճան այրերին՝ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Հանրապետության նախագահին եմ դիմել, ասել է՝ խնդիր չկա, մի տասը օր փակ համարով զանգել են, հետո էլ չեն արձագանքել»,- պատմում է նա: Ասում է՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին էլ է դիմել. «Ծանոթացրել եմ վիճակիս մասին, ասել եմ՝ այս պայմաններում ունեմ հինգ միլիոն պարտք, ամբողջը կուտակվել է առողջական վիճակս լավացնելու համար, ասել եմ՝ եկեք, մտեք իմ սենյակը, տեսեք՝ ինչ կյանքով եմ ապրում, որ չասեք՝ փող է վերցրել, որ վեշ առնի: Հա, վերցրել եմ, գնացել եմ բուժման ու էդպես կուտակվել է: Նախարարն ասաց՝ գումարով կընդառաջենք, որ հոգսերդ հոգաս, ես գումարից հրաժարվեցի, ասացի՝ գումարը պետք չէ, եկել եմ դեղամիջոցի հետեւից:

Մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ տվեց ու ասաց, որ բուժմանս ընթացքի մասին կհետաքրքրվի: Այդ գումարով փակել եմ տոկոսներս, ունեցել եմ տասը տոկոսով վերցրած պարտքեր: Նախարարն ինձ ասաց՝ այդ գումարով քո սոցիալական հարցերը լուծի, հետո ես կօգնեմ քեզ, որ դեղն առնես»,- պատմում է նա: Ասում է, որ հիշյալ խոսակցությունը նախորդ տարվա նոյեմբերին է եղել: Վերջերս էլ, երբ հիվանդանոցում պառկած է եղել, պաշտպանության նախարարությունից նորից զանգել են, ասել, որ դեղը տուն կբերեն, բայց հետո նորից զանգել եւ ավելի էժան դեղ են առաջարկել. «Ես էլ ասացի, որ ավելի էժան դեղերը ես տարիներ շարունակ օգտագործել եմ, այսօր իմ բժիշկն ասել է, որ միակ իմ փրկությունն այսինչ դեղն է: 100 մլգ-ը 195.000 դրամ է:

Ինձ երկու հազար միլիգրամ է պետք, պետք է ընդունեմ չորս շաբաթ՝ յուրաքանչյուր շաբաթ հինգ հարյուր միլիգրամ, նորից նույն կուրսը պետք է շարունակեմ վեց ամիս հետո: Բայց հիմա դեռ մտածում եմ՝ մեկ կուրսը ընդունեմ, մի քիչ ցավերիս մեղմանան»,- ասում է Մնացական Ավդալյանը՝ նեղսրտելով, որ ցավերն այնքան ուժգին են, որ բոլոր հնարավոր ատյաններ դիմում է, միայն թե օգնություն ստանա՝ առողջապահության նախարարին եւ վարչապետին է դիմել, բայց օգնություն առաջարկող դեռ չկա: Այս ընթացքում բուժումները պետպատվերի շրջանակներում են եղել, ասում է՝ չեմ ուրանա, ոչ մի կոպեկ չեմ ծախսել բուժման համար, սակայն միայն իր բնակավայրից Երեւան հասնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, դրան ավելանում են նաեւ սննդի համար անհրաժեշտ ծախսերը:

Հաշմանդամ ազատամարտիկի առողջական ցավերին գումարվում է նաեւ ընտանիքի հոգսը, տուն չունի, կինը նույնպես հաշմանդամ է, ապրում է քրոջ հետ, որը նույնպես առողջական խնդիրներ ունի, իսկ 8 եւ 10 տարեկան որդիների ապագան նրա ամենամեծ անհանգստությունն է. «Պատերազմին մասնակցելիս միակ նպատակս հայրենիքս պաշտպանելն է եղել: Գնացել եմ. ինչպես բոլորը, այնպես էլ ես. մեռա՝ մեռա, ապրա՝ ապրա, ինվալիդ էկա՝ էկա: Հենց այդպես էլ եղավ: Ուզում եմ իմանաք, որ իմ հիվանդությունը դրոշակ չեմ ուզում սարքել: Ես չեմ էլ սիրում նման բաներ: Գնացել, կռվել եմ, իմ հող ու ջրի, իմ էրեխեքի համար եմ արել: Էսօր ուզում եմ, որ կյանքս փրկվի, էրեխեքիս պահեմ, տղերքիս մեծացնեմ… էլի հայրենիքիս, մեր բոլորիս համար է… Ես ավել բան չեմ ուզում»:

Իսկ մայիսի 9-ին, երբ բոլորի ուշադրությանն ու պատկառանքին պետք է արժանանային Մնացական Ավդալյանի նման մարդիկ, նա անտեսված է մնացել, չնայած ինքը ասում է. «Ուշադրության արժանացել եմ մեր գյուղապետարանի կողմից, եկել, ինձ տարել են, կենաց են առաջարկել, ուրիշ ոչ մի բան չի եղել…»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. «Առավոտը» երեւանյան դեղատներից հետաքրքրվեց՝ ազատամարտիկին անհրաժեշտ դեղամիջոցի երկու տարան 419 000 դրամ արժեր, յուրաքանչյուրում՝ 100 մլգ է:

«Առավոտ» օրաթերթ

13.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031