Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լոռու մարզ

Մայիս 14,2015 20:52

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ֆերմերային տնտեսությունում, որտեղ վարչապետը ծանոթացել է նրա գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Տնտեսությունը պատրաստվում է առաջիկայում 400-ով ավելացնել բարձր կաթնատվությամբ անասնագլխաքանակը, որն այժմ կազմում է 100 գլուխ: Նշվել է, որ  «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է միայն Հայաստանում. աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Lori4

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա: Հովիկ Աբրահամյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել արտադրանքին, ծրագրերին, խնդիրներին: Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող Ֆաբրիկան հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել հայտնի համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն ևս կազմակերպելու համար: Միաժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել կառավարության կողմից ֆինանսական ռեսուրսներով օժանդակել ֆաբրիկային՝ զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ մղելու համար: Իր հերթին, ֆաբրիկայի ղեկավարությունը խոստացել է կառավարության աջակցության արդյունքում ստեղծել լրացուցիչ 200 նոր աշխատատեղ. «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:

Lori1 Lori6

«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայմանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն այցելել է նաև Վանաձորի ճոպանուղու նախկին տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիր, որից հետո այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ: Ակնկալվում է, որ ճոպանուղու գործարկումը մեծապես կնպաստի և նոր թափ կհաղորդի Վանաձորի զբոսաշրջային ներուժի զարգացմանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում հանդիպել է Լոռու մարզի ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտի խնդիրներին, բիզնեսի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել մարզում առկա խնդիրներն ու մտահոգող հարցերը, լսել տնտեսվարողների՝ կառավարությունից ունեցած ակնկալիքները, քննարկել կոնկրետ ծրագրեր: «Ես բավարար չեմ համարում Լոռու մարզի ներուժի օգտագործման փոքր ծավալները: Վանաձորը նախկինում ամենախոշոր արդյունաբերական ներուժ ունեցող քաղաքներից էր և այսօր կամացկամաց փորձում ենք Լոռիում վերականգնել արդյունաբերական ներուժը: Մեր նպատակն է՝ օգտագործելով մեր ռեսուրսները, աստիճանաբար վերականգնել Վանաձորի ակտիվությունը: Կարծում եմ՝ կա մեծ հնարավորություն: Մեր կառավարության նպատակն է՝ մարզերում, համայնքներում, քաղաքներում իրականացնել լոկալ ծրագրեր՝ այդպիսով լուծելով մեր քաղաքացիների աշխատանքով ապահովման խնդիրը»,- նշել է վարչապետը:  Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Քննարկմանը ներկա բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնչեցրել են տարբեր բնագավառներում՝ շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլն, ներդրումային ծրագրերի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ քննարկել ներկայացված ծրագրերն ու ներկայացնել դրանց կյանքի կոչմանն ուղղված գործիքակազմ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031