Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյանը՝ բուհերը Երեւանից տարհանելու մասին. «Նեոբոլշեւիզմի հոտ է գալիս» (Տեսանյութ) 

Մայիս 18,2015 12:28

Այսօր՝ մայիսի 18-ին, «Հայելի» ակումբի հյուրերն էին վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, գեղանկարիչ, մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանը: Թեմա հետեւյալն էր՝ քաղաքաշինության նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ Երևանի 5-6 բուհեր տեղափոխել Գյումրի եւ այդ կառույցները տրամադրել հյուրանոցային համալիրներին:

Աղմկահարույց նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանի ասելով, խորհրդային տարիներին էլ է այդ հարցը քննարկվել. «Ժամանակին հաստատվել էր գլխավոր հատակագիծը, 1985-ին էլ է որոշում կայացվել Երեւանի գլխավոր հատակագիծ անել, 1 մլն 200 հազար բնակչություն ուներ Երեւանը եւ խնդիր էր դրված բեռնաթափել Երեւանը, ինչի ճանապարհներից մեկը բուհերը տեղափոխելն է»:

Մուշեղյանի ասելով, Երեւանում 60 բուհ կա, 100 000 ուսանող կա, մայրաքաղաքը այդ տարածքները կարող է վաճառել եւ փոխարենը մարզերում հզոր բուհական համալիրներ ստեղծել. «Օրինակ, եթե ֆիզկուլտինստիտուտը տեղափոխվի Գյումրի, կունենա մեծ բազա, Երեւանում չունի»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով, Գուրգեն Մուշեղյանը թվարկում է, թե այդպիսով ինչ հարցեր կլուծվեն՝ քաղաքը կբեռնաթափվի, շինությունները բարոյապես մաշվել են, նպատակը նաեւ երկրորդ-երրորդ քաղաքների զարգացումն ու զարգացումն է, բայց իր համոզմամբ, այդ ծրագիրը չի կարող իրագործվել, իրատեսական չէ. «Բուհը միայն շենք շինությունը չէ, գաղափար է ամփոփում իր մեջ: Եթե մեր ֆակուլտետի ուսանողներին տեղափոխենք օրինակ` Երրորդ մաս, ուսանողների մի մասը չի գա: Մի օրինակ էլ բերեմ, Եղեգնաձորում Աբրահամ սրբազանը «Գիտելիք» համալսարան հիմնեց, հրավիրեց տարբեր համալսարաններից, մայր բուհից լավագույն դասախոսների՝ բարձր վարձատրությամբ, դա չգործեց: Ես էլ եմ դասավանդել այնտեղ, չեմ հիշում, որ Կապանից կամ Գորիսից ուսանող գար: Ասենք, պատկառելի տարիքով դասախոսը ինչպե՞ս կարող է գնալ մարզ, կամ արագընթաց գնացքները ինչպե՞ս պետք է ներդրվեն Հայաստանի ռելիեֆի պարագայում»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով, այս ամենից նեոբոլշեւիզմի հոտ է գալիս:

Մուշեղյանը չի ընկրկում, ասում է ծրագիրը կարեւոր է հատկապես Գյումրիի համար, քաղաքը մինչ երկրաշարժն ունեցել է 280 000 հազար բնակչություն, հիմա դրա կեսն է:

Արթուր Մարտիրոսյանը տարակուսած է, ասում է Գյումրին պատրա՞ստ է ընդունել այդքան ուսանողի, կամ գեղարվեստի ակադեմիայի ուսանողները պետք է շաբաթը երկու անգամ Ազգային պատկերասրահ գնան, ինչպե՞ս են գնալու, եթե մարզում սովորեն: Նրա ասելով, ամեն ինչ բնության օրենքներով պետք է լինի.

«Ունենք հոգեւոր մայրաքաղաք՝ Էջմիածինը, օրինակ` դա ինչպե՞ս կտեղափոխենք»:

Մուշեղյանի ասելով, միեւնույն է՝ հարցը քննարկվել է, ծրագիրը ողջունել է Շիրակի մարզպետը, շուտով ստեղծվելու է հանձնաժողով, ուսումնասիրվելու են բոլոր խնդիրները եւ նոր որոշում է կայացվելու:

Արթուր Մարտիրոսյանը հեգնեց. «Դե թող Լոմոնոսովի համալսարանը տեղափոխեն Ուրալ, Ուրալը զարգացնեն, բա ինչո՞ւ չեն տեղափոխում»: Արվեստագետը համոզված է՝ հեղափոխական գաղափարի արդյունքում չի կարող տեղափոխում կատարվել, բնական հունով պետք է գնա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031