Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի դեմ «տարօրինակ մահափորձը». Քիլլերն անգամ կինոնկարներ չի նայել, որ կրակեր դիմացի անվադողի վրա

Մայիս 25,2015 21:10

Սյունիքի մարզպետի խորհրդական, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը քննադատել էր բոլոր նրանց, ովքեր համարձակվել են կասկածի տակ առնել Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը:

Նման տեսակետ էր հայտնել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ուստի մեկնաբանություն խնդրեցինք: Նա պատասխանեց. «Վոլոդյա Հովհաննիսյանը թող մտածի այն օրվա մասին, երբ իր գովաբանածը Սյունիքում չի լինի: Ի տարբերություն իր մեծարգո վերադասի, վերոհիշյալը գումարների չի տիրապետում, եւ իր անհոգ կյանքը արտասահմանում չի կարող անցկացնել: Կմնա սյունեցուն դեմ դիմաց: Այս մասին պետք է լրջագույնս մտահոգվի: Թող շատ չհուզվի այդ միջադեպից՝ մահափորձ եղել է, չի եղել: Քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, մեծապատիվ գնդապետը պետք է իմանա, որ վարկածներ են առաջ քաշվում: Սյունիքի մարզում պայթյունավտանգ իրավիճակ է: Մարդիկ հոգնել են տիրող բարքերից: Այս ամենը՝ թմրամոլների կազմակերպած ծեծուջարդը, տարբեր մարմնական վնասվածքները, սպանությունները ի վերջո բեսպրեդելի անընդմեջ կրկնվող շարքը կարող է ավարտվել լրջագույն հասարակական ընդվզումով»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետ կապված նրա թիկնազորի անդամ Զարզանդ Նիկողոսյանը Yerkir.am-ին  ասել էր, որ «մահափորձը» կատարողները սեզոնը ճիշտ են ընտրել, դարանակալել են, ընտրել են գարունը, որ ծառերը, թփերը խիտ լինեն, չերեւան. «Հատուկ էդ պավառոտն ընտրել են, որ ինքը ավտոն ավելի շատ դանդաղացնի, սպասել են, որ գարունը գա»:

Այս առնչությամբ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Սպանություն ծրագրավորողը երբեք չի մտածում այն մասին, որ զոհը իրեն կտեսնի: Եթե սպանություն են ծրագրել՝ զոհը պետք է մահանա, էլ ինչ թփեր, ինչ գարուն: Իրականությունը մեկ այլ բանի մասին է խոսում: Եթե դա իրոք ծրագրված սպանություն լիներ, այսօր ողջ չէին մնա: Կարծես ոչ մի բան չկա: 22-ից ավելի կրակից ո՞ղջ են մնում: Եթե մոդելավորեն՝ կբացահայտեն կատարվածը: Ես առաջին իսկ օրը հակված էի, որ «Սյունիքի համակենտրոնացման ճամբարում» մահափորձ չի եղել: Արդեն համոզված եմ, որ բավականին վատ կազմակերպված բեմադրություն է իրականացվել: Հիշում եք, ոչ հեռու անցյալում քիլլեր կաֆելագործը զոհին ողջ թողնելուց բացի լուսանկարվեց փողոցի տեսախցիկներով, փտած զենքը տուն տարավ, որպեսզի հետագայում կինը հանձնի իրավապահներին, ինքն էլ դատապարտվի 15 տարվա ազատազրկման: Այստեղ նմանատիպ մի բանի ենք ականատես լինում»:

Դեպքի վայրում պարկուճները շրջանաձեւ թափված են եղել: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, դա հուշում է այն մասին, որ ինչ-որ մեկը տարել եւ շարել է անտառում, հակառակ դեպքում մի ուղղության վրա պետք է թափված լիներ: Երբ կրակում են մեքենայի վրա, մտնող անցքը ուղիղ փամփուշտի չափ է լինում, դուրս եկողը՝ մի քանի անգամ մեծ եւ շատ պարզ երեւում է, թե որտեղից է մտել ու որտեղից դուրս եկել: Եթե 20-30 հետք կա գնդակից, այնտեղ մարդ չէր կարող առանց վնասվածքի մնալ՝ հատկապես դիմացի երկու նստածները՝ վարորդը եւ կողքի նստածը. «Մարդասպանը դեպքի վայրում զենքը չի թողել, չգիտես ինչու, զոհի մեքենայի հետեւից չի կրակել, պարկուճներ է թողել դեպքի վայրում, փառք Աստծո, անձնագիրը եւ այլ տվյալներ չի թողել: Մեքենայի դիմացի անվադողերը, չգիտես ինչու, խնայել է, իր հետ երկրորդ համարին չի վերցրել, որը մեկ ուրիշ անկյան տակ էլ կրակ բաց կաներ, եւ չգիտես ինչու, միայն  դիմահար է կրակել: Հավանական է, զինամթերքն է «խնայել», այդ իսկ պատճառով հեռացող մեքենային չի խոցել: Որքան էլ որ բթամիտ լիներ քիլլերը՝ հաստատ շրջադարձում կկրակեր դիմացի անվադողի վրա, եւ մեքենան կշրջվեր դեպի ձորը կամ ճամփեզրը, որտեղ էլ կավարտեր իր գործը: Այս անգամ քիլլերը ոչ միայն անուս է եղել, այլ նաեւ կինոնկարներ չի նայել, հակառակ դեպքում մեքենան եւ ուղեւորները չէին պրծնի «դավադիր կրակից»:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է նախաքննական մարմինն ապացուցել, որ բեմադրություն է եղել՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ցանկության դեպքում մեկ օրում կարող է: Մեքենայի դիմահար ապակին եւ քթամասը խոցված են: Հետեւաբար, մեքենայի սրահ թափանցած գնդակները իրենց հետ բերել են բազում միկրոէլեմենտներ՝ ապակու ջարդոն եւ այլն: Այդ ամենը (եթե իհարկե Սուրեն Խաչատրյանը սրահում է եղել), պետք է պահպանված լիներ մեքենայում նստածների դեմքերին, հագուստներին: Եթե նրանց հագուստները առաջին իսկ օրը անմիջապես չեն առգրավվել, փորձաքննության չեն ներկայացրել, ապա իմացեք, որ կրկնվում է օֆշորի ստորագրությունների գործը: Երբ Տիգրան Սարգսյանի եւ «սրբի» ստորագրությունները 2 տարի է փորձաքննության են ներկայացրել, եւ հանրությունը մինչ օրս դրա պատասխանը չունի»:

Անհանգստացնողը, պարոն Եղիազարյանի խոսքերով, պարկուճները եւ առգրավված 3 գնդակներն են. «Եթե բեմադրությունը մասնագետ է կազմակերպել, ապա նրանց համար դժվար չէր լինի Արտակ Բուդաղյանի զորամասում գրանցված զենքերից մեկից կրակել մեքենայի վրա: Արտակը մոտիվ ունի, մենք էլ կմտածենք, որ միգուցե այդպես է եղել, եւ անմեղ մարդը կհայտնվի որոգայթում: Սուրիկ Խաչատրյանը, իրոք, մտածելու շատ բան ունի: Սյունեցին զզված է, այդ մահափորձով, փաստորեն, իրեն ապահովում է նոր պաշտոնական շերտով»:

Հարցին՝ չի՞ բացահայտվելու իրականությունը՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ այդ կրակոցներով Զաքարյանների գործը փակվեց, ՀՀԿ-ն իրեն ապահովագրեց, նա էլ կմնա պաշտոնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    //Ի տարբերություն իր մեծարգո վերադասի//… մեծարգո՞

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031