Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական քննությունները մեկնարկեցին ԿԳ նախարարի բացակայությամբ

Հունիս 02,2015 14:25

Այսօր՝ հունիսի 2-ին մեկնարկել են 2015թ. միասնական քննությունները՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Ողջ Հայաստանի տարածքում գործում է 34 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երեւանում: Դիմորդների թիվն էլ, ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի(ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի, 11803 է:

Նշենք, սա միակ տարին է, որ քննությունների մեկնարկը տրվում է առանց պաշտոնյաների՝ քննական կենտրոններ այցելելու, նախկինում անգամ ՀՀ նախագահն էր քննական կենտրոն գալիս: Ինչ վերաբերում է այս տարվան, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հաշվին արձակուրդ է վերցրել՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր 1400 հոգի պետք է մասնակցեր քննության՝ կենսաբանություն առարկայից, 135 դիմորդ՝ պատմությունից, 330 հոգի՝ աշխարհագրությունից:

Նրանից հետաքրքրվեցինք, եղե՞լ է դիմորդ, որին դուրս են հանել քննասենյակից, եւ ընդհանրապես որքան է բացակաների թիվը: Պարոն Իսպիրյանը հայտնեց, որ քննություններն ավարտվել են բոլոր կենտրոններում, սակայն բացակաների թիվը դեռ չի ամփոփվել ու ԳԹԿ-ն չունի ամբողջական տվյալներ:

Ինչ վերաբերում է Գավառի քննական կենտրոնին, որտեղ Արա Իսպիրյանն է աշխատել, նրա խոսքով, ունեցել են 10 բացակա՝ երեք առարկաներից:

Հավելենք, որ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների քննությունները Երեւանում անցկացվել են 190 եւ 170 դպրոցներում, քննական կենտրոնների ղեկավարներն էլ Լուիզա Մաթեւոսյանն ու Էդուարդ Սանթրոսյանն են:

ԳԹԿ-ից հայտնեցին, որ փոքր քննությունները մեծ քննակենտրոններում անցկացնելու փոխարեն հարմար են գտել այդ դպրոցների տարածքներում տեղակայված կենտրոններում անցկացնելու, ու դա կապ չունի այն բանի հետ, որ քննություններին ներկա չէ ԿԳ նախարարը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930