Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլոտի հայերի բարի սովորությունը, որ նախաձեռնել են համայնքի տղամարդիկ

Հունիս 05,2015 11:30

Մեր համայնքում մի լավ սովորություն կա: Մի քանի ամիսը մեկ՝ երկու-երեք հայ տղամարդ հավաքվում են ու ամբողջ համայնքին հրավիրում միասին մի կտոր հաց կիսելու: Շատ ժամանակ դա արվում է անանուն: Ու որպեսզի չիմացվի, թե ովքեր են հրավիրողներն ու հոգացողները, հավաքվում ենք մի այլ մարդու տանը, ով սիրահոժար տրամադրում է իր տունը համայնքին՝ իրար հետ մեկտեղվելու համար: Սրա նպատակը միայն մեկն է՝ համայնքի բոլոր անդամներին հնարավորություն տալ իրար հետ մտերմիկ շրջապատում շփվել, մի կտոր հաց կիսել, մի բաժակ բան խմել ու մերվել:

Մեզ համար իսկական օրհնություն էր տարի ու կես առաջ վարպետ Հարություն Հարոյանի Շառլոտ տեղափոխվելը: Մի վարպետ խոհարար ու նվիրյալ հայ մարդ: Շատերը նրան թերեւս հիշեն «Գյումրվա վարպետները» կինոնկարից: Այս նախաձեռնությունը, որի մասին գրում եմ, առաջինը ինքը նախաձեռնեց անցյալ տարի, երբ համայնքի տղամարդկանցից մեկն ասաց՝ «հո հավեսով մի հատ խաշ չէի ուտի»: Հրավիրեց ամբողջ համայնքին, ու դրանից հետո այսպիսի նախաձեռնությունները դարձան ավանդական ու հաճախակի: Ով էլ կազմակերպի կամ հրավիրի, միշտ մեր վարպետն է, որ իր խոհարարական ձեռնհասությամբ պատրաստում է կերակուրներն ու զարդարում սեղանները: Ժողովուրդ, այս ամենն իսկապես մեծ պրոֆեսիոնալիզմով է արվում, ինչպես տեսնում եք այս նկարից:
Վերջին անգամվանը շատ յուրահատուկ էր: Այս անգամ վարպետ Հարութն ու վարպետ Սերգոն (նկարում՝ ձախից ու աջից) հատուկ հրավիրել էին համայնքի տղամարդկանց ու իրենց զավակներին:

Այդ օրը բավական շատ բաներ սովորեցի այս երկու վարպետ մարդկանցից: Նկարի մեջ ձախից վարպետ Հարութն է, իսկ աջից՝ վարպետ Սերգոն: Երկուսն էլ մեծատառով հայեր են, իրենց գործի մեջ իսկական վարպետ, ազգասեր ու մարդասեր: Նրանք հրավիրել էին մեր համայնքի բոլոր հայրերին ու իրենց զավակներին, որպեսզի հայրերն իրար հետ շփվեն, իսկ զավակներն էլ իրար հետ խաղան: Հավաքվել էինք մեր Պիեռ Արբաջյանի օջախում: Բոլորին հյուրասիրեցին՝ սիրով, հավեսով ու բարի սրտով: Վարպետ Հարութը՝ գյումրեցի, բայց արմատներով սասունցի, շատ համեղ գյումրվա քյաբաբ էր պատրաստել, իսկ վարպետ Սերգոն, լինելով թիֆլիսեցի, իսկական խինկալի էր պատրաստել:

Երեք օր ի սրտե պատրաստություն էին տեսել: Պապաները եկան իրենց երեխաների հետ: Ջան ասացին, ջան լսեցին: Իրար հետ շփվեցին առանց կաշկանդվելու, համայնքային կապերն ավելի ամրացրին, մինչդեռ երեխաները վազվզում էին ու խաղում: Գիտեք՝ սփյուռքում այսպիսի բաներն անչափ կարեւոր են մեր համայնքները զորացնելու, ամրապնդելու եւ մեր ազգային նկարագիրը հաստատուն պահելու համար: Եվ այս ամենը մեր համայնքի անդամների կապերի ամրության ու ազգապահպանության գործի համար:
Այս մարդկանց ասած ամեն մի կենացը մի մարգարիտ էր՝ իրար սիրելու, բարձրացնելու, ազգը պահպանելու եւ մեր երեխաներին մեր ազգային բարի ավանդույթները փոխանցելու մասին: Այս երկու մարդիկ ամեն կիրակի եկեղեցում են, մագնիս են համայնքի համար, մարդասեր ու ազգասեր: Աստված օրհնի այս տեսակ մարդկանց, ու մարդկության մեջ այս տեսակ սիրտ ունեցող մարդկանց քանակը շատանա:

Ընթերցող ջան, ես սա գրեցի, որ ձեր տրամադրությունն էլ բարձրանա: Կյանքում լավ բաներ շատ են կատարվում: Աշխարհում թեեւ ցավ շատ կա, բայց դրա հետ բարին էլ կա: Այն միայն տեսնել է պետք արեւի լույսի, անձեւից հետո տարածվող անուշաբուրության, առավոտյան ցողի կամ պարզ մարդկային ժպիտի մեջ: Բարին ընդ ձեզ, ժողովուրդ ջան:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
04.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930