Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Արարատ Ասրյանն ու Արթուր Մխիթարյանը

Հունիս 06,2015 13:39

Հունիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 15 տանը հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Արարատ Ասրյանն ու Արթուր Մխիթարյանը:

Հիշյալ հասցեից ոստիկանության Դիլիջանի բաժին են ներկայացվել  Արարատ Ասրյանի անչափահաս դուստրը՝ Անին, Արթուր Մխիթարյանի ընտանիքի անդամները՝ Անժելա Պետրոսյանը, Յուրի, Ամալյա և Հայկ Մխիթարյանները:

Ոստիկանության ծառայողների տևական աշխատանքն արդյունք տվեց, իսկ նախապատմությունն այսպիսին է:

Անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքացուհի Արփիկ Հարությունյանը ոստիկանության Կոտայքի բաժին դիմում էր ներկայացրել, որ դուստրը՝ անչափահաս Անի Ասրյանը, գտնվում է ամուսնու՝ Արարատ Ասրյանի մոտ, բնակվում է Աբովյանի Սևանի 2/6 շենքի 50 բնակարանում և չի պատասխանում հեռախոսազանգերին: Հաջորդ դիմումով կինը պնդում էր, որ ամուսինը երեխային արգելում է շփվել իր հետ ու հաճախել դպրոց: Ոստիկանության ծառայողներն այցելել էին հիշյալ բնակարան, որը պատկանում էր Ասրյանի ընկերոջը՝ Արթուր Մխիթարյանին, զրուցել Ասրյանի հետ, պարզել իրավիճակը: Վերջին այցելության ժամանակ ոստիկանության ծառայողները բնակարանը դատարկ էին գտել:

Հայր ու դուստր Ասրյանների պատմությունն ու Մխիթարյանների ընտանիքի ճակատագիրը հասարակական հնչեղություն ստացան, որոշ հասարակական գործիչներ նույնիսկ անգործության մեղադրանք ներկայացրին ոստիկանությանը: Սակայն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները առաջին իսկ օրից ծավալուն աշխատանք էին իրականացնում այս հանգույցը լուծելու ուղղությամբ. քրեական գործ էր հարուցվել, հետախուզում էր հայտարարվել Արարատ Ասրյանի և Արթուր Մխիթարյանի նկատմամբ, կատարվում էին այցելություններ, հարցաքննվեցին բազմաթիվ վկաներ, ընթացքի մեջ էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ համալիրը:

Եվ ահա հանգույցը լուծված է:

Հայտնաբերված անձինք փոխանցվել են Կոտայքի մարզի քննչական վարչություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930