Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյանը չի կարծում, որ իշխանությունները Ոստանիկ Մարուխյանին են սատարում

Հունիս 06,2015 17:10

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2014 թվականի ապրիլից մինչև 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածը, այսինքն՝ իր պաշտոնավարման մեկ տարին, հայտարարեց, որ Պոլիտեխնիկը հաջողություններ է արձանագրել բոլոր բնագավառներում:

«Նրանք, ովքեր Պոլիտեխնիկի հաջողությունների մասին վաղակատար անցյալով են խոսում, պետք է լուրջ հետևություններ անեն, քանի որ վերջին տարիներին բուհի հաջողություններն այլ բան են փաստում:

Անընդունելի է, երբ մամուլում ուսանողների անբավարար գնահատականները փորձում են ներկայացնել համալսարանի վարչական աշխատանքի հետևանք: Յուրաքանչյուր օրգանիզմում երբեմն առաջանում են հիվանդություններ: Պոլիտեխնիկն էլ օրգանիզմ է: Իրավացի է ՀՀ ԿԳ նախարարը, երբ ասում է, որ ընտրություններից հետո պետք է վերականգնվի բուհի բարոյական անունը»,- ասաց նա:

Թոքմաջյանը նշեց, որ այս տարի, երբ ողջ հանրապետությունում էապես նվազել է դիմորդների թիվը, Պոլիտեխնիկը կարողացել է դիմորդների թվի 5 % աճ ունենալ. «Իսկ դա ցույց է տալիս, որ, չնայած համատարած դժգոհություններին, կա բուհ, որը հաջողություններ է գրանցել: Այս տարի էապես աճել է մեր բուհի զեղչերի թիվը, ավելացել է տպագրված գրքերի թիվը, կազմավորվել և վերանորոգվել է շուրջ 50 լսարան, ավելացել են գիտական նախագծերի ֆինանսավորման ծավալները, համագործակցության պայմանագրերը… Մի խոսքով՝ Պոլիտեխնիկը, հենվելով իր դասախոսական կազմի ներուժի վրա, առաջընթաց է գրանցել բոլոր ուղղություններով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ առջևում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններն են, որին կմասնակցի նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Նա համոզված է, որ այնքան ձայն կհավաքի, որքան անհրաժեշտ է:

«Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ես արդեն հաղթել եմ: Խորհրդում 32 մարդ կա, նրանք են ընտրելու ռեկտորին՝ իրավական առումով, իսկ բարոյական տեսանկյունից ընտրողը ժողովուրդն է, մեր կոլեկտիվն է, և այդ առումով ես հաղթել եմ: Եթե շանսեր չունենայի, չէի առաջադրվի»,- ասաց Հ. Թոքմաջյանը՝ նկատելով, որ ամենևին էլ համակարծիք չէ շրջանառվող այն լուրերին, թե իշխանությունները սատարում են ռեկտորի մյուս թեկնածու Ոստանիկ Մարուխյանին:

Հարցին՝ ի՞նչ կանի, եթե, այնուամենայնիվ, չհաղթի, Հ. Թոքմաջյանը պատասխանեց. «Մենք կոլեկտիվի հետ միասին շարունակելու ենք ոտքի կանգնեցնել Պոլիտեխնիկը: Մենք արդեն հաղթել ենք, քանի որ ոչ ոք այլևս չի կարող դոկտորին ստորացնել, ոչ ոք չի կարող դոկտորի վրա գոռալ: Ասելով, որ հաղթել եմ, ես դա նկատի ունեմ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930