Լրահոս
Օրվա լրահոսը

UNAESTHETIC մետալ խումբը ցանկալի հյուր է արտերկրյա փառատոներին

Հունիս 08,2015 13:30

Հայաստանցի ռոք ֆանատները ցանկանում են,
որ այս ոլորտն էլ ունենա պետական հոգածություն

Ապրիլին աշխարհահռչակ SYSTEM OF A DOWN ռոք խմբի երեւանյան ելույթը ցույց տվեց արվեստի այս ոլորտի հանդեպ հայերիս սերն ու հետաքրքրությունը: Հայկական ռոք երաժշտությունը մեզանում սկիզբ է առել անցյալ դարի 60-ականների կեսերից: Մեծաթիվ ռոք խմբեր եւ կատարողներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», ապա 1980-ականներին հայտնված «Ասպարեզը», Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը», հարդ ռոք ուղղությամբ հանդես եկող «Մաքսիմումը» ճանաչված էին ԽՍՀՄ-ում: 1980-ականների կեսերից ասպարեզ եկավ թերեւս ամենանշանակալի ու ազդեցիկ «Ոստան հայոցը», հետագայում ճանաչում ձեռք բերեցին «MDP», «Oaksenham» խմբերը, Վահան Արծրունին, որն իր ինքնատիպ ոճով ճանաչվեց նաեւ արտերկրում եւ այլն:

Unestetik_3

Ռոք երաժշտության փառատոները, որ սկիզբ առան 1970-ականներից (նույնիսկ «Դինամո» մարզադահլիճում անցկացվում էին փառատոներ), շարունակվում են մինչ օրս, բայց ռոք երաժշտության ֆանատները քանիցս բարձրաձայնել են, թե վերջին տարիներին պետական հոգածության պակասն է, որ այսօր երաժշտարվեստի այս ոլորտը կարծես թե ղեկավարվում է ինքնագործ մակարդակով: Հատկապես ռոք երաժշտության սիրահարները ցանկություն են հայտնում, որ մեզանում անցկացվող փառատոների շրջանակները լայնացվեն՝ հասնելով միջազգայինի:

Unestetik_1

«Առավոտը» երեւանյան ակումբներից մեկում հանդիպեց UNAESTHETIC մետալ խմբին: Նշենք, որ մեզ հայտնի է այս ուղղվածության 5 խումբ, այդ թվում՝ HAYARD, INFECTED CINEMA (պրոգրեսիվ մետալ), AYAS (սիմֆոնիկ մետալ): Ունկնդրելով UNAESTHETIC-ին, պարզեցինք, որ այս խումբը մատուցում է մեղեդային, ավելի ծորուն, հագեցած երաժշտություն, իսկ ներկայացված տեքստերն էլ արտահայտում են տարբեր հոգեվիճակներ: Մեզ հետ զրույցում ասվածը հաստատեց խմբի կոմպոզիցիաների եւ տեքստերի հեղինակ, կիթառահար եւ վոկալիստ Վլադիմիր Մելիքյանը: Մանրամասնելով էլ ասաց. «Մենք առաջարկում ենք նաեւ սեւհումորային, ռոմանտիկ, դեպրեսիվ, նույնիսկ ցինիզմի հասնող, ինչպես նաեւ փիլիսոփայական տեքստեր՝ DOON/INDUSTRIAL մետալ ուղղվածությամբ»: Մեր զրուցակիցը ներկայացրեց խմբի մյուս երաժիշտներին. կիթառահար Ռուբեն Արեւշատյան, բաս կիթառ՝ Գեորգի Փիրումով, հարվածային գործիքներ՝ Հարութ Քեշիշյան: Ասաց նաեւ, որ ներկայիս կազմով իրենք դեռեւս 2010-ից են ելույթներ ունեցել, BLACK METAL ուղղվածությամբ (արագ ռիթմով), իսկ 2012թ. հիմնել են UNAESTHETIC-ը:

Վլադիմիր Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե իրենց ովքե՞ր են հրավիրում ելույթների եւ արդյոք «վերեւներում» ճանաչո՞ւմ են այս մետալ խումբը: «Տարբեր կազմակերպությունների կողմից ենք ստանում հրավերներ, ձեր բառով՝ վերեւներից դեռ հրավերներ չունենք, հավանաբար մեզ չեն ճանաչում: Առաջիկայում կթողարկենք խմբի առաջին ալբոմը եւ հույս ունենք, որ այնտեղ ընդգրկված 11 երգերն ավելի լայն շրջանակներին ճանաչելի կդարձնեն UNAESTHETIC-ը»,- հայտնեց երաժիշտը: Նա նշեց, որ խմբի առաջին արտերկրյա համերգը կայացել է 2013թ., Վրաստանում անցկացված PLUS ONE OPEN AIR FESTIVAL-ում, իսկ այս տարվա գարնանը մասնակցել են Ֆինլանդիայում եւ Էստոնիայում ավանդաբար անցկացվող ռոք միջազգային փառատոներին: Հետաքրքրությանը, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ունե՞ն համապատասխան տեքստերով երգեր, որ ներկայացրել են փառատոներին, Վլադիմիր Մելիքյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ արվեստով, այլ խոսքով դիմում ենք հանդիսատեսին, մշտապես հիշեցնում, որ աշխարհում կա Հայաստան զարգացած երկիր, որտեղ 20-րդ դարի սկզբում թուրքերի կողմից իրականացվել է մարդկության հանդեպ առաջին մեծ ոճրագործությունը՝ եղեռնը: Օտար հանդիսականն էլ վանկարկում է, թե իրենք ընդունում են Հայոց ցեղասպանությունը ու դատապարտում այն»:

Unestetik_2

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հուլիսին խումբը համերգների կմեկնի Լեհաստան, ընդ որում՝ հրավերը ստացել են այս տարվա գարնանը Էստոնիայում կայացած իրենց փառատոնային ելույթից հետո:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930