Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը

Հունիս 17,2015 16:43

«2005 թվականից իրականացվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը սպասված տոն է երաժշտասերների համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ՝ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն՝ դասական երաժշտության իրական երկրպագուների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:

Երաժշտական փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 18-ին և մինչև հուլիսի 4-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կանցկացվեն տարաբնույթ համերգ-երեկոներ: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի կներկայանա 5 համերգով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացման համերգին ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):

«Սա մի փառատոն է, որին արվեստասեր հասարակությունը սպասում է մեծ անհամբերությամբ: Փառատոնն էլ մշտապես կարողանում է հաճելի անակնկալներով զարմացնել իր հանդիսատեսին»,- ասաց մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արմինե Ղազարյանը:

Նշենք, որ փառատոնը կազմակերպում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի երկրորդ համերգը կկայանա հունիսի 21-ին: Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված ծրագրով հանդես կգան Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր): Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կներկայացվեն ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:

Հունիսի 24-ին կամերային երաժշտության երեկո է լինելու, որի ընթացքում հայ արվեստասեր ունկնդրին տարբեր ստեղծագործություններ կներկայացնեն Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ):

«Ազգային պատկերասրահ» փառատոնի նախավերջին համերգը հունիսի 27-ին է: Գործիքային երաժշտության երեկոյի ընթացքում հանդես կգա Իոսիֆ Պուրիցը (բայան, Ռուսաստան):

Միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին: «Օպերային արվեստի գոհարներ» խորագրով համերգային ծրագիրը կներկայացնեն Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930