Լրահոս
Օրվա լրահոսը

Չխրվել քաղաքական ճահճի մեջ

Հունիս 20,2015 10:00

Ես, ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու է մեր իշխանությունը որոշել թանկացնել էլեկտրաէներգիան: Եթե ընդունում ենք, որ կա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վատ կառավարում, ինչի մասին խոսում են նույն իշխանությունները, ապա շատ արագ պետք է այդ ընկերությանը զրկել լիցենզիայից եւ գտնել ավելի արդյունավետ կառավարչի: Հետեւաբար՝ քաղաքական կամք չկա դա անելու: Կամ՝ իշխանության որոշակի օղակներ օգտվում են ՀԷՑ-ի, մեղմ ասած, ոչ թափանցիկ աշխատանքից: Ավելի հավանական է, որ երկրորդն առաջինի պատճառն է:
Բայց պետք էր նաեւ կանխատեսել, որ հասարակության ակտիվ մասը բողոքելու է: Դժվար թե որեւէ մեկի լեզուն պտտվի ասել, որ այդ բողոքն անհիմն է եւ արդարացի չէ: Հակառակը՝ այս ցույցերը խոսում են քաղաքացիական հասարակության որոշակի հասունության մասին: Հիշեցնեմ, որ երկու տարի առաջ ավելի մեծ թանկացում եղավ՝ շուրջ 30 տոկոսով. նույնքան, գուցե ավելի անհիմն: Բայց այն ժամանակ այս մասշտաբի բողոքի ցույցեր չեղան: Գուցե պատճառներից մեկն այն էր, որ զուգահեռաբար փորձում էին թանկացնել նաեւ Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը, եւ ակտիվիստների ուշադրությունը շեղված էր այդ խնդրի վրա:

Հիմա երիտասարդները, կարծես թե, վճռական են տրամադրված, եւ դա շատ լավ է: Մնում է այդ պայքարը կազմակերպողները գործեն խելամիտ: Ասելով «խելամիտ»՝ ես նկատի ունեմ նախեւառաջ երկու բան: Նախ՝ չփորձեն ամեն առիթով եւ ամեն գնով հակադրվել ոստիկաններին՝ ամեն ինչ անել բերման ենթարկվելու եւ հետո բողոքելու համար. դա լավագույն մարտավարությունը չէ: Երկրորդ՝ պատշաճ տարածության վրա պահել քաղաքական ուժերին՝ չվանելով նրանց, բայց նաեւ չտրվելով դրանց խաղերին:

Բնական է, որ կուսակցականները կփորձեն օգտագործել ցանկացած հավաք, որտեղ հազար հոգուց ավելի մարդ կա՝ իրենց օրակարգն առաջ տանելու համար: Այդ օրակարգը, որպես կանոն, փակուղային է: Դա նման է գյուղատնտեսական այն վիճակին, երբ դուք, ասենք, նոր տեսակի լոլիկ եք դնում, բայց երկրորդ կամ երրորդ բերքից հետո այդ «նորը» փոշոտման հետեւանքով դառնում է այն տեսակը, որը գերիշխում է բանջարանոցում: Քաղաքական ճահճի մեջ խրվելը մոտավորապես նույն հետեւանքների է բերում, եւ ամեն ինչ ավարտվում է «գնանք, Բաղրամյան 26-ը գրավենք» անիրատեսական կոչերով:

Լինել խելամիտ, իմ կարծիքով, նշանակում է նաեւ լինել հանդուրժող: Հենց որ ես լսում եմ «ով այսպես կամ այնպես չի անում (կամ ասում), նա հայ չի» ձեւակերպումը, ես զգում եմ անդիմադրելի ցանկություն գործել «ոչ հայեցի»: Որովհետեւ սեփական գործողությունների անսխալականության համար նման բարձր նշաձող դնելն ինձ բոլշեւիկյան ոճի շանտաժ է հիշեցնում: Պետք է ասել, որ «գերիշխող բանջարանոցից» տարբերվող որոշակի փորձ արդեն իսկ կատարվել է: Նկատի ունեմ «Դեմ եմ» շարժումը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պարոն «Առավոտի» խմբապետ:
    Եթե վաղը ռուսական ձեռնարկատերերը, որոնք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունների սեփականատերն են, վերցնեն եւ վաճառեն կամ 100 տարով վարձով տան իրենց գույքը (սեփականթյունը) պարսիկներին կամ թուրքերին, Ձեր թերթը կունենա՞ պարսկական կամ թուրքական տարբերակ:
    «Գերիշխող բանջարանոցի» համակարգողը կլինի թալի՞շ, թաթա՞ր, թե՞ մեգրել:

  2. Ալէխսանդր says:

    Իրականությանը շատ մոտ մի վարկած կա, որ էլցանցի կառավարչի նպատակը ՀԷՑ – ը սնանկացնելն է; Այդ եղանակը հաճախ է օգտագործվում, երբ ցանկանում են էժան գնով աճուրդի դնել և գնել որևէ պետական ձեռնարկություն; Ռուսաստանում այդ սխեման բազմիցս օգտագործվել է; Զարմանալի է, որ այդ տարբերակը չեմ տեսել, որ քննարկվի: Ի՞նչ կասեն մեր փորձված տնտեսագետները;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930