Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Պարտադիր չէ, որ արխիվային բոլոր փաստաթղթերը թվայնացվեն»

Հուլիս 08,2015 15:50

«Արխիվային նյութերի թվայնացումը լուծում է երկու խնդիր՝ մարդիկ ավելի արագ են փնտրում, գտնում տեղեկությունը, եւ բնագիրը այլեւս չի օգտագործվում, չի վնասվում եւ նույնիսկ չի կորչում», – այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքերով, 2010 թվականից ի վեր թվայնացվել է մոտ 1 մլն փաստաթուղթ, սակայն ընդհանուր առմամբ արխիվում պահվում է 350 մլն-ը:

Պրն. Վիրաբյանը նշեց, որ թվայնացումը տարիների աշխատանք է, եւ պարտադիր չէ, որ բոլոր փաստաթղթերը թվայնացվեն: Հիմնականում թվայնացվում են այն փաստաթղթերը, որոնք այսօր ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, օրինակ՝ մարդկանց ծագման, տոհմածառի հետ կապված փաստաթղթերը, մարդահամարի տվյալները:

Պրն. Վիրաբյանը նաեւ նշեց, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ ստեղծվել է առցանց թանգարան, որն ընդգրկում  է այն ամենը, ինչ կապված է 1914-1918 թվականների հետ՝ առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցություն, հայոց ցեղասպանություն եւ Ֆրանսիայի օգնություն, միջազգային փաստաթղթեր եւ այլն:

«Մեզ համար արդիական է նաեւ Հայ եկեղեցու կալվածքների,  գույքի խնդիրը Օսմանյան Թուրքիայում: Մենք աշնանը հրապարակելու ենք փաստաթղթեր օսմաներենով, եւ դրանց հայերեն թարգմանությունը: Դրանք Հայ եկեղեցու գույքերի իրավական փաստաթղթերն են: Ժամանակին Օսմանյան Թուրքիայում այս եկեղեցիների հողերի, կալվածքների վերաբերյալ եւս տրվել են այսպիսի փաստաթղթեր, որոնք պահպանվել են արխիվում»:

Ամատունի Վիրաբյանի խոսքերով, այս տարի «Մեռոնօրհնություն» եկեղեցական արարողությանն ընդառաջ հրապարակվելու են արխիվում պահպանված մի շարք փաստաթղթեր՝  կապված այս եկեղեցական արարողության հետ:

 

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031