Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտնաբերվել եւ կալանավորվել է

Հուլիս 09,2015 14:00

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նրան կալանավորել են Կենտրոնի դատարանում. գործի քննությունը կվերսկսվի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Հերթական անգամ նա մեղադրվում է խարդախությամբ, զգալի չափերի հափշտակություն կատարելու, միասնական դիտավորությամբ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարության անունն օգտագործելու, նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու, գործընթացն արագացնելու, սուտ խոստումներ տալու, մի շարք տուժողներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար:

Տուժողներ են ճանաչվել Անուշ Աղաջանյանը, Ազգանուշ Մուշեղյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Հայկազ Մարտիրոսյանը, Նարեկ Մանուկյանը:

2014 թվականի հուլիսի 15-ին Սուրեն Սուրենյանցի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2014 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ նրան մեղադրանք է առաջադրվել:
Մեր աղբյուրի համաձայն, Սուրեն Սուրենյանցը խաբեության եղանակ օգտագործելով՝ առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձեւակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով, սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին եւ այդ նպատակով, 2014 թ. փետրվարին Երեւանի Պարոնյան 6 հասցեում, ապա «Գենաց վալե» ռեստորանի դիմաց նրանից վերցրել է, համապատասխանաբար՝ 400.000 եւ 800.000 ՀՀ դրամ գումար եւ խաբեությամբ հափշտակել ընդհանուր 1. 200.000 ՀՀ դրամ գումար։
Մեկ այլ դրվագով, նա ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու համար սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին, եւ 2014թ. փետրվարին Պարոնյան-6 հասցեում նրանից վերցրել է 500 ԱՄՆ դոլար գումարը։
ԱՄՆ դասընթացների պիտի «գործուղեր» նաեւ Նարեկ Մանուկյանին, որից խաբեությամբ ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար։

2014 թվականի օգոստոսի 26-ից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ամբաստանյալը դատական անդրանիկ նիստից առաջ դատարան էր ուղարկել հետեւյալ գրությունը. «Հոկտեմբերի 8-ին, ժամը 16:30-ին, Դուք նշանակել եք 178 հոդվածի հատկանիշներով հարուցված գործի դատաքննությունը, որում ես ունեմ ամբաստանյալի կարգավիճակ: Արդեն մի քանի օր է՝ ինձ մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ, ինչի հետեւանքով ունեմ բարձր ջերմություն: Առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ դատական այսօրվա նիստին իմ մասնակցելու համար, ուստի խնդրում եմ հարգելի համարել բացակայությունը»:

2014 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 10:30-ին նշանակված դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելով՝ ամբաստանյալ Սուրիկ Սուրենյանցը դարձյալ չի ներկայացել դատական նիստին եւ հոկտեմբերի 23-ին դատարան է մուտք եղել ամբաստանյալ Ս. Սուրենյանցի դիմումը հետեւյալ բովանդակությամբ. «Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 10:30-ին նշանակված է Ձեր վարույթում գտնվող քրեական գործով դատավարություն, որում ես անցնում եմ ամբաստանյալի կարգավիճակով: Ունեմ բրոնխիտ, բարձր ջերմություն, ինչի պատճառով չեմ կարող ներկա գտնվել դատական նիստին: Խնդրում եմ իմ բացակայությունը համարել հարգելի»:

Դիմումին կից ներկայացվել էր ռուսերեն տեղեկանք: Դատարանը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել 2014 թվականի նոյեմբերի 14-ին: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին: Դատարանը ժամը 13:15-ին ֆաքսի միջոցով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնից ստացել է հետեւյալ տեղեկանքը. «Այցելությամբ Ս. Սուրենյանցը բացակայում է տանից: Տանն է վերջինիս մայրը` Ջեմմա Գալստյանը, որը հայտնեց, որ իր որդին արդեն 1 շաբաթ է՝ բացակայում է տանից, գտնվում է Երեւանում, իսկ կոնկրետ հասցեն չգիտի»:

2014 թվականի նոյեմբերի 14-ին դարձյալ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ դատարանի հոկտեմբերի 24-ին կայացված բերման որոշումն ի կատար ածելու եւ Ս. Սուրենյանցին 2014 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին նշանակված դատական նիստին բերման ենթարկելու մասին:

2014 թվականի դեկտեմբերի 12-ին դատարանում ստացվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի կողմից ուղարկված բնակարան այցելելու մասին արձանագրությունը: Ըստ «Առավոտի» աղբյուրի. «Այցելության պահին Ս. Սուրենյանցը բացակայել է բնակարանից, իսկ վերջինի մայրը՝ Ջեմմա Գալստյանը, հայտնել է, որ իր տղան բացակայում է տանից եւ Երեւանում է»:

Ի վերջո, այս տարվա մարտի 24-ի դատական նիստի ընթացքում մեղադրող Ա. Մանուկյանը միջնորդել է ամբաստանյալ Սուրիկ Սուրենյանցի նկատմամբ հայտարարել հետախուզում, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ, գործով վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը, նկատի ունենալով, որ Սուրեն Սուրենյանցը խուսափում է քննությունից եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Տուժող Ա. Աղաջանյանը հայտնեց, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Դատարանը հաշվի առնելով, որ քրեական գործով ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշմամբ վերջինս պարտավորվել էր չփոխել բնակության վայրը, առաջին իսկ կանչով ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն խախտել է նշված պարտավորությունը, խոչընդոտել է դատական քննությանը, թաքնվել է դատարանից, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, քրեական գործի վարույթը կասեցրել էր մինչեւ քաղաքագետին հայտնաբերելը:

«Առավոտի» տեղեկություններով, նա հայտնաբերվել է, գործի քննությունը նշանակվել է հուլիսի 20-ին:

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031